Այն մարդիկ, որոնք կյանքը տեսնում են «Փաշինյան-Քոչարյան» հակադրության մեջ, եւ կարծում են, որ ամբողջ տիեզերքը պտտվում է այդ երկու անձերի շուրջ, հիմնարար սխալ են գործում: Քոչարյանի գնացքն արդեն գնացել է, եւ ես, ճիշտն ասած, զարմանում եմ, որ նրա նման փորձառու քաղաքական գործիչը մտածում է, իբր ինքը կարող է ինչ-որ ձեւով վերադառնալ իշխանության: Երկրորդ նախագահի երեկվա ասուլիսը ցույց տվեց, որ նա ադեկվատ պատկերացում չունի իրականության մասին: Քոչարյանն այն անձը չէ, որը կարող է իշխանափոխություն իրականացնել: Սերժ Սարգսյանը նույնպես, բնականաբար, այդպիսի գործիչ չէ: Տարբերությունն այն է, որ Երրորդ նախագահը դա հասկանում է, իսկ Երկրորդը՝ ոչ:
Արդյո՞ք դա նշանակում է, որ Փաշինյանը «հավերժ է» եւ գահին նստելու է այնքան, որքան դա արել են Նազարբաեւը կամ Լուկաշենկոն: Իհարկե, ոչ: Մի քանի տարուց նա էլ է հեռանալու՝ հուսով եմ, խաղաղ: Այնպես որ՝ Հայաստանի ապագայի շուրջ վեճը հանգեցնել երկու անձի հակադրությանը՝ սահմանափակ, պարզունակ մտածողության արգասիք է: Իսկ անձերից դուրս մտածելու համար պետք է հասկանալ ա/ ի՞նչ են ուզում այս տարածաշրջանից հիմնական խաղացողները, բ/ ի՞նչ են ուզում Հայաստանի քաղաքացիները:
Երկու հարցերի պատասխաններն էլ իրականում բարդ են: Բայց այստեղ գործում է այսպես կոչված «Դանինգի-Կրյուգերի էֆեկտը»՝ որքան քիչ են մարդկանց գիտելիքները, այնքան ավելի մեծ վստահությամբ, առարկություններ չընդունող տոնով են նրանք խոսում այն մասին, թե որոնք են մեր անմիջական 4 հարեւանների եւ Մինսկի խմբի 3 համանախագահ երկրների շահերն ու նպատակները Հարավային Կովկասում: Նրանք կարող են նաեւ հստակ ձեւակերպել, թե ինչպիսի պետություն է ուզում ունենալ «հայ ժողովուրդը»:
Հասկանալու համար, թե որ ուղղությունն են ընտրում մեր քաղաքացիները, իհարկե, իդեալական կլիներ արժանահավատ սոցիոլոգիական հարցում անցկացնել: Բայց Հայաստանում նման հարցումները երբեք հավատ չեն ընծայել, իսկ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո վերջնականապես վարկաբեկվեցին: Այնուամենայնիվ, եկեք ընդունենք, որ լավագույն հարցումն այդ ընտրություններն էին: Ենթադրենք, որ հայաստանցիների 25 տոկոսը գերադասում էր, որ Փաշինյանը մնա, 10 տոկոսն ընտրել էր այսօրվա խորհրդարանական ընդդիմությանը, 5-ը՝ այլ քաղաքական ուժերի, իսկ կեսը ընդհանրապես չի մոտեցել քվեախցիկներին: Ի՞նչ է դա տալիս սոցիոլոգիական առումով: Կարծում եմ, առանձնապես ոչ մի բան: Թվերի ճշգրտության մասին կարելի է վիճել, բայց կարծում եմ, խնդիրը դա չի:
Կարդացեք նաև
Խնդիրներն, ըստ էության, երկուսն են: Առաջինն այն է, որ շատ դժվար է կազմել մեր հասարակության «դասակարգային» ընտրանքը: Իմ պատանեկության տարիներին` 1970-ականներին, կային «պաշտոնական» դասակարգեր՝ բանվորներ, գյուղացիներ եւ մտավորականներ՝ որպես «միջնախավ»: Կային նաեւ ոչ պաշտոնական խմբեր՝ կոմունիստական նոմենկլատուրա (առաջին քարտուղարից մինչեւ պահեստապետ), «օրգանի աշխատողներ» (նրանք, ովքեր գործ էին սարքում, իսկ հետո չհետապնդելու դիմաց կաշառք էին ուզում) եւ «ցեխավիկներ» (կիսաօրինական բիզնեսով զբաղվողներ): Այս շերտերի ներկայացուցիչների շահերը քիչ թե շատ պարզ էին, եւ եթե ցանկություն լիներ բարեխիղճ հարցում անցկացնել, ընտրանքի հետ խնդիրներ չէին առաջանա: Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչ շերտեր ունենք այսօր: Միայն չասեք՝ ազնիվ «ներկաների» եւ թալանչի «նախկինների» կողմնակիցներ: Դրանք քարոզչական կլիշեներ են:
Բայց կա է՛լ ավելի բարդ խնդիր՝ անկեղծությունը: Եթե Հայաստանի քաղաքացիների առջեւ հարց դրվի՝ արդյոք նրանք ցավ են ապրում Արցախի 70 տոկոսի կորուստի վերաբերյալ, ճնշող մեծամասնությունը կպատասխանի՝ «այո», «բա ո՞նց», «մենք պետք է կորցրած հողերը հետ բերենք»: Ինչպե՞ս է հնարավոր չափել, թե որքանով են այդ պատասխաններն անկեղծ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Արարիչն օգնում է նրան, ով ամեն ինչ անում է իրենից կախված եւ էլ բան չի մնում անելու, այդ ժամանակ էլ Արարիչն է միջամտում իր ամենազորությամբ: Հիմա, մենք քանի՞ տոկոսով ենք իրացնում մեր հնարավորությունները, մինչեւ նույնիսկ գերհզորների աջակցությունը ակնկալելը, էլ չեմ ասում Արարչի միջամտությանը ակնկալելը, մենք ամեն ինչ արե՞լ ենք մեզնից կախված: Համոզված եմ, ոչ մի տոկոս էլ չենք արել: Իսկ ի՞նչ պետք է անենք: Մենք աշխարհը ոչ թե թշնամի կամ բարեկամ պետք է ընկալենք, այլ մենք մեզ պետք է դասակարգենք որեւէ դասին, հետո միավորվել մեր դասի երկրների հետ, իսկ ով մեր դասից մեզ հետ չէ, ստիպել նրան միավորվել մեզ հետ՝ ստիպել նշանակում է քանդել մասերի ու նորից հավաքել, բայց լրիվ մեզ նման, հետո միավորված քանակը կանցնի որակի եւ մենք միավորված կհայտնվենք ավելի բարձր դասում: Օրինակ, հայերը վրացիների հետ միավորվում են մի ռազմավարական՝ գոյաբանական դաշինքի մեջ, բայց դա քիչ է, որպեսզի դաշնակցել պարսիկների հետ, էլի մի քանի մեզ նմաններինն ենք ներքաշում մեր ռազմավարական դաշնակցության մեջ, ասենք Կիպրոսի հույներին ու հրավեր ուղարկում պարսիկներին ռազմավարական դաշինք կազմելու վերաբերյալ: Նմանապես ոչ միայն վեր ենք բարձրանում հասնում բարձրագույն լիգա, նույն տրամաբանությամբ իջնում ենք համայնք, ընտանիք եւ ընտանիքի անդամ ցածրագույն լիգա, բայց կարեւորությամբ բարձրագույնը ծառայում է ցածրագույնին եւ ցածրագույնի կենսունակությունը բոլոր մնացած բարձրագույնների գոյաբանական ռազմավարական իմաստն է, որովհետեւ ընտանիքն է տեսակի բազմանալու եւ զարգանալու միակ միջոցը, դրա համար էլ բարձրագույնները զբաղված են ցածրագույնների պաշտպանությամբ: Սա նման է բազմաբջիջ օրգանիզմին, երբ մեր բջիջները սոված են, սկսում են մեզ՝ բարձրագույններիս ստիպել ուտելիք ձեռք բերել, իսկ իրենք բջիջներն էլ մեր բարձրագույն գիտակցության հետ միասին ծառայում ենք ԴՆԹ ների բազմացմանն ու պաշտպանությանը: Մեր Արարչի համար էլ մի ԴՆԹ է էլ մենք ենք, բարձրագույն դասը Արարիչն է, այնպես որ միավորվենք մեր դասի ներկայացուցիչների հետ, հզորանանք, անցնենք ավելի հզոր դասի եւ այդպես շարունակ եւ դա կլինի ճանապարհ դեպի Արարիչ:
Պետք է հիշատակել քրեական աշխարհը` սոցիալական կարգի ամենակարևոր բաղադրիչներից մեկը:
Մարդիկ վերջին հարցին բավականին անկեղծորեն պատասխանեցին գործով, այլ ոչ թե խոսքով: Քանի՞ հոգի է տեղափոխվել ապրելու «կորցրած տարածքներում» 30 տարվա ընթացքում: Համեմատեք առնվազն նույն ժամանակահատվածում Հայաստանից արտագաղթողների ընդհանուր թվի հետ:
ունենալ / կորցնելը և դրա մասին խոսելը նույն բանը չեն:
Սոցիոլոգիան ոչ այնքան սոցհարցումներ են, որքան մարդկանց փաստացի վարքագծի ամրագրումը: Ում էլ որ հարցնեք, արդյոք նա ցանկանում է լինել առողջ, հարուստ և երկարակյաց,
նա, ամենայն հավանականությամբ, կասի, որ ինքը ցանկանում է դա: Միանգամայն անկեղծ:
Բայց այս անկեղծությունից ոչ մի կերպ չի հետևում, որ ամեն ինչ այսպես կլինի: Հատկապես այն դեպքերում, երբ ճնշող մեծամասնությունը դա չի ուզում կամ չի ցանկանում հատկապես
իր համար 🙂
«1970-ականներին, կային»…
Բանվորա-գյուղացիական դասակարգը աշխատում էր միութենական խորհրդային պետության համար, աշխատավարձ էր ստանում, ինչ որ բան հիմնարկից «թռցնում» տուն տանում ու փնովում սովետը:
Մտավորականները խորհրդային «արիստոկրատներն» էին:
Կոմունիստական նոմենկլատուրան ու «օրգանի աշխատողները» սնվում էին կառավարության կերակրատաշտից:
Եվ բոլորը, ով ինչպես կարող էր, գողանում էր խորհրդային պետությունից:
Այժմ պետությունը ոչ թե խորհրդային է, այլ «անկախ»: Եվ բոլորը, ով ինչպես կարող է, նույնպես գողանում են պետությունից:
Անկեղծությունն ու ազնվություըն հիմա «ճոխություն» է:
«կեսը ընդհանրապես չի մոտեցել քվեախցիկներին»…
Պատերազմում կռվեցինք հանրապետության քաղաքացիների 1% -ից պակասը: