Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 17.04.2020թ. հարուցված և ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի ղեկավար Ռ. Խ.-ն, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2008 թվականից, կատարել է պաշտոնական դիրքի չարաշահում, որի հետևանքով համայնքը կրել է նյութական վնասներ:
Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ 2013թ. բջջային կապի օպերատոր հանդիսացող ընկերությունը ուսումնասիրության արդյունքում նպատակահարմար է գտել բջջային կապի հիմնական կայան տեղադրել Աստղաձոր համայնքի վարչական տարածքում՝ կոնկրետ հողամասում: Նախապես տեղյակ լինելով այդ մասին՝ համայնքի ղեկավարը, շահադիտական և անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, կնոջ՝ Ա. Խ.-ի հետ 2013 թ. օգոստոսի 6-ին կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով համայնքի ղեկավարի կինը Աստղաձոր համայնքից վարձակալել է համայնքի վարչական տարածքում գտնվող՝ վերոնշյալ ընկերության կողմից ընտրված տարածքն ընդգրկող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0,105 հա մակերեսով հողատարածքը՝ 99 տարի ժամկետով՝ տարեկան 12.900 ՀՀ դրամ վարձավճարով:
2013 թվականի օգոստոսի 12-ին այդ տարածքում ընկերության կողմից կայանքի կառուցման աշխատանքներն ավարտվել են, որից մի քանի օր անց՝ օգոստոսի 28-ին, 25 տարի ժամկետով կնքված ենթավարձակալության պայմանագրով նշված հողատարածքն ամսական 40.000 ՀՀ դրամ վարձավճարով ենթավարձակալության է հանձնվել ընկերությանը:
Մինչև 2020թ. ապրիլի 30-ը ենթավարձակալի կողմից կատարած վարձի վճարումների արդյունքում վարձակալը ստացել է ընդհանուր 3.147.335 ՀՀ դրամ շահույթ: Այդ կերպ Աստղաձոր համայնքը զրկվել է նույն չափով եկամուտ ստանալու հնարավորությունից։
Կարդացեք նաև
Նշված հանցավոր արարքները կատարելու համար Աստղաձոր համայնքի ղեկավար Ռ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրա կնոջը՝ Ա.Խ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով հոդվածով:
Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված գույքային վնասն ամբողջությամբ վերականգնվել է, լուծվել են նշված հողամասի վարձակալության և ենթավարձակալության պայմանագրերը. այն վերադարձվել է համայնքին և հեռահաղորդակցության վերոնշյալ ընկերության հետ համայնքը կնքել է վարձակալության նոր պայմանագիր: Այդպիսով վերականգնվել են համայնքի խախտված իրավունքները:
Նախաքննությունն ավարտվել է, դրա օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ գլխավոր դատախազություն