ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի 6-րդ արտահերթ նիստի օրակարգում այսօր կրկին հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն էր: Հիշեցնենք՝ Դոնթի բանաձեւով ընդդիմությանը բաժին հասած այս պորտֆելի շուրջ վեճը երկար պատմություն ունի. իշխող ուժը որեւէ կերպ չի հաշտվում ընդդիմադիր թեկնածուի՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածության հետ: Ընդդիմադիրներն էլ չեն փոխում թեկնածուին՝ պնդելով, որ իշխանությունը չի կարող իրենց օրակարգ թելադրել:
Այսօր հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության օրակարգով հրավիրված նիստում Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց:
Նիստի սկզբում Արթուր Ղազինյանը քննադատեց իշխանությանը՝ ստեղծված իրավիճակում այլ օրակարգ չունենալու համար:
Նա տեղեկացրեց, որ ընդդիմադիր պատգամավորներն այսօր, սահմանված կարգով, հանձնաժողովին էին դիմել նիստ հրավիրելու ժամը 13.00-ին, քննարկելու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, Սյունիքում տեղի ունեցող զարգացումները, որին պահանջել էին, որ ներկա լինեն պաշտպանության նախարարը, ԱԱԾ ղեկավարը եւ այլ պատասխանատու պաշտոնյաներ: Նշանակված ժամին պատգամավորները եկել են, սակայն նիստերի դահլիճի դուռը փակ է եղել: 13:20 ստացել են գրություն, որ պետք է ներկայացնեն ինչ-որ որոշման նախագիծ: Արթուր Ղազինյանն արձանագրեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի այն կետով, որով իրենք առաջնորդվել էին, չի սահմանվում որոշման նախագծի ներկայացում, եւ այդ պահանջը իշխանական շրջանակի կողմից որակեց հուսահատ փորձ՝ ԱԺ կանոնակարգ-օրենքի խախտումը արդարացնելու համար:
Կարդացեք նաև
Իր պահանջում ընդդիմությունը լինելու է հետեւողական: Արթուր Ղազինյանն ասաց, որ առաջիկայում դարձյալ պահանջ են ներկայացնելու՝ ընդդիմադիր պատգամավորների նախընտրելի օրակարգով եւ ժամին նիստ հրավիրելու. «Ի վերջո, այդ մարդիկ գալու են հանձնաժողով եւ բացատրություն են տալու, թե ի՞նչ է տեղի ունենում Սյունիքում»:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ինքը՝ հանձնաժողովի այլ անդամների հետ երկու օր առաջ եղել է Սյունիքում, որ հանձնաժողովի անդամներին արգելված չէ վերահսկողական գործառույթի շրջանակներում լինել այնտեղ, իսկ ընդդիմության բարձրացրած հարցերն ավելի շատ լսումների, հարցապնդումների օրակարգ են:
Գեղամ Մանուկյանը նախ ռեպլիկ նետեց, թե հասկանալի չէ ինչի՞ համար էին իշխանական պատգամավորները Սյունիք գնացել՝ ՏԻՄ մարմինների քարոզարշավին մասնակցելո՞ւ, լուսանկարվելո՞ւ, թե՞ այլ բանի համար, ապա տեղեկացրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո բազմաթիվ հարցեր՝ ուղղված տարբեր գերատեսչությունների, այդպես էլ պատասխաններ չեն ստացել, ստանալուն պես դրանց կանդրադառնան: Գեղամ Մանուկյանը հանձնաժողովի նախագահին մեղադրեց անգործության մեջ, ինչը Անդրանիկ Քոչարյանին բարկացրեց. նա ընդդիմությանը մեղադրեց անգործության համար:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ինչ վերաբերում է օրակարգային՝ հանձնաժողովի նախագահի ընտրության հարցին, Արթուր Ղազինյանը հայտարարեց. «Ունեք քաղաքական որոշում և քաղաքական հրահանգ ձեր ղեկավարից՝ իմ թեկնածությանը դեմ քվեարկելու։ Հետևաբար, ինքնանպատակ հարցուպատասխանի, ինքնանպատակ արձագանքների, ելույթների մասով, օրակարգում իմ մասնակցությունը նպատակահարմար չէ»: Ըստ նրա, այս հարցը գտնվում է իշխանության պատասխանատվության տիրույթում. «Քվեարկողն էլ եք դուք, չքվեարկողն էլ։ Այս ընթացակարգով մեզ համար այսուհետ այս օրակարգը սպառված է, իշխանությունը չի կարող ընդդիմությանը ստիպել ենթարկվելու իր պահանջներին, փոխել թեկնածուին և «Հայաստան» խմբակցությունն այս պաշտոնը չի զիջելու իշխանությունը։ Հետևաբար, ձեզ թողնում եմ մենակ ձեր որոշումը կայացնելու հարցում»:
Հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորները լքեցին դահլիճը:
«Դուք արդեն ոչ թե խրամատային, այլ պարտիզանական շարժում եք սկսել»,- ընդդիմադիրների ետեւից բղավեց Անդրանիկ Քոչարյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ