Նախիջեւանում սկսվել են թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները, որոնք արդեն 5-րդն են վերջին ամսվա ընթացքում: Նախորդ օրը «Eternity-2021» համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային վարժանքներ էլ մեկնարկել են Թբիլիսիում, որի ընթացքում Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի զինվորականներն ու համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները կդիտարկեն տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության կազմակերպման խնդիրները: Թյուրքական պետություններն ավելի են ինտենսիվացնում ռազմական փոխգործակցությունը, ինչի արդյունքում ադրբեջանական զինված ուժերն աստիճանաբար համապատասխանեցվում են թուրքական չափանիշներին, մյուս կողմից էլ պաշտոնական Անկարան զորավարժությունների քողի տակ զենք եւ զինամթերք է մատակարարում պատերազմում մեծ կորուստներ կրած Ադրբեջանին: Բացի այդ, զորավարժությունների նման ինտենսիվության պայմաններում թուրքական կանոնավոր բանակի ստորաբաժանումները փաստացի մշտապես Ադրբեջանի տարածքում են, մասնավորապես՝ Նախիջեւանում:
Այլ կերպ ասած՝ Թուրքիան փաստացի ռազմաբազա ունի Ադրբեջանում՝ առանց մշտական տեղակայման վայրի: Զորավարժությունները միայն շղարշ են Ադրբեջանի տարածքում թուրքական բանակի ներկայության համար: Բաքվի եւ Անկարայի աճող ռազմական ակտիվության համայնապատկերում շատ խոսուն են Իրանի խոշորամասշտաբ զորավարժություններն Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների սահմանին: Մինչեւ 44-օրյա պատերազմում հրադադար հաստատելը, տարածաշրջանում հավասարակշռություն պահպանող եւ հակամարտության հարցում չափազանց չեզոք-դիվանագիտական կեցվածք ունեցող Թեհրանից այսօր Բաքվի հասցեին չդադարող կոշտ հայտարարություններ են հնչում: Բնականաբար, այստեղ խնդիրը ոչ այնքան Արցախի տարածքների մի մասի օկուպացիան է, որքան դրանից հետո Իրանի համար ի հայտ եկած անվտանգային լուրջ սպառնալիքները: Թեհրանի նման աննախադեպ կոշտ կեցվածքը պաշտոնական Բաքվի նկատմամբ կարող է փաստել միայն մեկ իրողության մասին՝ մեր հարավային հարեւանը հետախուզական հստակ տվյալներ ունի Արցախի օկուպացված տարածքներից իրեն ուղղված սպառնալիքների մեծացման վերաբերյալ:
Իրանի հյուսիսում լայնածավալ զորավարժությունների հրամանատար՝ ԻԻՀ ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարին հայտարարել է, որ վստահ չեն, թե պատերազմից հետո ահաբեկիչները դուրս են բերվել տարածաշրջանից: Պարսիկ բարձրաստիճան զինվորականն իր այդ հայտարարությամբ միանշանակ հաստատում է, որ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիային ահաբեկչական կազմավորումներ են ներգրավված եղել, մյուս կողմից էլ չի բացառվում, որ իրանական հետախուզությունը հստակ տեղեկություններ ունի նաեւ Աֆղանստանից «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումների զինյալների ներգրավման մասին: Այդ միտման մասին առաջինն ահազանգեց Արցախի Հանրապետությունը՝ ի դեմս իր ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի: Լիովին իրատեսական են նաեւ ԶԼՄ-ներով տարածվող այն տեղեկությունները, թե Բաքվի մյուս գործընկերը՝ Իսրայելը արդեն իր հետախուզական ստորաբաժանումներն է տեղակայել Արցախից զավթած տարածքներում: Պատահական չէ, որ պատերազմից 1 տարի անց էլ Ադրբեջանը դեռ չի բնակեցրել այդ տարածքները: Նախօրոք օրը Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը փորձեց պատասխանել Իրանի հայտարարություններին: «Մենք չենք ընդունում ադրբեջանա-իրանական սահմանին որեւէ երրորդ ուժի առկայության, այդ ուժերի սադրիչ փորձերի մասին պնդումները, քանի որ այդ հայտարարությունները հիմք չունեն»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաեւան: Այստեղ հատկանշական է, որ նույն ձեւով պատերազմի օրերին այդ երկրի ղեկավարը հերքում էր սիրիացի ջիհադիստների ներկայությունն ադրբեջանական բանակում:
Էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված Իրանի հյուսիսի Ատրպատականի հատվածում անջատողականության հրահրումն այդ երկիրն ապակայունացնելու ամենահավանական սցենարն է:
Կարդացեք նաև
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: