Հարցին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպման առաջարկին, ուստի սա նշանակում է, որ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի օրակարգը, որը Մեղրիով միջանցքն է՝ իշխող ուժը ներկայացնող պատգամավոր Արմեն Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանեց, որ չի ցանկանում պատասխանել Ալիեւի հայտարարություններին, որովհետեւ դրանցում հաճախ «ցնդաբանություններ են հնչում՝ ինչը վերաբերվում է ՀՀ-ին»: Արմեն Խաչատրյանի համար Ալիեւի օրակարգը ընդունելի չէ, ընդունելի է մեր օրակարգը, իսկ մեր օրակարգը՝ «նա է, որ ՀՀ շահերը պետք է պաշտպանվեն առավելագույնս, թե անվտանգային, թե սահմանային»: Հարցին՝ ավելի կոնկրետ՝ ի՞նչ է նախատեսվում, Արմեն Խաչատրյանը լրագրողին հորդորեց՝ կոնկրետ գրավոր հարցերով դիմել, որոնց կպատասխանեն:
Ադրբեջանի վերահսկողությանը փոխանցված Գորիս-Կապան ճանապարհահատվածի մասին հարցին էլ պատասխանեց, որ ինքը գրեթե ամեն օր այդ հատվածով երթեւեկում է, իհարկե, մի քիչ անհարմարություն կա եւ առավելագույնը 15 րոպե է տեւում ռուս սահմանապահների ուղեկցությամբ այդ հատվածը անցնելը: Լրագրողներից մեկի հարցին էլ ի պատասխան իշխանական պատգամավորն ասաց, որ մտավախություն չունի, որ գերի կընկնի:
Նա կրկնեց, որ ԽՍՀՄ քարտեզների համաձայն՝ այդ ճանապարհահատվածը ադրբեջանական է:
Ապա այլ հարցերի չպատասխանեց՝ մեղադրելով լրագրողներին նրանում, որ Ալիեւը հաճախ հղումներ է անում լրագրողների հրապարակումներին :
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ