Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «2010թ․ ՀՀ ԱԺ ընդունած «Վարչատարածքային բաժանման մասին օրենքում» արձանագրված է, որ Շուռնուխի եւ Որոտանի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին։ ԽՍՀՄ ժամանակ այդ հատվածում խորհրդային ՀՀ-ի եւ խորհրդային Ադրբեջանի գոյություն ունեցած վարչական սահմանն է, որը հետո վերածվել է պետական սահմանի եւ այս իրողությունն է ընդունվել որպես հիմք»
Այսօր ԱԺ նիստում «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցողը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն էր: Օգտվելով առիթից՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նրան հարցրեց. «Դուք երկար տարիներ եղել եք այն կառավարությունում, որը ոչ միայն հեղինակել է «Վարչատարածքային բաժանման մասին օրենքը»՝ իր բոլոր փոփոխություններով, այլ եղել եք նաեւ պատասխանատու դիրքում: Դուք նաեւ լսել եք մեղադրանքները, թե իբր այդ օրենքով որոշված են ՀՀ պետական սահմանները, այդ թվում Ադրբեջանի հետ: Դուք այս տեսակետին կո՞ղմ եք: Թե՞ ինքներդ էլ եք համարում, որ այդ օրենքով չէր կարող ՀՀ պետության սահմանի հարց քննարկվեր»:
Վաչե Տերտերյանն ասաց, որ ինքը եղել է ոչ միայն այն կառավարություններում, որոնք վարչատարածքային փոփոխությունների մասին են խոսել, այլ վարչատարածքային բաժանման ժամանակներից աշխատում է. «Ես չեմ լսել որեւէ հիմնավորում, որ ասվում է՝ սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով: Ոչ ոք նման բան չի ասել: Համենայնդեպս, իմ հիշողության մեջ այդպիսի բան չկա ե՛ւ հին, ե՛ւ նոր ժամանակաշրջաններում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ