Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցադրվում է Կոմիտասի՝ տարբեր արխիվներում պահվող ամբողջական գրադարանը

Հոկտեմբեր 05,2021 16:23

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Կոմիտասի գրադարանը. եվրոպական լեզուներով գրականություն» խորագրով ցուցադրությունը: Ցուցադրության համադրող Մարինե Հարոյանի խոսքով, առաջին բանը, որ դիտողին զարմացնում է՝ Կոմիտասի մասին մասնագիտական մեծ ընդգրկումն է` երաժշտագիտության, երաժշտության պատմության, հարմոնիայի եւ մնացած այլ բնագավառների վերաբերյալ վարդապետի գրադարանում շուրջ 500 կտոր գիրք կա:

«Հաջորդ կարեւոր փաստը, որ խոսում է Կոմիտաս ընթերցողի մասին, այն է, որ գրքերի մեծամասնությունը ստորագրված է: Ինքը գիրքը գնելիս նշել է օրը եւ վայրը: Դա նշանակում է, թե ինչ կարեւոր իրադարձություն է եղել իր համար գրքի ձեռքբերումը: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ գրքերի մեծ մասը Կոմիտասը ձեռք է բերել Գերմանիայում ուսանելու տարիներին, որտեղ ապրում էր փոքրիկ նպաստով, որը չէր բավականացնում անգամ սնվելուն, ձեզ համար պարզ կլինի, թե ինչ արժեք ուներ գիրքը Կոմիտասի համար»,-ասաց տիկին Հարոյանը:

Նա հավելեց, որ այս ցուցադրությունը նպատակ ունի հանրությանն առաջին անգամ ներկայացնել Կոմիտասի՝ տարբեր արխիվներում պահվող ամբողջական գրադարանը, ինչպես նաև ժամանակակիցների հուշերի և վավերագրերի հիման վրա վերականգնել Վարդապետի գրադարանի կորսված մասը:

Տիկին Հարոյանն ասաց, որ Կոմիտասի գրադարանը մինչեւ հիմա չի ենթարկվել ոչ մշակութաբանական, որ մատենագիտական, ոչ էլ անգամ երաժշտագիտական ուսումնասիրության:

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն ասաց, որ այս նախաձեռնությունն ավելին է, քան միջթանգարանային կապերն ու առնչությունները, եւ հարազատությունը Կոմիտասի թանգարանի հետ այնքան պատմություն ունի, որքան պատմություն ունի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: «Կոմիտասի անձնական գրադարանը ներկայացնող ցուցադրության շնորհիվ ուսումնասիրողն առաջին հերթին տեսնում է Կոմիտաս գիտնականին, թե ինչպես է նա հետեւողականորեն ուսումնասիրել հայ եւ համաշխարհային երաժշտարվեստը…Կոմիտասը հիմնավորեց, որ ամենամնայուն ու կենսունակ արվեստը հենց ժողովրդականն է, իսկ մնացածը կենսունակ են այնքանով, որքանով սնվում են ժողովրդական արվեստից»,-հավելեց Կարո Վարդանյանը:

«Կոմիտաս վարդապետի թանգարանի մշտական եւ ժամանակավոր ցուցադրությամբ նոր նշաձող է սահմանված հայկական թանգարանային իրականության մեջ, որտեղ մենք կարողացել ենք բարձր եւ նոր որակով ներկայացնել թանգարանային գործը»,-ասաց իր թիմի հետ միասին դիզայնի վրա աշխատած Սարհատ Պետրոսյանը:

Հավելենք, որ Կոմիտասի գրադարանը բաղկացած է հայերեն, ռուսերեն, գերմաներեն, հունարեն, ֆրանսերեն, իտալերեն, պորտուգալերեն գրքերից: Այն ներառում է հարմոնիայի, պոլիֆոնիայի, ձայնամարզության, դաշնամուրային նվագի, գործիքագիտության, կոմպոզիցիայի, խազաբանության, երաժշտական երկի ձևի ու բովանդակության, դիրիժորական ու խմբավարական արվեստի մասին ուսումնական ձեռնարկներ, երաժշտության պատմությանը նվիրված աշխատություններ, ինչպես նաև երաժշտական բառարաններ, ամսագրեր։

Ցուցադրությունը բաղկացած է հետեւյալ բաժիններից` Կոմիտասի հեղինակած գրքեր, Կոմիտասի ձեռագիր նշումներով գրքեր, ընծայագրված գրքեր՝ հայ և օտար հեղինակների կողմից, նոտաներ, այդ թվում՝ հայտնի օպերաների կլավիրներ, տարբեր ժողովուրդների ավանդական երգերի ժողովածուներ, հայ և օտարալեզու մամուլ, որտեղ տպագրվել են Կոմիտասի հոդվածները, մանկական երաժշտական գրականություն եւ Կոմիտասի վերականգնված գրադարանը:

Վերջին բաժնում ներկայացված են այն գրքերը, որոնք մեզ չեն հասել, բայց Կոմիտասի նամակներում, ժամանակակիցների հուշերում և արխիվային վավերագրերում կան դրանց մասին հիշատակումներ: Ցուցադրության մեջ առկա է հատուկ առանձնացված ընթերցասրահ, որտեղ այցելուն կարող է ծանոթանալ Կոմիտասի մասին գրականությանը, իսկ մասնագետներին, նախապես մշակված կարգով, երաժշտական գրադարանի աշխատակիցների հսկողությամբ, թույլ կտրվի օգտվել Կոմիտասի գրադարանից:

«Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանն այս ամենը պահպանում էր եւ գիտական շրջանառության էր դրված: Մեր խնդիրն էր այն լայն հասարակությանը ներկայացնելը: Գաղափարը, որ գրադարանը հասանելի դառնա մեր աշակերտներին եւ ուսանողներին եւ ուսումնասիրողներին, առաջին անգամ է նման ծավալով ներկայացվել»,-ասաց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը:

Գիտաշխատողներից Լիլիթ Հարությունյանն էլ ընդգծեց, որ ցուցադրվող նյութը մի ահռելի դաշտ է ուսումնասիրողի համար: Նրա խոսքով, կոմիտասագիտության տեսանկյունից հնարավոր է հստակեցնել Կոմիտասի հետաքրքրությունների շրջանակը, այն ամենը, ինչը նպաստել է իր կայացմանը:

Հավելենք, որ ցուցադրությունը համատեղ իրականացնում են Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակությունն ու ՅՈՒՆԻՔ Հայաստանյան կլաստերը: Ցուցադրությունն իրականացվում է Գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական ժառանգության օրերի և Եվրոպական լեզուների օրվա շրջանակում։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031