Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գեղամ Նազարյանը տեղից բղավեց. «Դու քո ասածին չե՛ս հավատում». ՔՊ-ականները հիշեցնում են Սերժ Սարգսյանի խոսքերը՝ Աղդամը մեր հայրենիքը չէ

Հոկտեմբեր 05,2021 13:52

ԱԺ-ում բանավեճ սկսվեց այն բանից հետո, երբ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը հերքեց վարչապետի այն միտքը, թե իբր 2010թ․ ՀՀ ԱԺ ընդունած «Վարչատարածքային բաժանման մասին օրենքով» պետական սահմանն է որոշվել ու այնտեղ է արձանագրված, որ Շուռնուխի եւ Որոտանի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին:

Արծվիկ Մինասյանը հորդորեց իշխանություններին, որ եթե կարծում են՝ ՀՀ պետական սահմանն այդ օրենքով է որոշվել ու այդ տարածքները վերագրվել Ադրբեջանին, թող պետական դավաճանության համար քրգործ հարուցեն այդ օրենքին «կողմ» քվեարկած պատգամավորների նկատմամբ:

ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն իր ելույթում ասաց, որ ընդդիմությունը փորձում է արդարանալ, պաշտպանվել իրենց արածների համար. «Ինչ են նրանք արել իրենց ընդունած օրենքով՝ արձանագրել են, ուղերձ են հղել, որ Շուռնուխից այն կողմ Ադրբեջանի հանրապետությունն է, նրանք այդ եղանակով ուղերձ են հղել բոլորին, այդ թվում՝ Ալիեւին, որ այդ խորհրդարանի համար, իշխանության համար  Շուռնուխից արեւելքը հոգեբանորեն նվազագույնը կամ այլ առումներով Ադրբեջանի հանրապետությունն է»: Գեղամ Նազարյանը տեղից սկսեց բղավել՝ «դու քո ասածին չե՛ս հավատում»:

«Հավատո՛ւմ եմ»,- արձագանքեց Պապոյանը: Նա ասաց, որ այդ օրենքն ընդունողները ընդունել են նաեւ, որ սահմանից արեւելք՝ Քարվաճառը, Լաչինը իրենց համար Ադրբեջանի հանրապետություն է, ինչպես 2001-ին Սերժ Սարգսյանն է նշել ԱԺ-ում, որ Աղդամը մեր հայրենիքը չէ: Տրամաբանությունը չի փոխվել:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Ռուբեն Ռուբինյանին, որը փաստել էր՝ պետական սահմանը չի որոշվում «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով. «Մի հատ կինո կա, ասում է՝ անգիտությամբ կչալե»: Նա մեջբերում կարդաց վիճարկվող օրենքից՝ «Վարչատարածքային բաժանման մասին», որտեղ գրված է, որ Շուռնուխից արեւելք Ադրբեջանի հանրապետությունն է: Խաչատրյանը հարցրեց՝ գրվա՞ծ է ինչքան արեւելք, կորություն կա, հեռավորություն կա, կարող է արեւելք՝ մինչեւ Քուռ գետ, կամ մինչեւ Հնդկաստան:

Արթուր Խաչատրյանն ասաց, որ եթե նոր իշխանությունը այդ օրենքի պնդումները չէր ընդունում, վերջապես կարող էր փոխել, իշխանություն էր, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար էր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031