Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ: Հանդիպման արդյունքում կողմերը ստորագրել են երկկողմ ռազմական գործակցության ծրագիր:
Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ կողմերը նշել են, որ Վրաստանում անցկացվող եռակողմ (Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան) հրամանատարական-շտաբային զորավարժությունները երկու երկրների միջև գործակցության վառ օրինակ են: Նրանք համոզմունք են հայտնել, որ գործակցության ընդլայնումը պաշտպանության ոլորտում կնպաստի Ադրբեջանի և Վրաստանի միջև հարաբերությունների խորացմանը և զարգացմանը:
Անդրադառնալով տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին՝ կողմերն ընդգծել են տարածքային ամբողջականությանը փոխադարձաբար սատարելու կարևորությունը՝ վստահություն հայտնելով, որ երկկողմ ռազմական գործակցությունը կնպաստի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը:
Հասանովը նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանին Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ «արդարացի դիրքորոշման» համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ