Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ԱԺ-ում քննարկման ներկայացրեց «Հարկային օրենսգրքում» լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու նպատակով հիփոթեքային վարկի տոկոսները եկամտահարկից վերադարձնելու համակարգը վերանայել:
Եկամտահարկի վերադարձման համակարգը ներդրվել էր 2014-ին՝ տնտեսական ակտիվության մակարդակի, շինարարության ոլորտի աշխուժացման նպատակով՝ օժանդակելով բնակարանային ապահովվածության խնդրի լուծմանը: Տարիների ընթացքում օրենքում փոփոխություն արեցին, առավելագույն շեմ սահմանեցին 1,5 մլն դրամը, սահմանեցին, որ անձը կարող է եկամտահարկի վերադարձման համակարգից օգտվել միայն մեկ անգամ: 2020-ին պետությունը վերադարձրել է ավելի քան 5 մլրդ դրամ:
Հիմա առաջարկվում է սահմանափակում մտցնել ու ամրագրել, որ համակարգից օգտվելու համար Երեւանի առաջին գոտում գույք ձեռք բերելու համար անհրաժեշտ է, որ հիփոթեքային վարկը մինչեւ 2022-ի հուլիսի 1-ը ստացած լինեն, երկրորդ գոտու համար՝ մինչեւ 2023-ի հունվարի 1-ը, երրորդ գոտու համար վարկը պետք է ստացված լինի մինչեւ 2023-ի հուլիսի 1-ը: Այնուհետեւ մեկուկես տարի դադար է առաջարկվում:
Մնացած գոտիների համար վարկը պետք է ստացած լինեն մինչեւ 2025-ի հունվարի 1-ը: Որպեսզի արդեն ձեռնարկված շինարարական նախաձեռնությունները «սթրեսի» չենթարկվեն, արդեն ձեռք բերված շինթույլտվություններով նախագծերի դեպքում կգործի հին կարգը:
Մարզերի համար արտոնությունը կպահպանվի ամբողջությամբ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ