«Մեր գլխավոր խնդիրը նրանում է, որ Հայաստանը գերիների, ռազմագերիների վերադարձի հարցը քննարկում է Ադրբեջանի առաջ քաշած նոր պահանջների շրջանակներում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպման օրակարգի մասին հարցին եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ պատրաստ է Ալիևի հետ հանդիպմանը գնալ եւ իր հետ տանել ականապատված տարածքների բոլոր քարտեզները ու փոխանակել դրանք գերիների հետ։
«Մեր գլխավոր խնդիրը սկսում է նրանից, որ նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարության մեջ պետք է ամրագրվեին գերիների և ռազմագերիների վերադարձին վերաբերող ժամկետներ, ճիշտ այնպես, ինչպես դրանք սահմանված էին տարբեր շրջաններ Ադրբեջանին հանձնելիս. Քարվաճառի, Քաշաթաղի եւ Ակնայի հանձնումն էր, որը կոնկրետ այդ փաստաթղթով ամրագրված էր ժամկետով: Հայաստանի իշխանությունը կամ չի մասնակցել փաստաթղթի քննարկմանը, կամ առաջնային չի համարել այդ խնդրի շուտափույթ կարգավորումը, ժամկետային որևէ ամրագրում չի առաջարկել եռակողմ հայտարարության մեջ: Եվ ստեղծված իրավիճակում Ադրբեջանը գերիների մի մասի վերադարձը հետպատերազմյան իրավիճակում իրականացրել է նոր նախապայմանների և Հայաստանի նկատմամբ նոր ճնշումների առաջադրման պայմաններում», – ասաց Տիգրան Աբրահամյանը:
Այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջին շրջանում սկսել է խոսել Ադրբեջանի եւ Հայաստանի ուղիղ շփումների ու համաձայնությունների մասին, նշանակո՞ւմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի մերժում: Տիգրան Աբրահամյանը նկատեց, որ Ադրբեջանի նպատակն, առհասարակ, տարածաշրջանում Թուրքիայի դերի բարձրացումն է եւ նման ուղերձների փոխանակման իրական նպատակը տարածաշրջանային գործընթացներում ՌԴ-ին Թուրքիայով փոխանակելն է: Միաժամանակ, բանախոսի գնահատմամբ, Ադրբեջանն աշխատում է ՌԴ-ի հետ՝ ցույց տալով, թե Հայաստանում կա իշխանություն, որը ևս նպաստում է ռուսական ազդեցության թուլացմանը:
Ինչ վերաբերվում է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, ընդդիմադիր պատգամավորը կարեւոր է համարում Իրանի պաշտոնական այն հայտարարությունը, որ ՀՀ տարածքային ամբողջականությունն իր համար կենսական է, ուստի, կարծում է, որ Իրանի հետ պետք է աշխատել՝ գտնելով շահերի համընկնումները եւ զարգացնել դրանք՝ վերածելով իրավապայմանագրային դաշտի: Միաժամանակ, այս հարցում ևս, նա կարեւորում է ՌԴ-ի հետ զուգահեռ աշխատանքը՝ բացի համատեղ օրակարգից:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ