Լրահոս
Օրվա լրահոսը

«Ականապատման քարտեզները զսպաշապիկ են, անընդհատ հետաձգում են, որ Ադրբեջանն այդ տարածքներում ինտեգրվի»․ Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբեր 04,2021 23:23

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիտվա պաշտոնական այցի ժամանակ հանդիպել է նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ խոսել ականապատ տարածքների քարտեզները գերեվարված մեր հայրենակիցների հետ փոխանակման մասին։ Փաշինյանն ասել է՝  ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել եւ Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին․․․ իսկ խոսք է գնում այն քարտեզների մասին, որոնք Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերին իրարից չեն բաժանում, այսինքն՝ դրանք ռազմական գործնական անվտանգային նշանակություն չունեն, այլ ունեն միայն հումանիտար նշանակություն, որովհետեւ գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում»։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգմավոր Տիգրան Աբրահամյանը գտնում է՝ այդ քարտեզները Ադրբեջանին տրամադրելով իշխանությունը Հայաստանին ավելի խոցելի կդարձնի։

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Աբրահամյանը հիշեցրեց, որ  մեր ռազմագերիների եւ գերեվարվածների հարցը կարգավորվում է նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարության 8-րդ կետով, որտեղ ոչինչ ասված չէ, մեր հայրենակիցներին պետք է  վերադարձնեն ականապատ տարածքների քարտեզների դիմաց․«Այսինքն, սա ոչ միայն Ադրբեջանի առաջ քաշած նոր նախապայմանն է, այլ նույնիսկ տարբեր միջազգային  զեկույցներում ու հանդիպումներում սկսվել է շոշափվել։ Հայաստանում չկա մեկը, որը դեմ կլինի մեր հայրենակիցների վերադարձին։ Բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանն անընդհատ մեծացնելու է ՀՀ –ի նկատմամբ  ճնշումները, եւ նոր պահանջներ է ներկայացնելու, եւ արդյունքում մենք կորցնելու ենք շատ ավելին,  քան կորցրել ենք պատերազմի ժամանակ։  Եւ դա նոր խնդիրներ ու կորուստների է բերելու»։

Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝  նոյեմբերի 9-ի փաստաթղթով ՀՀ-ի համար քիչ, թե շատ նպաստավոր դրույթներն այս իշխանությունները չկարողացան կյանքի կոչել, եւ  երբ Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջ քաշում, դա որեւէ երաշխիք չի ապահովում, որ մեր հայրենակիցներին կվերադարձնեն․«Տարբեր իրավապաշտպաններ նշում են, որ գերության մեջ եղած մեր հայրենակիցներից   խոշտանգումներից մահացել են, եւ այն ժամանակը, որն այս իշխանությունը ծամծմում է, նախընտրական շրջանում ասում էր՝ գերիները մեզ կներեն  մի երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար,   իրականում ոչ թե չվերադարձվեցին, այլ  այս մարդը չի էլ հասկանում, թե ինչ տառապանքի մեջ են այդ մարդիկ ու նրանց ընտանիքները։ Խնդիրն այն է, որ անընդհատ նոր նախապայմաններ են ներկայացնելու, եւ Հայաստանն որքան էլ դրանք  կատարի հանուն մեր հայրենակիցների, Ադրբեջանը մեծացնում է մեր նկատմամբ ազդեցության լծակներն, ու կարելի է ասել, ոչ մի հնարավորություն չի թողնում Հայաստանի հանրապետության  ապագայի համար։ Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակը դա է՝ Հայաստանը դարձնել այնպիսի պետություն, որը հետագայում որեւէ  պայմաններում, թեկուզ 5-10 տարի հետո տարածաշրջանում որեւէ դերակատարում չունենա,  փորձելու են Հայաստանի կապիտուլյացիան ամբողջությամբ ավարտել»։

Մեր դիտարկմանը, որ Փաշինյանն ասում է՝ այդ քարտեզները ռազմական գործնական անվտանգային նշանակություն չունեն, այլ՝ հումանիտար, Աբրահամյանն այսպես արձագանքեց․«Այդպես չէ,  այդ քարտեզները, որոնք վերաբերում են պայմանական Թալիշին, Մատաղիսին, Մարտակերտի կամ Ակնայի, Քարվաճառի  հատվածներին, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, դրանք զսպաշապիկ  են, եւ անընդհատ հետաձգում են,որ Ադրբեջանն այդ տարածքներում ինտեգրվելու ռազմական, քաղաքական կամ տնտեսական գործունեություն ծավալի։ Այդ  քարտեզների տրամադրումն արագացնելու է Ադրբեջանի՝ այդ տարածքների նկատմամբ լիարժեք վերահսկողությունը, նաեւ՝  հետագայում այնպիսի ենթակառուցվածքների ստեղծումը,  որը կրկին աշխատելու է ընդդեմ Հայաստանի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031