Լրահոս
Օրվա լրահոսը

«Արամը մի ոսկոր էր իրենց կոկորդում, որը պետք էր, որ ցուցմունք տար հօգուտ իրենց». զոհված զինծառայողի հայր (տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2021 17:02

«Արամը մի ոսկոր էր իրենց կոկորդում, որ պիտի ցուցմունք տար հօգուտ իրենց»,- Aravot.am-ի հետ զրույցում վրդովվեց արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս Արամ Գույումջյանի հայրը: Նա զոհվել է հոկտեմբերի 7-ին՝ Հորադիսում: Արամ Գույումջյանը պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Նրա անունը կապվում է հանրությանը հայտնի Հայկազովի զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ, համաձայն որի՝ շարքային Վահրամ Ավագյանն ինքնասպանություն էր գործել: Նույն զորամասում էր ծառայում նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին:

Արամի հայրը մեզ հետ զրույցում պատմեց՝ որդին 6 ամսվա զինծառայող էր՝ գրադի հաշվարկի հրամանատար, Լուսակերտից տեղափոխվել է Հայկազով զորամաս՝շարունակելու ծառայությունը Արցախի ՊԲ-ում: Ողբերգական դեպքը տեղի է ունեցել, երբ Արամն այդ զորամասում 20 օրվա զինծառայող էր:

Զինվորի ինքնասպանության օրվա մասին Գագիկ Գույումջյանը մանրամասնեց. «Դեպքը տեղի է ունեցել հունվարի 30-ին՝ ժամը 13.05՝ կրակայինում: Մինչ այդ զինվորների միջև խոսակցություն է եղել, թեթև հրել են իրար, Արամը՝ որպես սերժանտ կարողացել է բաժանել: Ինքնասպան լինող զինվորը՝ Վահրամ Ավագյանը, կրակել է զորքի ոտքերին, այդ պահին բոլորը փախել են՝ մոտ 30 հոգի: Տարբեր զորամասերից ներկա են եղել սպաներ, զինվորներ: Հետո ինքնասպան է եղել զինվորը: Արամը պատմում էր՝ երբ գլուխը բարձրացրել է, բոլորը փախել էին: Տեսել է կրակոցը ու որ ծառայակից ընկերն ընկել է: Այդ ժամանակ վաշտի մայորն ուզել է Վահրամին հետևից բռնել, սակայն նա չի թողել մոտենալ»:

Գագիկ Գույումջյանն ասաց՝ ողբերգական դեպքից հետո բոլորին տարել են Ստեփանակերտ՝ ռազմական ոստիկանություն: Արամի հայրը միայն փետրվարի 9-ին է կարողացել տեսնել որդուն. «Արամը պատմեց՝ իր քսան օրվա ծառայության ընթացքում ինքը չի տեսել մի բան, որը կհասցներ վեճի, ծեծուջարդի: Ոնց նկարագրում են՝ ինքնասպանության հասցնելը, Արամը հերքում է: Միայն մի բան է լինում, որ Արամին ստիպում են՝ ցուցմունքում գրի, որ ոչ թե հրել են, այլ հարվածել է: Արամի հետ հանդիպման ժամանակ նա զղջում էր, ասում էր՝ պապ, նման բան չի եղել, բայց ինձ կարողացան… Ու ես դա պետք է փոխեմ: Արամին ասել եմ, դու ոնց գրես, չգրես, ես քեզ հետ եմ: Արամն այս առիթով գրել է Ստեփանակերտի գործող դատախազ Հայկ Մխիթարյանին, որ իր այդ ցուցմունքը հիմք ընդունեն, որ այդտեղ հարված չի եղել, այլ բաժանելու պես է եղել մյուս զինակցին՝ Արարատ Սարգսյանին: Դատախազությունը գրում է, բայց այդ ցուցմունքի այդ նամակը կորչում է: Չկա գործում»:

Գագիկ Գույումջյանն ասաց՝ Արամին 7 ամիս պահել են ռազմական ոստիկանությունում՝ 5.5 ամիս Ստեփանակերտում, 1.5 ամիս Երևանում: Ըստ նրա՝ հուլիսին իր որդուն բերել են Երևան, այսպես ասած «մշակելու»: Նա պարզաբանեց. «Արամը մի ոսկոր էր իրենց կոկորդում, որը պետք էր, որ ցուցմունք տար հօգուտ իրենց: Ու այդ ամենը սկսվեց նրանից, երբ ինքնասպան եղած տղայի դիակը բերեցին Արգավանդ, Դավիթ Տոնոյանը մի շոու սարքեց ու ինքնասպանությունը սարքեց սպանությունը, տվեց Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի տղայի անունը և ողջ ժողովրդին բորբոքեց: Դատախազությանը մնում էր աշխատել, որ փրկել Դավիթ Տոնոյանին: Գործը լրիվ փոխվեց, կար չորս ձերբակալված, որից մեկն աշխատեց զինդատախազության, քննիչների հետ, գրեց՝ ինչ ուզում են, ոնց ուզում են, իրեն ռազմական ոստիկանությունում առանձնացրին: Նա զորացրվեց, իր կյանքը հաջող գնաց, իսկ մյուս երեքին ձերբակալեցին: Բայց նա էլ էր այդ պահին որպես մեղադրյալ: Այսինքն՝ Արամի ցուցմունքից էր ամեն ինչ կախված՝ կդատվեն այդ տղաները, թե՝ ոչ: Արամն ավելի ուժեղ էր, քան դատախազներն ու քննիչները, չվերցրեց այդ մեղքն իր վրա, չաշխատեց նրանց հետ: Անգամ քննիչն Արամին ասում էր՝ քարտեզի վրա մատդ որտեղ դնես, այնտեղ էլ կծառայես: Արամն ասում էր՝ ես էլի եմ ծառայում. էլ քաղցրով, էլ դառնով, ամեն ինչի գնում էին: Ինձ շատ էին ուղերձներ հասնում՝ տղայիդ ծառայությունը դժոխք կսարքենք: Չէին համակերպվում, քանի որ գործը պռավալ էր գնում: Երբ չստացան իրենց ուզածը, Արամին կրտսեր սերժանտից սարքեցին շարքային, տեղափոխեցին Մարտունի-2, պետք է դիրք պահեր, թուրքի շունչը զգար: Մարդ սովորած լինի հրետանավոր վեց ամիս, հետո յոթ ամիս անցկացնի ռազմական ոստիկանությունում, գնա ծառայության Մարտունի-2: Արամին հրետանավորից դարձրին պեխոտ: Երբ սեպտեմբերի 11-12-ին եղա Արցախում, դիվիզիոնի հրետանու պետն ինձ ասաց՝ տղադ ո՞ւմ ոտքն է տրորել, որ էս ձևի մինչև Ջալալ ընկել են հետևից: Այստեղ կար եռյակ՝ զինդատախազ Վահե Հարությունյան, Դավիթ Տոնոյան և Ջալալ Հարությունյան, որն Արցախում լուծում էր այն, ինչ իրեն ասում էին»:

Մեր հստակեցմանը՝ Դուք ունեք համոզում, որ Ձեր որդու նկատմամբ վրեժխնդի՞ր են եղել, Գագիկ Գույումջյանը պատասխանեց. «Իրենք հասան իրենց ուսածի. ոսկորը կարողացան կուլ տալ: Բայց կյանքը ցույց կտա: Ես պայքարելու եմ, մինչև բացահայտվի, ու պատժվեն»:

Արցախի զինդատախազի մասնակցությամբ դրվագին էլ Գագիկ Գույումջյանն ուշադրություն հրավիրեց ու պատմեց. «Սեպտեմբերի 13-ին Արցախից դուրս գալուց հասել էինք Վարդենիս, Արամն ինձ զանգեց, ասաց, որ Հայկ Մխիթարյանը, որին Արամը ցուցմունք-նամակ էր գրել, կիրակի օրով եկել էր: Ասել է՝ ինչո՞ւ ես իմ վրա բոչկա գլորում, Գույումջյա՛ն, Երևանի դատախազներին թողած, ասում է կներեք, բայց Ձեզ եմ այդ ամենը գրել: Դրա ձայնագրությունն էլ կա ինձ մոտ. Արամի հետ խոսակցությունը: Ես չեմ մեղադրում Հայկ Մխիթարյան դատախազին, ոչ էլ մյուսին, քանի որ բոլորն էլ հրաման կատարող են. ամեն ինչ Երևանից է ղեկավարվել»:

Գագիկ Գույումջյանը ներկայացրեց որդու հետ այս առիթով խոսակցության ձայնագրությունը:

Արամ Գույումջյանը վրդովված է՝ ինչո՞ւ պետք է իր որդին իր ընկերոջ՝ չորս գրադի հրամանատար Իլյա Նահապետյանի կողքին չլիներ պատերազմի ժամանակ. «Իլյան Հայկազովում չորս գրադ էր ղեկավարում: Եթե Արամի պես տղաներին չտեղափոխեին, չսարքեին գլխներին, նրանք կլինեին Իլյայի կողքին, ու պատերազմում ավելի մեծ օգուտ կտային: Մեկ հոգով չորս գրադ ղեկավարելն այդքան էլ հեշտ չէ: Երբ Արամի հետ սեպտեմբերի 30-ին կապ հաստատեցի, ասացի ավտոմատի կռիվ չէ, վերցրու գրադը, քո կարողությունը ցույց տուր, ասաց՝ պա՛պ՝ ո՞ւմ է պետք՝ դու ով ես, ի՞նչ կապ ունի: Այսինքն՝ այնտեղ կատարվել է այն, ինչ կատարվել է: Ոչ մեկ էլ իր մասնագիտությամբ չի եղել: Բոլոր նրանք, որոնք պիտի կռվեին առաջնագծում, լավ հրամանատարներ էին, նրանց տեղափոխել են քաղաք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031