«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցազրույցը Իրանի Ազատ համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ, Իրանի թարգմանիչների միության նախկին նախագահ Անդրանիկ Սիմոնյանի հետ
–Պարո՛ն Սիմոնյան, ներկայացրեք, խնդրեմ, Ձեր տեսակետներն աշխարհաքաղաքական այժմյան իրավիճակի վերաբերյալ` հաշվի առնելով Ադրբեջանին ի պատասխան Իրանից հնչող պաշտոնական եւ ոչ պաշտոնական կոշտ հայտարարությունները:
-Այժմյան ողջ եղելությունն սկսվել է դեռեւս 44-օրյա պատերազմի նախօրեից, երբ Ադրբեջանի գործողություններին ոչ ոք լուրջ չէր վերաբերվում, այդ թվում` Իրանը: Դրա վառ ապացույցն է այն, որ Իրանում շատ է խոսվում մինչպատերազմյան խաղաղ շրջանի անվտանգությունն արժանվույնս չգնահատելու ու չարժեւորելու մասին: Իսկ այժմ խաղաղ չէ անգամ Իրանի համար: Չնայած այս ամենին` հասկանալի է Իրանի մոտեցումը եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի նկատմամբ, քանզի շատ սխալված չենք լինի, եթե ասենք, որ Հարավային Կովկասում իրանական մշակույթն ազդեցիկ է: Թուրքիայի, Իսրայելի եւ վարձկանների օգնությամբ պատերազմում «հաղթանակ» տարած Ադրբեջանի նախագահը չունի հաղթանակած երկրների առաջնորդներին հատուկ վսեմ կեցվածք, ինչը վկայում է այն մասին, որ նա ընդամենը Թուրքիայի կամակատարն է: Իրանին սպառնում է տարածքային շրջափակում: Հայաստանի շնորհիվ Պարսից ծոցը կապվում է Սեւ ծովին, ինչպես նաեւ Հայաստանը միակ ԵԱՏՄ երկիրն է, որին հարեւան է Իրանը: Հաշվի առնելով այս բոլորը` Իրանում արդեն բացահայտ խոսվում է պանթյուրքական ծրագրի խափանման անհրաժեշտության, համափրկականության մասին: Հարկ է նշել, որ բացահայտ խոսվում է նաեւ Ադրբեջանին Մեղրիով ճանապարհ տալու վտանգների մասին, քանի որ Իրանում հասկանում են, որ, իրականում, ոչ թե դա Նախիջեւանն Ադրբեջանին կապող ճանապարհ է լինելու, այլ Թուրքիան՝ Ադրբեջանին, իսկ դա բխում է ՆԱՏՕ-ի շահերից: Սա նաեւ միտում ունի թուլացնելու Չինաստանի դիրքերը: Հետեւաբար, այստեղ բախվում են հակադիր շահեր, իսկ դա պայթյունավտանգ է: Իրանի հյուսիսային շրջաններում քարոզվում է թուրքադրբեջանական շահը, ինչի մասին բարձրաձայնվում է անթաքույց: Հայաստանը շահերի բախման խաչմերուկ է դարձել: Մեղրիով ճանապարհն առաջին հերթին հակադրվում է Հայաստանի շահերին: Պատահական չէ, որ ժամանակին Վազգեն Սարգսյանն այդ ճանապարհի առնչությամբ բազմիցս ասել է, որ Մեղրին հայկական անկախության փոխարժեքն է: Անկասկած, դա այդպես է: 30 տարի անց Մեղրիի ճանապարհն ու պանթյուրքական ծրագրի վտանգն «արթնացրել» են Իրանին, եւ վերջինս սատար է կանգնում Հայաստանին:
Մարիամ ԱՎԱԳՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: