Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը հետաձգեց Արմեն Գեւորգյանի անձեռնմխելիության ճանաչմանը վերաբերող միջնորդության լուծումը

Հոկտեմբեր 05,2021 15:21

Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատավարությունը:

Արմեն Գեւորգյանի շահերը ներկայացնում են փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաեւը եւ Լուսինե Սահակյանը, որը պաշտպանություն է իրականացնում ընթացիկ մեղադրանքին վերաբերող մասով։

Լուսինե Սահակյանն ասաց, որ գործի նյութերը չի ստացել էլեկտրոնային փոստով, դրանք ստացել է փոստով՝ հոկտեմբերի 1-ին, եւ ոչ բոլոր նյութերը, եւ երկու օրում չէր կարող ծանոթանալ այդ ծավալի նյութերին։ Դատավոր Աննա Դանիբեկյանն առարկեց՝ նյութերն ուղարկվել են էլեկտրոնային փոստով սեպտեմբերի 28-ին։ Լուսինե Սահակյանն առաջարկեց ցույց տալ իր էլեկտրոնային փոստը, եւ տեսնել, որ նյութերը չի ստացել։ Դատավորը ճշտելով փաստաբանի էլ․հասցեն, պնդեց՝ այդ հասցեին ուղարկվել են նյութերը եւ դրանց ծանոթանալու համար բավարար ժամանակ է հատկացվել։ Ընդ որում, ըստ դատավորի, գործի ամբողջ ծավալին ծանոթանալու անհրաժեշտություն չկար, այլ՝ միայն այն մասին, որը վերաբերում է Արմեն Գեւորգյանին։

Դատարանը մերժեց փաստաբանին մի քանի օր տրամադրել՝ նյութերին ծանոթանալու համար։

Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց ճանաչել Արմեն Գեւորգյանի բացարձակ անձեռնմխելիությունը եւ ապահովել նրա մշտական ներկայացվածությունը ԵԽԽՎ-ում՝ հայկական պատվիրակության կազմում։

Պաշտպանի ներկայացմամբ՝ ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամ լինելը ենթադրում է պատգամավորի անձեռնմխելիություն, իսկ անձեռնմխելիությունից զրկելու դեպքում պետք է նաեւ ԵԽԽՎ-ի համաձայնությունը։

Դատարանը խնդրեց պարզաբանել, թե ի՞նչ նկատի ունի պաշտպանն, ասելով՝ ճանաչել անձեռնմխելիությունը, դատարանից ի՞նչ գործողություններ է ակնկալվում։

«Հատուկ մեջբերել եմ բանաձեւի համապատասխան կետը՝ իրավասու ազգային դատարանի պարտականությունն է ճանաչել, որ ԵԽԽՎ ներկայացուցիչը կամ նախկին ներկայացուցիչն օգտվում է բացարձակ անձեռնմխելիությունից։ Ձեզանից հասնում է ճանաչել, որ Արմեն Գեւորգյանն օգտվում է այդ անձեռնմխելիությունից։ Հաջորդը՝ ապահովել նրա մշտական անարգել, ազատ տեղաշարժման հնարավորությունը։ Նախկինում Արմեն Գեւորգյանը ներկայացրել էր, թե ինչ հարցեր են քննարկվելու, ինչ հարցեր էր բարձրացնելու վեհաժողովի նստաշրջանում, որին մասնակցելու հնարավորություն չունեցավ, եւ որքան կարեւոր է, որ հատկապես ընդդիմադիր ներկայացուցիչը հարցերը բարձրացնի»,-ասաց փաստաբանը։

Ապա դատավորը հարցրեց՝ ձեր պատկերացմամբ՝ բացարձակ անձեռնմխելիությունն ի՞նչ է ներառում իր մեջ, ինչին ի պատասխան Լուսինե Սահակյանն ասաց, որ միջազգային ամբողջ փաստաթղթերը չի մեջբերի․«Բայց դուք իրավունք չունեք դատելու եւ ասելու՝ ա՛յ սա ներառում է, սա՝ չի ներառում։ Մենք չենք ասում՝ սահմանեք՝ ներառում է սա, թե՝ ոչ։ Դուք պետք է հաստատեք նրա բացարձակ անձեռնմխելիությունը, որը փաստաթղթերից է մեջբերվել»։

Իսկ քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությունը ներառվո՞ւմ է այդ հասկացության մեջ, հարց ուղղեց դատավորը։ Փաստաբանը չպատասխանեց։

Դատավորի մեկ այլ հարցի՝ իսկ անձեռնմխելիության ճանաչման ընթացակարգը ո՞ր իրավական նորմերով է նախատեսված, փաստաբանը պատասխանեց՝ եթե ՀՀ-ն միջազգային պարտավորություն է ստանձնել եւ համապատասխան ընթացակարգ չի սահմանել ներպետական օրենսդրությունում, դա ոչինչ չի նշանակում, նա պետք է ղեկավարվի այն փաստաթղթով, որը մեջբերել է։

Արմեն Գեւորգյանն էլ ասաց՝ մինչ դատարանը քննարկում է միջնորդությունը, իր էլ․հասցեին ԵԽԽՎ-ից հիշեցում է ստացել, որ որպես ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովի անդամ պարտավոր է ներկայացնել իր հայտարարագիրը, բացի այս, ամսի 1-ին նախատեսված են նիստեր եւ այլն․ «Ես, որպես պատգամավոր, դիմել եմ ԵԽԽՎ համապատասխան ղեկավար մարմիններին՝ ներկայացնելով այս իրավիճակը։ Սա արդեն ներպետական խնդիր չէ, սա դառնում է այդ միջազգային կառույցի քննարկման առարկա»։

Դատարանը որոշեց միջնորդության մասին որոշումը հետաձգել, քանի որ, ինչպես Աննա Դանիբեկյանն ասաց, ԱԺ մի խումբ պատգամավորներ դիմել են ՍԴ՝ պատգամավորի անձեռնմխելիության հարցով, եւ դատարանի որոշումը կլինի ՍԴ որոշումից հետո։

Իսկ Արմեն Գեւորգյանի՝ ՀՀ-ից մեկնելու տեղաշարժման հարցը դատարանը կքննարկի մեկնելու յուրաքանչյուր դեպքում։

«Ի՞նչ կապ ունի ԱԺ պատգամավորի անձեռնմխելիությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցչի անձեռնմխելիության հետ, սրանք տարբեր անձեռնմխելիություններ են։ ՍԴ-ում չկա դիմում ԵԽԽՎ-ի ներկայացուցչի անձեռնմխելիության վերաբերյալ»։ Դատարանն այս հարցին հավելյալ պարզաբանում չտվեց։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031