Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է վերջ տա Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին. Ալիև

Հոկտեմբեր 05,2021 14:01

Հայաստանը պետք է դադարեցնի տարածքային հավակնություններն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ջաբրայիլում:

«Հայաստանի մնացած բոլոր հավակնությունները պետք է աստիճանաբար դադարեցվեն… նրանք պետք է հրաժարվեն առասպելաբանությունից: Նրանք պետք է հրաժարվեն «Մեծ Հայաստանի» մասին երազանքներից: Նրանք պետք է հրաժարվեն հայկական առասպելական պատրանքներից՝ «ծովից-ծով»-ից: Նրանք պետք է հրաժարվեն և կհրաժարվեն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնություններից: Այլ ճանապարհ չկա: Մենք կստիպենք նրանց դա անել»,- ասել է Ալիևը:

Նա նաև զգուշացրել է բոլոր նրանց, որոնց կարծիքով պատերազմից հետո Հարավային Կովկասում իրավիճակ չի փոխվել:

«Եթե որևէ մեկը մտածում է, որ պատերազմն ավարտվել է, և ամեն ինչ կվերադառնա իր հունին, նրանք սխալվում են: Պատերազմն ավարտվել է, մենք հաղթել ենք, մենք ստեղծել ենք նոր իրողություն, բոլորը պետք է հաշտվեն և կհաշտվեն նոր իրականության հետ»,- ասել է նա:

Ալիևը հերթական անգամ շեշտել է, որ Բաքուն թույլ չի տա որևէ սադրանք Հայաստանի կողմից:

«Դա մեր օրինական իրավունքն է. եթե մենք սպառնալիք տեսնենք, եթե մենք տեսնենք վտանգի թեկուզ ոչ մեծ դրսևորում, մենք կկատարենք անհրաժեշտ քայլեր, և ոչ մեկ չի կարողանա մեզ կանգնեցնել: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանի հովանավորները տարբեր միջոցներով փորձում էինք խոչընդոտել մեր գործին. Մեկը՝ հայտարարություններով, մյուսը՝ գործնական օգնություն ցուցաբերելով: Դա չօգնեց, և հետագայում էլ չի օգնի»,- ասել է նա:

Միաժամանակ, Ալիևը հայտարարել է, որ Բաքուն ողջունում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանից եկող հայտարարությունները:

«Մենք սատարում ենք վերջին շրջանում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հնչող հայտարարությունները: Մենք բացահայտ հայտարարել ենք, որ սատարում ենք դրանք: Մենք կարծում ենք, որ դրանք շատ անհրաժեշտ են տարածաշրջանի համար»,- ասել է նա:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031