«Հիմա հանդիպում ունենալ Ադրբեջանի հետ եւ բովանդակային բանակցություններ վարել Արցախի հարցի կարգավորման մասին, նպատակային չէ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ պատասխանելով հարցին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպման առաջարկին, ուստի սա նշանակում է, որ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի օրակարգը. ձեզ համար հասկանալի՞ է՝ ի՞նչ օրակարգի մասին է խոսքը, երբ ադրբեջանական կողմը խոսում է խաղաղության պայմանագրի մասին՝ իր պատկերացումներով:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի, նման թուլացած վիճակում գնալ լուրջ բանակցությունների՝ կնշանակի բավական լուրջ զիջումների գնալ եւ այդպիսով նաեւ վտանգներ առաջացնել Հայաստանի եւ Արցախի անվտանգության եւ տարածքային ամբողջականության համար, մինչդեռ, իշխանությունը ամենաբարձր մակարդակով ոչ միայն հայտարարեց, որ պատրաստ է նման քայլի, այլ նաեւ հայտարարեց, որ պատրաստ է տալ ականապատ տարածքների բոլոր քարտեզները՝ գերիների դիմաց, ինչը նոնսենս է, քանի որ ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, գերիներին դեռ մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 10-11-ին պետք է ադրբեջանական կողմը վերադարձներ: Ըստ ընդդիմադիր գործչի, Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունը, իսկ Հայաստանը հետեւողական չի եղել, որ գերության մեջ գտնվող եւ ամեն օր խոշտանգվող մեր քաղաքացիների ճակատագիրը լուծվի ու արդյունքում ստացվում է, որ «Ալիեւը փորձում է մեզ վրա վաճառել մի բան, ինչը ինքը պարտավոր էր անել՝ առանց որեւէ նախապայմանի»:
Այս ամենում Արթուր Ղազինյանի համար անհասկանալի է ՀՀ իշխանության վարքագիծը, որն իր գնահատմամբ հակասում է ՀՀ ազգային եւ պետական շահերին, իսկ այս իշխանության գոյությունն ամեն օր վտանգում է պետության եւ ժողովրդի ապագան:
Կարդացեք նաև
«Մենք տեսել ենք Նիկոլ Փաշինյանի վարած բանակցությունները երեք տարի, տեսել ենք, թե ինչպես է փոշիացվել 26 տարվա բանակցային ողջ կապիտալը եւ դա ի՞նչ հետեւանքներ է ունեցել: Ցավոք, պետք է արձանագրենք, որ այսօրվա իշխանությունը ի վիճակի չէ բանակցություններ վարելու: Ես սխալվելի էի՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանը կարող է բանակցել»,- ասաց Արթուր Ղազինյանը:
Այլ մանրամասները՝ քիչ ուշ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ