Ընդդիմությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում, որպես միասնական թեկնածու, առաջադրել է Արա Նռանյանին:
Նրա կենսագրությունը ԱԺ-ում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Քանի որ ընդդիմադիրները բողոքում էին ԱԺ օրակարգից, ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանը հարցրեց. «Ձեր խմբակցությունում բոլորը հա՞շտ են, որ այսօր օրակարգում քննարկվում է այս հարցը»: Լիլիթ Գալստյանը պատասխանեց, որ եթե հաշտ չլինեին, համատեղ որոշում չէին ընդունի ու այդ հանձնաժողովը պետք է գործի՝ հանուն ՀՀ շահի:
Արա Նռանյանն իր ելույթում խոսեց Հայկական ատոմակայանի մասին: Նա նշեց, որ որոշ ներդրումների պարագայում մեծ է հավանականությունը, որ կարողանանք շահագործումը երկարաձգել մեկ անգամ եւս. «Սակայն հենց այսօր պետք է մտածենք նոր հզորությունների մասին: Ատոմակայանը արտադրում է մեր էլեկտաէներգիայի մինչեւ 40%-ը: Պետք է լինենք իրատես՝ առաջիկա տարիների համար ավանդական էներգետիկան այլընտրանք չունի: Նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ սեպտեմբերի 30-ին հայտարարվեց, որ ՌԴ-ն Ղազախստանում նոր ատոմակայան է կառուցելու, նաեւ Թուրքիայի նախագահը առաջարկ է արել ՌԴ-ին եւս երկու ատոմակայան կառուցել: Այսինքն, պրոցեսը ատոմակայանների վրա շեշտը դնելու շարունակվում է ու դա լավ միջավայր է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու համար»:
Կարդացեք նաև
Նռանյանն ասաց, որ առաջիկա տարիներին Հայաստանը պետք է մտածի քաղաքային տրանսպորտը էլեկտրական դարձնելու մասին. «Սա նշանակում է, որ առաջիկայում մենք կանգնելու ենք մեր այսօրվա էներգետիկ հզորության առնվազն կեսի չափով նոր հզորությունների ստեղծման խնդրի առջեւ»:
Խոսելով գազի գնի մասին՝ Արա Նռանյանն ասաց, որ գազի գնի ազատականացման մասով պետք է զգույշ լինել, ավելի ճիշտ է գնալ էներգետիկ կայունության:
Ջրային ոլորտին անդրադառնալով՝ Նռանյանն ասաց, որ ըստ մասնագետների, Հայաստանում ջուրը հոսում է ոչ համապատասխան ջրատարներով ու 70%-ը ջրի կորում է. «Մենք ուրիշ խնդիր էլ ունենք՝ հավաքագրման մասին է խոսքը: Ասում են՝ քաղաքացին չի կարող վճարել: Այդ նույն քաղաքացին գազի համար վճարում է, էլեկտրաէներգիայի համար վճարում է, կենցաղային ջրի համար վճարում է: Ունեինք կորուստներ: Վերջին տարիներին կորուստները նվազել են: Բայց ոռոգման ջրի մասով չկա հավաքագրում»:
Նռանյանն ասաց, որ եթե այսօր մտածենք ծառ կտրենք, ջուր տանենք, կորուստը պետական պահից չի բխում, ապագա սերունդներին ոչինչ չենք թողնելու:
Իշխանականները գոհ էին Նռանյանի զեկույցից ու հայտարարում էին, որ կողմ են քվեարկելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ