ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը Մատաղիսում Իլհամ Ալիևի հնչեցրած ցնորամիտ արտահայտություններին
Ադրբեջանի ղեկավարը իրեն պահում է գլուխգովան դեռահաս տղայի պես, որ ժամանակին ծեծ ուտելուց հետո վազել է հորը օգնության կանչելու և նրա հետևում կանգնած մեծ-մեծ խոսում ու հոխորտում է:
Բա ինչո՞ւ 3 կամ 10 տարի առաջ չէիր հրավիրում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղ:
Բա այն ժամանակ այդպես աքլորանայիր, երբ բողոքում էիր, որ փակ դռների հետևում քեզ ճնշում են՝ ճանաչել Արցախի անկախությունը:
Կարդացեք նաև
Զարմանալի չէ, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին երեք տարում, սա ստանձնել է կապիտուլյանտի փաստաբանի դերը, պաշտպանության տակ առել նրան և միասին, ձեռք ձեռքի տված տևական ժամանակ թիրախավորում են ինձ, իմ մարտական ընկերներին, որոնց մեծ մասը Արցախի հերոսներ են:
«Դեզերտի՞ր»՝ ասում ես: Ով խոսի դեզերտիրությունից, դու լռի՛ր: Բոլորը գիտեն, թե Արցախյան առաջին պատերազմում որտեղ էի ես, և որտեղ էիր դու, երբ քո հայրենակիցները զոհվում էին հայոց քաջազունների հետ պայքարում, որ հայ ժողովուրդը մղում էր իր հնագույն օրրանում ինքնապաշտպանության և Արցախի ազատագրման համար:
Տարիքդ այնպիսին էր, որ կարող էիր և պարտավոր էիր լինել մարտի դաշտում:
Որտե՞ղ էիր, ես գիտեմ: Ասա, թող ուրիշներն էլ իմանան:
Դու Հայաստանում հիմա լավ գործընկեր ունես, հրավիրի՛ր նրան, քանի ժամանակ ունես, իսկ երբ նա այլևս գործընկերդ չի լինի, ա՛յ այդ ժամանակ ես կգամ և՛ Մատաղիս, և՛ Արցախի Հանրապետության ցանկացած այլ տարածք:
ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ
Հիշեցնենք՝ «Ես Սուգովուշանում եմ, իսկ եթե Սերժիկը համարձակություն ունի, թող գա այստեղ»,-այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ օկուպացված Մատաղիս (Սուգովուշան) գյուղ այցելության ժամանակ: Նրա խոսքով՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը և իր նմանները պատերազմում պարտվող կողմն են, այժմ նա պարտության համար ցանկանում է մեղադրել Փաշինյանին: Երկրի ղեկավարը նաև հիշեց, որ Հայաստանի նախկին նախագահ Սարգսյանը դասալիքների թվում էր: «Դասալիքների ցանկում է նաև ՀՀ նախկին նախագահ Սերժիկ Սարգսյանը … Երբ նա տեսավ, որ ադրբեջանական բանակն արդեն մոտենում է Խանքենդիին (Ստեփանակերտ) և կարող է բռնել նրա ականջից և բերել Բաքու, նա վախկոտ պես փախավ այնտեղից՝ դասալիքի նման: Ես նրան Սերժիկ եմ անվանում ոչ թե այն պատճառով, որ ուզում եմ նվաստացնել նրան, այլ որովհետև մեր արխիվները պարունակում են տեղեկություններ, որ նրա ծննդյան վկայականում՝ Կոմսոմոլի տոմսում, նա նշված է որպես Սերժիկ Սարգսյան: Հետագայում նա փոխել է իր անունը և դարձել Սերժ, կարծես դա ընդունելի անուն էր», – ասել է Ալիևը: