Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրիում մի բուդկա անգամ չունեմ»․ ի՞նչ է հայտարարագրել Գյումրու քաղաքապետի թեկնածու Հովհաննես Մարգարյանը

Հոկտեմբեր 04,2021 21:44

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Արժանապատիվ ուղի» կուսակցության հիմնադիր, քաղաքապետի թեկնածու Հովհաննես Մարգարյանն Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց, որ պիտի հասնեն մայրաքաղաք՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովին փաստաթղթեր ներկայացնելու համար։

«Ինձ համար զավեշտ է, որ ինքներս՝ որպես թեկնածու, պիտի հասնենք Երևան, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովին փաստաթղթեր տանք։ Բա տարածքային ընտրական հանձնաժողովներն ինչի՞ համար են։ Օրենքով գրված է՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կազմակերպում և անցկացնում են տարածքային հանձնաժողովները։ Հիմա, եթե օրենքով այդպես է ֆիքսված, դուք ի՞նչ գործ ունեք էլ, ի՞նչ փաստաթուղթ է պետք ներկայացնենք, ինչ պետք է, ստացեք տարածքային ընտրական հանձնաժողովից։

Սա էլ են զավեշտի վերածել, չի կարելի։ Այստեղ պետք է լուրջ ուշադրություն դարձնեն։ Ես իհարկե, չեմ ուզում մեղքը բարդել իշխանությունների վրա, որովհետև խառը ժամանակներ ենք ապրում։ Այսինքն, ամեն ինչ չէ, որ կարող են հետևականորեն խոշորացույցով ուսումնասիրեն, որտեղ են բախվում, ինչ շահերի բախում կա։

Ի վերջո, գյումրեցի ավագանու թեկնածուն ինչո՞ւ պիտի ամեն րոպե հասնի Երևան, գոնե հնարավորություն լինի, հիմա զարգացած է, տարբեր միջոցներով ուղարկեն։ Ամփոփումն իրականացնելու է տարածքային ընտրական հանձնաժողովը, ինքը կազմակերպում է, ինքը ամփոփում է, Երևան քաղաքինն այլ է, հստակ օրենքով գրած է, համապետական ընտրություններինն՝ այլ են»։

Թե ինչ փաստաթղթի մասին է խոսում Հովհաննես Մարգարյանը, մանրամասնեց․

«Տանում, այնտեղ հանձնում ես կուսակցությանդ հայտարարագիրը եկամուտների մասին, եթե համապետական ընտրություն է, տանեմ, հանձնեմ կենտրոնական ընտրական հանձնաժողով, առձեռն տանում, հանձնում ես քո ծախսերի վերաբերյալ հաշվետվություն, և՛ էլեկտրոնային պիտի ուղարկես, և՛ առձեռն տանես։

Մի պահ էլ ասում էին՝ բոլորը փաստաթղթերը տարեք, տարանք, հետո ասին՝ սխալվել եք, էստեղից ուղարկեցին, տարանք, էնտեղից ասում են՝ սխալվել եք։ Հիմա ես ասում եմ՝ ճիշտ չի՞ լինի ծախսերի մասին հաշվետվությունը տանեմ տարածքային հանձնաժողովին տամ»։

Մեր զրուցակիցը նշում է, որ թեև կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոլեգալ որոշում է կայացնում, այդուհանդերձ զարմանալի է նման որոշման հիմքը։

Մենք Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ եկամուտներ ունի, ի՞նչ անշարժ ու շարժական գույք է հայտարարագրել և համարո՞ւմ է իրեն ունևոր թեկնածու։

Հովհաննես Մարգարյանը երկու բնակարաններ ունի, մեկը Երևանում, մյուսը՝ Գյումրիում, 1,8 հեկտարի չափ գյուղատնտեսական նշանակության հողեր ունի Կոտայքի մարզում։ Մեքենա չունի։

«Ես Գյումրի քաղաքում 15 տարի աշխատել եմ, միշտ ծիծաղելով ասում էին՝ տնաշեն, մի բուդկա չունես։ Գյուղատնտեսությամբ զբաղվող «Մադլեն գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրն եմ, դեռ չի սկսել որևէ բան արտադրել, բայց մտադրված ենք խոշոր ծրագիր սկսել՝ վարկային ռեսուրսներով, գյուղատնտեսական մթերքների վերամշակում։ Տեսնենք՝ երկրի վիճակը ոնց կլինի, մենք սուբլիմացիոն կենտրոն ենք ուզում հիմնադրել Կոտայքի մարզում, սուբլիմացիան վաակում պայմաններում արագ չորացումն է գյուղմթերքների, որը հետաքրքրություն ունեցող, բայց աշխատատար պրոցես է։

Ես չգիտեմ ինձ հարուստ համարեմ, թե աղքատ, բայց ինձ միշտ համարել եմ հոգով հարուստ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031