Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Ասլանյան. Ցույցերը կազմակերպիչներից որևէ մեկը նույնիսկ չի էլ հետաքրքրվել, թե Ավետիսյանների ընտանիքի անդամներն ինչ պայմաններում են գտնվում. «168 ժամ»

Հոկտեմբեր 05,2021 09:30

Փաստաբան, Շիրակ մարզի, Երևան քաղաքի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը հարցին՝ բարդ չէ՞ր արդյոք Շիրակի մարզում պաշտոնավարելը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այդ ժամանակահատվածում տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի սպանության ողբերգական դեպքը, ինչին հաջորդեցին ցնցումներ մարզում, և ինչպես նրան հաջողվեց երկխոսության հասնել գյումրեցիների հետ, նախ պատասխանեց, որ ցանկացած պետական ծառայողի համար մեծ պատիվ է Շիրակի մարզում աշխատելը, որովհետև մարզի բնակիչները և, մասնավորապես, գյումրեցիները խորը պատկառանք ունեն պետական ծառայության նկատմամբ առհասարակ:

«Ինքս փորձել էի այդ հարցի վերաբերյալ իմ ունեցած դիրքորոշումն ըստ պատշաճի փոխանցել հասարակության անդամներին: Իհարկե, վերջիններս նաև շատ լավ հասկանում էին, որ նշված միջոցառումներում կան և սեփական շահերը հետապնդող անձինք, և կան իսկապես Ավետիսյանների ընտանիքով մտահոգները: Վստահ եմ՝ այն անձանցից, ովքեր ցույցերը կազմակերպում էին, որևէ մեկը նույնիսկ չի էլ հետաքրքրվել, թե Ավետիսյանների ընտանիքի անդամներն ինչ պայմաններում են գտնվում: Սա, կարծում եմ, ուներ նաև որոշակի նպատակ, և որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ արդեն 2018թ. իշխանափոխությունից հետո, երբ ռուս զինվորականը փողոցում սպանեց գյումրեցի մաքրուհի կնոջը, նույն ուժերի կողմից որևէ արձագանք չեղավ: Այդ ժամանակ դա արդեն իրենց ձեռնտու չէր»,- ասաց Շիրակի մարզի նախկին դատախազը՝ չթերագնահատելով այդ ցույցերի ժամանակ իրական սրտացավ հասարակության դերը, որոնց մտահոգությունը որոշ անձինք օգտագործում էին՝ ելնելով անձնական շահերից:

Ըստ նրա՝ սա իր համար ի սկզբանե գաղտնիք չէր, և ինքը դա այն ժամանակ բացատրել է ցույցերի ժամանակ ակտիվություն դրսևորող անձանց, և իրենք հասկացան, թե խնդիրն ինչում է կայանում:

Անդրադարձ կատարվեց նաև Սյունիքի կալանավորված համայնքապետերի խնդրին, հատկապես որ, Րաֆֆի Ասլանյանը նախ պաշտպանում էր Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տված միակ անձի՝ Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանի շահերը, ապա դադարեցրեց համագործակցությունը նրա հետ:

«Սյունիքի համայնքապետերի հետ կատարվածը յուրահատուկ վրեժ է օրվա իշխանության կողմից իր նկատմամբ նախկինում դրսևորած վերաբերմունքի: Առուշ Առուշանյանի գործին ծանոթ եմ այն ծավալով, որ նախկինում եղել եմ նրա դեմ ցուցմունք տված Լուսինե Ավետյանի պաշտպանը: Այս քրեական գործով իրականացվել է ապօրինի նախաքննություն՝ օրենքով չնախատեսված ամենաբիրտ միջոցների կիրառմամբ: Զուտ փաստաբանական էթիկայից ելնելով՝ չեմ ուզենա հրապարակել որոշակի հանգամանքներ: Ինքս այդ վարույթով համագործակցությունը վստահորդիս հետ դադարեցրել եմ: Առհասարակ հակված եմ իրավական պայքարի, այլ ոչ թե վարույթն իրականացնող մարմնի ցանկությամբ և թելադրանքով՝ ցուցմունքներ տալուն: Սա, ես կարծում եմ, այդ քրեական գործով օբյեկտիվ և բազմակողմանի դատաքննության ժամանակ ի հայտ կգա ամեն բան, և հասարակության համար այս ամենը իսկապես տեսանելի կլինի»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Ճշտող հարցին՝ պատվիրված ցուցմունքների համա՞ր է ինքը դադարեցրել իր համագործակցությունը Քարահունջի համայնքապետի հետ, Րաֆֆի Ասլանյանը պատասխանեց՝ չէր ցանկանա բարձրաձայնել կոնկրետ դադարեցման հանգամանքները:

«Կարծում եմ՝ դրանից հետո տեղի ունեցած գործի նախաքննության արդյունքներն ու տվյալները յուրաքանչյուր անկողմնակալ դիտորդի մոտ օբյեկտիվ հետևությունների հանգելու հնարավորություն են տալիս»,- եզրափակեց Րաֆֆի Ասլանյանը:

ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031