Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարևոր է հասկանալ, թե ինչպես ենք Դիլիջանը դարձնում օրինական, որ խնդիրները լուծվեն արդեն պրոֆեսիոնալ ձևով, ոչ թե պոպուլիստական»․ Ռուբեն Վարդանյան

Հոկտեմբեր 05,2021 00:20

Դիլիջանի արվեստի պետական քոլեջում «Ապագա Հայկականը» նախաձեռնության անդամները Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ հանդիպել են քաղաքի բնակիչների հետ և ներկայացրել են իրենց նախաձեռնությունն ու պատասխանել ներկաների հարցերին:

Ռուբեն Վարդանյանը իր ելույթում նշել է, որ այս հանդիպումը իրենց թափանցիկ լինելու խոստումն է և նպատակ ունեն Դիլիջան համայնքի բնակիչների հետ զրուցել իրենց տեսլականի և ապագա ծրագրերի մասին:

«2020 թվականի դեկտեմբերին մենք հանդիպեցինք վարչապետի հետ, քննարկեցինք երկրում տիրող իրավիճակը և հասկացանք, որ մի բան կա, որ դուրս է մնում ուշադրությունից՝ սոցիալական խնդիրն է, որը շատ լուրջ քննարկումներ և համազգային միացում է պահանջում: Հենց այդ պատճառով մենք ապրիլին հայտարարեցինք նախաձեռնության մասին և ստեղծվեցին 15 ուղղությունները: Այս նախաձեռնությունը կուսակցություն չէ, չնայած, որ մենք բաց ենք բոլոր այն ուժերի առաջ, որոնք ցանկանում են համագործակցել: Մենք պատրաստ ենք համագործակցել իշխանության և ընդդիմության հետ, քանի որ մենք վստահ ենք, որ միակ ճանապարհը այս ճգնաժամից դուրս գալու՝ համախմբվածությունն է»,֊ իր ելույթում նշել է «Ապագա Հայկականը» նախաձեռնության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Հանդիպմանը ներկա քաղաքացիներից մեկը, որը Դիլիջանի Մաքսիմ Գորկի թաղամասի բնակիչ է, ամբողջ թաղամասի անունից իր մտահոգությունը հայտնեց՝ տեղեկացնելով, որ իրենց թաղամասում Կենտրոնական բանկի մասնաճյուղի կառուցումից հետո վնասված խողովակների պատճառով՝ արդեն 2 տարի է զրկված են ջրից․

«Շատ տեղեր ենք դիմել՝ ընդհուպ մինչև Նիկոլ Փաշինյանին, սակայն հարցը չի լուծվել: Մեզ հետաքրքիր է, եթե ինչ-որ պաշտոնայի ջուրը մի քանի օրով կտրենք, ինչպե՞ս են ապրելու, իսկ մենք արդեն 2 տարի է՝ ջուր չունենք: Երբ մենք դիմել ենք՝ ասել են, որ բնակիչները պետք է 15 միլիոն դրամ գումար տան, որ այդ հարցը լուծվի»:

Մտահոգ քաղաքացու հարցին ի պատասխան Ռուբեն Վարդանյանը նշեց, որ խնդիրը հեշտ լուծում չունի և միայն օրինական քաղաք ունենալու դեպքում կարելի է նման խնդիրներին լուծում տալ․

«Խնդիրը նրանում է, որ տեր է պետք, ով պատասխանատվություն է կրում այս ամենի համար, ով կտա հարցի լուծման բանաձևերը: Ես վստահ եմ, որ Դիլիջանի զարգացման ծրագիր պետք է լինի, որով Դիլիջանի ջրի և կոյուղիների խնդրի ընդհանուր հարցը կկարգավորվի: Դրան հեշտ լուծում չկա և այն լուրջ ներդրումների հարց է: Շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես ենք Դիլիջանը դարձնում օրինական, որ խնդիրները լուծվեն արդեն պրոֆեսիոնալ ձևով, ոչ թե պոպուլիստական»։

Վարդանյանի խոսքով Դիլիջանը հրաշալի օրինակ է մյուսների համար և շատերը տեսնում են այս քաղաքի աճը, որը պետք է զարգացնեն Դիլիջանի բնակիչները իրենց ձեռքերով․

«Մենք պետք է հասկանանք, որ մենք ենք տերը մեր ապագայի, և մենք պետք է մեզ փոխենք ու մեր երկիրը դարձնենք ամենասքանչելի վայրը»:

 

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031