«Փողոցով եկած իշխանություններին պետք է հեռացնել փողոցով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ հավելելով, որ իրենք շատ էին սիրում այս պետությունը եւ որոշեցին դա անել ընտրություններով, բայց տեղի ունեցան մասշտաբային կեղծիքներ եւ ունենք այն, ինչ ունենք:
Ե՞րբ կսկսվեն փողոցային ցույցերը, Արթուր Ղազինյանը հստակ ասել չի կարող, բայց որ դրանք սկսվելու են՝ երաշխավորում է։
«Չուզեցին դա լինի սահմանադրական ճանապարհով, ընտրությունների միջոցով, դա կլինի այն նույն կարգով, ինչ ձևով նրանք եկան»,- ասաց Արթուր Ղազինյանը:
Պատասխանելով հարցին՝ եթե իշխանափոխություն տեղի ունենա եւ ընդդիմությունը գա իշխանության՝ ի՞նչ են անելու, առոչի՞նչ են ճանաչելու մինչ այժմ ստորագրված փաստաթղթերը եւ ձեռք բերած պայմանավորվածությունները, ընդդիմադիր գործիչն ասաց, որ 2020-ի նոյեմբերի 9-ի մեկ էջանոց համաձայնությունում 100 էջ գործողություն է նախատեսված եւ կախված իշխանության որակից՝ կիրարկման ընթացքում դրանք մեզ համար կամ հնարավորություն կդառնան կամ գլխացավանքներ:
Կարդացեք նաև
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի Հարավ-Արեւելյան սահմանահատվածին, Արթուր Ղազինյանը պնդում է, որ այստեղ իրավիճակը պետք է վերականգնվի՝ ցանկացած գնով եւ ապահովվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Հետեւաբար, ըստ բանախոսի, առաջնային պայման պետք է դրվի՝ վերադառնալ նոյեմբերի 9-ի համաձայնության դիրքերին. «Ադրբեջանը պետք է 11 կիլոմետր ետ քաշվի, հայկական ուժերը վերադառնան այնտեղ, որտեղ գտնվում էին նոյեմբերի 9-ին»: Ինքը վստահ է, որ դա հնարավոր է եւ մենք չենք հատել անվերադարձելիության կետը, եթե կարողանանք Հայաստանում շատ արագ ձեւավորել պետականամետ եւ ուժեղ իշխանություն:
Անդրադառնալով վերջին օրերին Ալիեւի հնչեցրած հայտարարություններին էլ, Արթուր Ղազինյանը Ալիեւին խորհուրդ տվեց՝ վախը չափելու գործիքներ հայտնաբերի եւ իր վախը չափի: Արթուր Ղազինյանի բնութագրմամբ՝ Ալիեւը Ռոբերտ Քոչարյանից է վախենում, շատ լավ գիտի, թե ի՞նչ կլինի իր հետ՝ նրա իշխանության գալուց հետո, ուստի, իր ահից է գոռում:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ