Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արցախի Անկախության տոնին ինչի՞ մեր հետ Արցախում չէիք, ո՞ւր էիք». Վլադիմիր Վարդանյանը՝ «Պատիվ ունեմ»-ի պատգամավորներին

Հոկտեմբեր 05,2021 12:52

Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ-ում բանավեճ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերի հետ կապված, որը ադրբեջանական սահմանների մասին խոսելիս հղում էր արել 2010-ին ընդունված փոփոխություններով ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքին:

Բանավեճը սկսվեց, երբ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը հերքեց վարչապետին: ՔՊ-ական Գեւորգ Պապոյանը հիշեցրեց, թե ինչպես էր Սերժ Սարգսյանն ասում՝ Աղդամը մեր հայրենիքը չէ:

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանն իր ելույթում ասաց. «Մի կողմ թողնենք, թե ինչ էր գրված այդ օրենքում, մեր իշխանությունների ժամանակ սուրբ Ղազանչեցոցը Ղազանչի չէր, Շուշին Շուշա չէր, գտնվում էր մեր զինվորների պաշտպանության տակ: Մեր իշխանության օրոք մարդիկ Սյունիքում անվտանգ երթեւեկում էին, Ալիեւն էլ բողոքում էր, որ փակ դռների հետեւում իրեն ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը: Երկրի ղեկավարը, պառլամենտի, գործադիրի ղեկավարը անարգել այցելում էին Արցախ, այլ ոչ թե վախենում էին ինչ-որ մեկից, որ հանկարծ ինչ-որ մեկը չջղայնանա, որ Արցախի տոնին Արցախում ենք»:

Արձագանքելով Սերժ Սարգսյանի խոսքերի հիշեցմանը, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, Մամիջանյանն ասաց. «Ձեր գործընկեր պատգամավորներն ասում են՝ իսկ ո՞վ ասաց, որ Շուշին ու Հադրութը պիտի հետ բերենք, ո՞վ ասաց, որ պետք է ՄԱԿ-ում խոսենք Շուշիի ու Հադրութի օկուպացիայի մասին: Որ այդպես սիրում եք մեր օրենքները մեջբերել, մենք ժամանակին օրենքներ ենք ընդունել, որ ՀՀ վարչապետը ընդունում է որոշումներ՝ ի շահ Հայաստանի ու որոշ դեպքերում ոչ ադեկվատ դրսեւորումներ չի ունենում, այդ օրենքն էլ պահպանեք»:

ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նախ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին հորդորեց կոշտ լինել՝ օրակարգից շեղելու ընդդիմության քայլերի նկատմամբ. «Իհարկե, սահմանները ներպետական օրենսդրությամբ չեն անցկացվում, հասկանալի է, բայց այն քննարկումը, որ դուք այստեղ ծավալում եք, շատ ավելի վտանգավոր է… Խոսում են նրա մասին, թե Արցախ գնում էինք, չէինք գնում, մի հատ հարց եմ ուզում տալ՝ Արցախի Անկախության տոնին ո՞ւր էիք, պարոն Մամիջանյան, ինչի՞ մեր հետ Արցախում չէիք: Կամ երկրորդ հարցը՝ երբ որ ԵԽԽՎ-ում քննարկվում էր կարեւորագույն նախագիծ, երբ որ պետք էր վերականգնել Արցախ անվանումը, Լեռնային Ղարաբաղ անվանումը, ո՞ւր էիք, ինչո՞ւ մեր կողքին չէիք: Ինչի՞ մեր հետ չէիք մեկնել Ստրասբուրգ ու պատգամավոր առ պատգամավոր չէիք համոզում, որ չափազանց կարեւոր է, կենսական նշանակության հարց է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031