Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտության էջը փակելու, արժանապատիվ խաղաղություն ունենալու և զարգացման էջ բացելու համար պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր իշխանություն. Անդրանիկ Թևանյան

Հոկտեմբեր 05,2021 15:07

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ելույթը՝ 44–օրյա պատերազմի պատճառների, պարտության ու ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին

Հարգելի՛ հայրենակիցներ,

Արդեն մեկ տարի է՝ մենք ապրում ենք այլ Հայաստանում։ Սա այն նոր Հայաստանը չէ, որը մեզ խոստացվում էր 2018-ին։

Սա ոչ հին, ոչ էլ նոր, այլ դեպի կործանման գնացող Հայաստանն է, որն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ։ Եվ նույնիսկ ինքն իր անվտանգության երաշխավորը չէ։

Սա պատերազմում պարտված Հայաստանն է։ Սա հպարտ որակված քաղաքացիներին դեպի պարտություն, դեպի մահ, դեպի գերություն, դեպի անապագա երկիր տանող իշխանության ձեռքում հայտնված Հայաստանն է։

Այս պատերազմն ու պարտությունը մեր գլխին բերեց ոչ թե «Ապագայի», այլ «Պարտության» կուսակցությունն՝ իր առաջնորդով:

Անխուսափելի՞ էր արդյոք պատերազմը։ Իհա՛րկե, ո՛չ։

Պատերազմը սկսվեց և պարտությունը կանխորոշվեց հետևյալ հիմնական պատճառներով։

Առաջին

Փաշինյանը 2018–ի մայիսի 9–ին հայտարարեց, որ չի բանակցելու Արցախի անունից, քանզի չունի մանդատ, ու թող պաշտոնական Ստեփանակերտը նստի բանակցությունների։ Դա չընդունվեց միջնորդների ու Ադրբեջանի կողմից։ Հայաստանն այդպիսով մնաց մենակ։

Փաշինյանը, հայտարարելով, որ բանակցում է իր սեփական զրոյական կետից և մերժելով նախորդ պայմանավորվածությունները՝ փաստացի ազատեց Բաքվի ձեռքերը պատերազմ սկսելու համար։

Ավելին՝ իր տարօրինակ պահվածքով Հայաստանի ղեկավարը հեղինակազրկեց միջնորդներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային՝ փաստացի հնարավորություն տալով Թուրքիային ու Ադրբեջանին հայտարարել, թե, իբր, հայկական կողմի պատճառով է, որ բանակցային գործընթացը վերջին 25 տարիների ընթացքում տեղից չի շարժվել:

Երկրորդ

2018–ի իշխանափոխությունից հետո հետևողականորեն փչացվեցին հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունները։ Դա դրսևորվեց ՀԱՊԿ–ի դեմ արշավով, անձամբ Պուտինի ու Լավրովի դեմ քայլերով, ներքին կյանքում քաղաքական հետապնդումներով, որոնք նաև հակառուսական վեկտոր էին պարունակում, Հայաստանի ղեկավարի հայտարարություններով, Երևանի վարած կադրային քաղաքականությամբ, Բոլթոնի պլանին «այո՛» ասելով։

Հայ–ռուսական հարաբերությունների վատացմանը շատ երկար էին սպասել Անկարայում։ 2018-ի իշխանափոխությունը հնարավորություն տվեց Թուրքիային մտնել խաղի մեջ, իսկ Ադրբեջանին՝ ստեղծել հակահայկական ռազմական կոալիցիա։

Երրորդ

«Վերելակային» դիվանագիտությամբ ոչնչացվեցին Վիենայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված ինստիտուցիոնալ ու միջազգային ուժերով երաշխավորված համաձայնությունները, որոնք վերաբերում էին սահմանային միջադեպերի մոնիտորինգին։

Ալիևը Փաշինյանի հետ բանավոր պայմանավորվածության եկավ ու չկրակեց։ Այդ հարաբերական անդորրի կարճատև շրջանն Ադրբեջանի ղեկավարն օգտագործեց շփման գծի ողջ երկայնքով ինժեներական աշխատանքներ իրականացնելու և պատերազմին պատրաստվելու համար, իսկ Փաշինյանը՝ մեր երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու փոխարեն, պառակտեց մեր ժողովրդին, ներքին պատերազմ սկսեց Հայաստանում իր քաղաքական հակառակորդների դեմ։

Կատարվեց թուրքերի վաղեմի երազանքն, ըստ որի՝ Հայաստանին ու Արցախին կարելի է հաղթել միմիայն հայերին իրար դեմ հանելու և հայ–ռուսական հարաբերությունները փչացնելու միջոցով։

Չորրորդ

2020–ի հուլիսին տեղի ունեցած Տավուշյան ռազմական միջադեպն այնպես քարոզվեց ու հանուն մեկ մարդու փիառի այնպես ներկայացվեց, որ Ադրբեջանի համար առաջացավ կազուս–բելի՝ անխուսափելի պատերազմ սկսելու առիթ։

Տավուշյանն անտեղի ու արհեստականորեն համեմատվում էր ապրիլյան քառօրյայի հետ ու նշվում, որ ի տարբերություն 2016–ի՝ 2020–ին հայկական բանակը ջախջախեց ադրբեջանցիներին, քանի որ ռազմագործողություններն անձամբ Նիկոլ Փաշինյանն է ղեկավարել։ Այս ամենը Բաքվում քաղաքական ճգնաժամ առաջացրեց։ Ճգնաժամ, որը հաղթահարելու համար Ալիևը ստացավ «լեգիտիմ» իրավունք՝ Թուրքիային օգնության կանչելու համար: Նախկինում նման բան հնարավոր չէր։

Եթե նախկինում Ալիևի ցանկությունը Թուրքիային օգնության կանչելու հարցում մերժում էր ստանում Մոսկվայի կողմից, ապա 2020-ին Ալիևի փաստարկներին Մոսկվան չէր կարող հակազդել, քանզի «թավշյա» Հայաստանը Մոսկվային էլ էր ծաղրում և հակադրվում:

Ի դեպ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը համոզմունք էր հայտնում, որ Թուրքիան չի միջամտի պատերազմին։ Տեսնես որտեղի՞ց այդ համոզմունքը։

Հինգերորդ

Պատերազմը հետևանք էր նաև այն բանի, որ Երևանն Արցախի հարցով սպասումներ էր առաջացրել Բաքվի մոտ ու տվել խոստումներ։ Ալիևից ժամանակ էր խնդրվել՝ ներքաղաքական դաշտում ամրապնդվելու և դրանից հետո միայն զիջումներ կատարելու համար։ Այդ մասին պատերազմի նախաշեմին հայտարարեց Ադրբեջանի ղեկավարը։ Երևանից դա չհերքեցին։ Խոստացան պատասխանել, բայց այդ ենթադրյալ պատասխանը պարունակող և Ադրբեջանի ներքին կյանքն, իբր, ցնցող վարչապետի հարցազրույցն այդպես էլ Հ1–ով եթեր չգնաց։ Այս պատերազմն, ըստ այդմ, դարձավ նաև երկու մարդու անձնական հարաբերություններում և իշխանական աթոռի պահպանման հարցով առաջացած սուր կոնֆլիկտի հետևանք։

Հարգելի՛ հայրենակիցներ

Ահա սրանք են այն հիմնական պատճառները, որոնք բերեցին պատերազմ ու պարտություն։

Պարտության էջը փակելու, արժանապատիվ խաղաղություն ունենալու և զարգացման էջ բացելու համար պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր իշխանություն։ Պատերազմ ու պարտություն բերածները երբեք չեն կարող խաղաղություն հաստատել: Սա քաղաքագիտական կանոն է, ինչը կարող է չհասկանալ մեր ժողովրդի մի փոքր հատվածը, սակայն եթե մեր ժողովրդի մեծ մասը սա չհասկանա, ապա Արցախի պետականության կորստին կհաջորդի Հայաստանի պետականության կորուստը, ինչը չի կարելի թույլ տալ։

Մեզ նոր որակի երկիր է պետք, որը կկառուցենք միասի՛ն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031