Արդարադատության նախարարի տեղակալներ Քրիստիննե Գրիգորյանն ու Երանուհի Թումանյանցն այսօր ընդունել են Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Դեյվիդ Քյուլլենի գլխավորած պատվիրակությանը:
Այցի նպատակը դեկտեմբերին կայանալիք գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն են, մասնավորապես՝ տնտեսական ներդրումների և համագործակցության ոլորտների նախանշման ուղղությամբ:
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Քրիստիննե Գրիգորյանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցության մակարդակը ինչպես Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, այնպես էլ ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրի շրջանակում և ընդգծել, որ համագործակցությունը դատաիրավական ոլորտից բացի ներառում է նաև ոստիկանության ոլորտի բարեփոխումները:
Նախարարի առաջին տեղակալը նշել է նաև ԱԺ կողմից հաստատված Կառավարության ծրագիրը՝ ընդգծելով, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող բարեփոխումները լավագույնս արտացոլված են Կառավարության հնգամյա ծրագրում:
Կարդացեք նաև
Դեյվիդ Քյուլլենը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և, կիսվելով Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված տեղեկություններով, նշել է, որ տպավորված է դատաիրավական բարեփոխումների ոլորտում Հայաստանի ներգրավվածության մակարդակից:
Գործընկերների հարցմամբ, փոխնախարար Գրիգորյանը ներկայացնելով համագործակցության առաջնահերթությունները, ընդգծել է պատերազմի և համավարակի հետևանքներով երկրի համար առաջացած մարտահրավերները, ինչպես նաև անդրադարձել Հակակոռուպցիոն դատարանի ձևավորման գործընթացին ու նախանշել համագործակցության հնարավոր ուղիներն այս հարցում:
Փոխնախարարը անդրադարձել է նաև Գլխավոր դատախազության կազմում արդեն գործող Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության գործունեությանը, էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման գործընթացում ձեռնարկվող քայլերին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն և դատաիրավական բարեփոխումների օրակարգի մի շարք այլ հարցերի:
Հադիպման ավարտին կողմերրը սերտ համագործակցությունը շարունակելու բարձր պատրաստակամություն են հայտնել:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն