Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեք բերենք օրենքի նախագիծ, հասնենք մինչեւ Ստամբուլ». Բանավեճ՝ ԱԺ-ում՝ ադրբեջանական սահմանների մասին

Հոկտեմբեր 05,2021 11:48

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ նիստում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը հերքեց վարչապետի այն միտքը, թե իբր 2010թ․ ՀՀ ԱԺ ընդունած «Վարչատարածքային բաժանման մասին օրենքով» պետական սահմանն է որոշվել, այնտեղ արձանագրված է, որ Շուռնուխի եւ Որոտանի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին ու այդ պատճառով է, որ Շուռնուխի հատվածում ադրբեջանական ուժեր են հաստատվել:

ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, լսելով Տերտերյանի հերքումը՝ ասաց, որ ընդդիմությունը չի ժխտում, որ ընդունել են այդ օրենքը, կողմ են քվեարկել, որ Շուռնուխից այս կողմ գտնվում է Ադրբեջանի հանրապետությունը, հանձնաժողովում չեն առաջարկել Ադրբեջանը եկեք չգրենք. «Ասում են՝ դրանով Հայաստանի պետական սահմանը չի որոշվում: Է, չի որոշվում՝ գրեիք Շվեյցարիան է գտնվում, ի՞նչ կլիներ որ: Ավելի լավ չէ՞ր լինի: Կարծում եք, ՀՀ քաղաքացիներին կարելի է այդպես մոլորեցնե՞լ: Դուք ԱԺ պատգամավորներ եք եղել, պարտավորված եք եղել գործել խղճով, ՀՀ շահերից ելնելով ու դուք հիմա ասում եք՝ դե դրանով չէր որոշվում պետական սահմանը: Ձեզ ինչ-որ մեկը սպառնացե՞լ է, որ այդ օրենքը ընդունեք: Կարծում եմ՝ ոչ: Վստահ եմ, որ որեւէ մեկը պատգամավորներից, որոնք «կողմ» են քվեարկել այդ օրենքին, անմեղսունակ չեն եղել: Դուք հիմա ասում եք, որ ձեր քվեարկությունը, որպես պատգամավոր, ոչինչ չի նշանակում: Ամեն առիթով փորձում եք կոնտեքստից կտրեք մեր ինչ-որ միտքը, բայց ձեր ասելիքը ոչինչ չի՞ նշանակում: Դուք կողմ եք քվեարկել, որովհետեւ հավատացել եք, որ Շուռնուխից այն կողմ գտնվում է Ադրբեջանի հանրապետությունը, հակառակ դեպքում, եթե ձեզ սպառնացել են, որ կողմ քվեարկեք, հայտնեք դրա մասին համապատասխան մարմիններին»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը պատասխանեց Ալեքսանյանին՝ ասելով, որ եթե Ադրբեջանի տեղը Շվեյցարիա էլ գրեին, ցավոք, ոչինչ չէր փոխվի, որովհետեւ եթե այդ բանաձեւն աշխատեր, կառաջարկեին հենց հիմա նոր օրենք ընդունել. «Եկեք բերենք օրենքի նախագիծ, հասնենք մինչեւ Ստամբուլ: Ժողովուրդ ջան, այդքան պարզ բանաձեւ կա՞, ոչ բանակ է պետք, ոչ էլ պաշտպանություն»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, դիմելով Վաչե Տերտերյանին, ասաց. «Պարո՛ն Տերտերյան, հիմա տեսնո՞ւմ եք հայրենազրկումը, հողատվությունն ու դավաճանությունը ոնց են արդարացնում՝ ձեր ներկայացրած օրենքի նախագծով: Բա կպատկերացնեի՞ք այն ժամանակ, որ նման բան կարող էր մեր երկրում լինել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031