Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկաթե բռունցքով հայերի գլխին տալը դա միայն հայերի՞ համար էր, դա միայն մե՞նք ենք լսել: Մեկնումեկը ասե՞լ է Ալի՛եւ, էս ի՞նչ երկաթե բռունցք ես բանեցնում. Թեւան Պողոսյան

Հոկտեմբեր 04,2021 21:21

«Ալիեւի ցանկացած արտահայտություն, որն անում է, եւ անելու է, պետք է «համադրել» իր ազգային երազանքի հետ, որը նա ունի»,-արձագանքելով Ադրբեջանի նախագահի այսօրվա ելույթին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, վերլուծաբան Թեւան Պողոսյանը:
«Ես դիմում եմ… Հայաստանում նրանց, ովքեր ապրում են ռեւանշի զգացումով. մտածե՛ք ձեր մասին: Երկաթե բռունցքն այստեղ է, ոչ մի տեղ չի գնացել, տեղում է…»,-ասել է Իլհամ Ալիեւը՝ կոչ անելով հրաժարվել ռեւանշի փորձերից:

Թեւան Պողոսյանի խոսքով, Ալիեւն այդպիսի արտահայտություն է անում, որովհետեւ նա ընկալում է, որ հայերն իրենց թշնամիներն են եւ ինքն էլ շատ լավ գիտի, որ չի ջախջախել եւ դեռ Երեւան չի հասել:

«Ալիեւը բաց տեքստով հոգնել է մեզ ասելով, եւ ես չգիտեմ, ինչքա՞ն պետք է ասի, որ հայ ազգն ընկալի: Ասում է՝ տղերք ջան, հա՛մ Զանգեզուրն է իմը, հա՛մ Սեւանն է իմը, հա՛մ Էրիվանն է իմը ու գալու եմ՝ վերցնեմ: Այդ մարդը բացատրում է, որ իր համար այդ ամենը չի ավարտվել եւ գալու է դա անի: Ասում է՝ այսքանը արել եմ ուժով, հիմա սրանից հետո դուք պետք է ամեն ինչ բացեք, հանձնվեք, թղթերը ստորագրեք, որ ես դա տնտեսապես անեմ, ֆինանսապես ձեզ գրավեմ, որ էդտեղից ռադ լինեք: Ու ամեն անգամ ինքը փորձում է հիշեցնել, երբ հայ ազգի քաղաքական ինչ-որ մի մասը, 10 միլիոնանոց հայության ինչ-որ մարդկանց խումբ ասում է՝ մենք ունենք հայրենիք, պետք է հայրենիքը վերականգնել, մեր տղաներին հաղթանակ ենք պարտք, որ այդ ամենը որեւէ ձեւով չենք պատրաստվում մոռանալ եւ այլն»:

Ըստ Թեւան Պողոսյանի, Ալիեւի ասածների արդյունքային իմաստը նույնն է՝ տարբեր բառապաշարով. «Մենք պետք է ի վերջո հասկանանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը մեր թշնամականն է եւ նրանց վերջնական նպատակը հայ ազգի վերացումն է այս տարածաշրջանից եւ Հայաստանի գոյության չլինելն է: Եթե Ալիեւն էլ չլինի, հաջորդ սերունդն է չէ՞ այդպես դաստիարակվում: Իրենց պատմության որեւէ դասագիրք, որով դասավանդում են եւ որով քարոզում են, փոխե՞լ են, մենք լսե՞լ ենք, որ նոյեմբերի 10-ից հետո փոխել են, Թուրքիան սկսե՞լ է ընդունել պատմությունը, ցեղասպանությունը, թե ժխտում է մինչեւ վերջ: Այդ մարդիկ չեն փոխվել, այդ մարդկանց նպատակները չեն փոխվել, մենք ի՞նչ ենք մեզ համար արհեստական օրակարգեր հորինում, որոնք կյանքում չեն իրագործվելու: Խաղաղության դարաշրջան ենք բացում եւ այլն եւ այլն, չի՛ լինելու դա, թշնամին քեզ ուզում է վերացնել: Թշնամին էլ իր բառապաշարում բաց տեքստով ասում է՝ դու մեր թշնամին ես: Մի անգամ էսպես է ասում, մի անգամ՝ էնպես՝ նայած թե ում է ուզում այդ հաղորդումը փոխանցի»:

Մեր զրուցակցի խոսքով, որեւէ մեկը չի դատապարտում Ադրբեջանի նախագահի՝ նման բառապաշարով ելույթները. «Երկաթե բռունցքով հայերի գլխին տալը դա միայն հայերի՞ համար էր, դա միայն մե՞նք ենք լսել: Դա լսել են իրենց գործընկերները՝ Թուրքիան, Պակիստանը, դա լսել է միջազգային հանրությունը: Մեկնումեկը դե՞մ է խոսել, ասե՞լ է Ալի՛եւ, էս ի՞նչ երկաթ է բռունցք ես բանեցնում, մեկն ու մեկը կարողացե՞լ է գործողություն ձեռնարկի՝ թե այդ ի՞նչ պուրակ ես բացել, ասում են՝ դե լավ չի որ տենց պուրակ ես բացել, է հետո ինչ, դրանից պուրակը վերացա՞վ, նրա՝ հայատյացության դաստիարակությունը վերացա՞վ, հայերին վերացնելու նրա ցանկությունը վերացա՞վ:

Այս ամենի մեջ մենք պետք է ավելի խելոք լինենք եւ հասկանանք, որ ասածները ոչ միայն մեզ համար են, դա նաեւ ուրիշներին մեսիջներ փոխանցելն է: Դա նաեւ Միջազգային հանրության համար է, որ, եթե հանկարծ, իմ դեմ ինչ-որ բաներ փորձեք անել՝ ասենք՝ տպագրեք իմ ընտանիքի կարողությունների վերաբերյալ կոռուպցիոն գործընթացներ, ես էլ կոպիտ եմ խոսելու: Ալիեւն այդպիսի բառապաշարով ադրբեջանցիների աչքին ավելի շատ է հարգվում ու սիրվում, քան մեր ղեկավարությունը, որովհետեւ մեր ղեկավարությունն այսօր մեր հետ չի ապրում: Իմանալով, որ թշնամին խաղաղություն չի ցանկանում, ասում է՝ խաղաղության դարաշրջան է բացվում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031