Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սկորսեզեին ասացի` արի դադար տանք, մնանք բարեկամներ». աշխարհահռչակ Փոլ Շրեդերը Երեւանում է

Հոկտեմբեր 04,2021 17:42

Մի շարք հայտնի ֆիլմերի սցենարների հեղինակ եւ 2 տասնյակից ավելի ֆիլմերի ռեժիսոր Փոլ Շրեդերը 18-րդ «Ոսկե ծիրան»  միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրն է: ՀԲՄԸ գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ, որ համակարգում էր «Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը, նա մանրամասներ ներկայացրեց իր գործունեությունից եւ պատասխանեց մի քանի հարցի: Փոլ Շրեդերը պատմեց, թե ինչպես է սցենարներ ստեղծում, նշեց, որ կարեւորը հետաքրքիր պատմություն պատմելն է, եւ եթե 40 րոպե կարողացար հետաքրքրված պահել մարդկանց, ուրեմն ունես ֆիլմ:

«Ես նախ ուրվագիծն եմ անում… Ընդ որում, մինչեւ չիմանամ, թե օրինակ 55, կամ 58-րդ էջում ինչ է լինելու, ինչ է տեղի ունենալու վերջում, չեմ նստի ու գրեմ»,-նշում է նա: Նաեւ ընդգծում է, որ աշխատելիս շատ կարեւոր է ժամանակի զգացողությունը. «Ժամանակը կարեւոր է չտապալվելու համար»:

Շրեդերն ասում է, որ տարբեր խմբերի  ու լսարանների հետ աշխատելիս նրանց ասում է, որ սցենար գրելը պատմություն պատմելն է, որը կարող է կարճ լինել կամ երկար, բայց պետք է հետաքրքիր լինի. «Ես սովորեցնում եմ գտնել մետաֆորներ, գաղափարներ, որոնց շուրջ կարող է ծավալվել պատմությունը… Ես գրավիչ եմ, ես ատում եմ մորս… Սրանք բոլորը գաղափարներ են…»:

Աշխարհահռչակ կինոգործիչը, որ նաեւ ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր է, ասում է՝ սոցցանցերում երբեմն ֆիլմերի մասին է գրում: Հավելում է, որ չես կարող լինել միայն սցենարիստ ու ռեժիսոր, որովհետեւ ֆիլմն այլ մարդիկ էլ են ստեղծում:

Հանդիպման ժամանակ Մարտին Սկորսեզեի հետ իր համագործակցությանը վերջակետ դնելուն էլ անդրադարձավ. «4 սցենար եմ գրել Սկորսեզեի ֆիլմերի համար, որոնց թվում են` «Տաքսիստը», «Կատաղած ցուլը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը»… Բայց եկավ մի պահ, որ այլեւս իրար հետ չէինք կարող աշխատել, որովհետեւ 2 ռեժիսոր մի սենյակում էինք: Ասացի` արի դադար տանք, ավելի լավ է բարեկամներ մնանք»:

Ֆիլմերի համար դերասանների ընտրության մասին էլ խոսք գնաց: Փոլ Շրեդերը նշեց, որ միշտ չէ, որ լավ դերասանի պետք է փնտրել, կարեւորը ճիշտ դիմագծերն են, ճիշտ վարվեցողությունը. «Դերասանները չեն սիրում, որ իրենց փոխարեն որոշես, ասես՝ սա մի խաղա, նա մի խաղա, չեն սիրում, որ իրենց, օրինակ, որպես շիշ վերաբերվես: Հաճախ ասում եմ՝ պատկերացրեք, դուք ժայռ եք օվկիանոսի մեջ, իսկ ալիքները, որ փոթորկի պատճառով գալիս հարվածում են ձեզ, մեր սցենարն են, բյուջեն, համատեղ աշխատող դերասանները… Նրանք բոլորը  գնալու են, դուք մնալու եք… Դուք ժայռ եք»:

Շրեդերի ձեւակերպմամբ, ֆիլմն արվեստի ամենապասիվ ձեւն է, հանդիսատեսը ոչինչ չի անում, նրա փոխարեն ամեն ինչ անում են ֆիլմ ստեղծողները. «Ասում են՝ մենք քո փոխարեն ամեն ինչ կանենք, կասենք որտեղ հուզվես… Իսկ ե՞րբ են ֆիլմերը հիշվող դառնում, երբ դուք ստեղծագործ մոտեցում եք ցուցաբերում, ապրումակցում եք հերոսներին… Դուք սպի եք թողնում հանդիսատեսի սրտի եւ ուղեղի վրա, որը իրենք հետո պետք է բուժեն»:

Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ հայկական արմատներով ամերիկացի կինոսցենարիստ Մարդիկ Մարտինի հետ իր համագործակցությանը, որը քիչ էր մնում ավարտվեր դատարանով, սակայն, Շրեդերի ասելով, Մարդիկը հայերին բնորոշ բանակցելու ունակության շնորհիվ կարգավորել է խնդիրը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031