«ՀՅԴ խմբակցության պատգամավորները ժամանակին քվեարկել են մի նախագծի, որում սեւով սպիտակին գրված է, որ սահմանից այն կողմ Ադրբեջանի հանրապետությունն է: Ժողովուրդ ջան, ձեր ասածներն ու արածները, կամ ասածներն ու ասածները իրար չեն համապատասխանում, որովհետեւ տրամաբանական չի, որ նույն քաղաքական ուժը մի քվեարկում է այն պնդման կողմ, որն ասում է, որ Սյունիքում այստեղից Ադրբեջանն է, հետո գալիս ասում է՝ դավաճանական հանձնվեցին հայկական բնակավայրեր»,- այսօր ԱԺ-ում արտահերթ ելույթում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում բանավեճ սկսվեց այն բանից հետո, երբ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը հերքեց վարչապետի այն միտքը, թե իբր 2010թ․ ՀՀ ԱԺ ընդունած «Վարչատարածքային բաժանման մասին օրենքով» պետական սահմանն է որոշվել ու այնտեղ է արձանագրված, որ Շուռնուխի եւ Որոտանի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին:
Ռուբինյանի խոսքով՝ ընդդիմության «նույն սերիայից» է հետեւյալ պնդումը, թե ինչու պատերազմը շուտ չկանգնեցվեց, շուտ էր պետք համաձայնել առաջարկվող պայմաններին. «Հետո նույն մարդը կարող է 5 րոպեից դուրս գալ ու ասել՝ Քարվաճառը առանց մի կրակոցի հանձնեցին: Հնարավոր չէ նույն մարդուն մեղադրել, որ պատերազմը շուտ չի կանգնեցնել եւ հետո՝ առանց կրակոցի հանձնել է Քարվաճառը: Ու, ի դեպ, ոչ ոք չի պնդել, որ սահմանը որոշվում է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, պնդումն այլ է: Այն պատգամավորները, որոնք ժամանակին քվեարկել են այդ նախագծի օգտին, քվեարկել են այնտեղ նշված պնդմանը կողմ»:
Ռուբինյանից հետո ամբիոնին մոտեցավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ու ասաց. «Այո, ես կողմ եմ քվեարկել, ինչպես որ հետագայում կողմ է քվեարկել նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ որպես պատգամավոր: Որեւէ մեկի մտքով չի կարող անցնել եւ միջազգային իրավունքում չկա որեւէ օրինակ, որ ներպետական վարչատարածքային բաժանման օրենքը հիմք հանդիսանան արտաքին սահմանների համար: Եթե որեւէ պատգամավոր այդ մտքով արել է, դա պետական դավաճանություն է, ինչո՞ւ ուրեմն հիմա հաղորդում չեք տալիս պետական դավաճանության համար: Թող հարուցեն քրգործ, բոլորին քննեն, թե ինչու է այդ փոփոխությունը տեղի ունեցել ու արդյոք այդ փոփոխության նպատակը որն է եղել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ