Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք, մենք, բոլորս հանուն մեր հերոսների պարտավոր ենք շենացնել ու հզորացնել մեր երկիրը». Վաղաշենում տեղի ունեցավ զինվորական պանթեոնի և հուշարձանի բացման արարողություն

Հոկտեմբեր 04,2021 16:55

Հոկտեմբերի 2-ին Վաղաշեն համայնքում տեղի ունեցավ զինվորական պանթեոնի և հուշարձանի բացման արարողություն՝ ի հիշատակ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայողներ Արտյոմ Խաչատուրի Խաչատրյանի և Արման Վաղարմենի Մալխասյանի, պահեստազորայիններ և կամավորական սկզբունքով ծառայության մեկնածներ Արտյոմ Կարապետի Խաչատրյանի, Արտյոմ Արմանի Պետրոսյանի, Նորայր Լեռնիկի Հայրապետյանի, Աամվել Սահակի Գասպարյանի, Զոհրապ Սամվելի Արշակյանի, Նվեր Արտաշի Բադոյանի, Խաժակ Ֆորմիկի Գրիգորյանի:

Արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, վաղաշենցիներ, հյուրեր, զոհվածների ծնողներ և հարազատներ:

Հերոս տղաների ծնողների նախաձեռնությամբ և աջակցությամբ պանթեոնի մուտքի մոտ կառուցվել է հուշարձան, իսկ ողջ տարածքը բարեկարգվել Վաղաշենցի բարերարներ Ատոմ Մարտիրոսյանի, Հակոբ Խաչատրյանի, Հենրի Մելքոնյանի, Հուսիկ Հարությունյանի, Մամիկոն Նազարյանի և Գրիշա Սուվարյանի միջոցներով։ Աշխատանքների ողջ ընթացքին աջակցել է Վաղաշենի համայնքի ղեկավար Արթուր Սուվարյանը:

Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Վաղաշենցի քաջորդիների հիշատակին մատուցվեց հոգեհանգստի կարգ՝ ձեռամբ Գեղարքունյաց թեմի Լիճքի հոգևոր հովիվ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանի:

Հիշատակի և ոգեկոչման խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը` միաժամանակ շնորհակալություն հայտնելով Վաղաշենի համայնքի ղեկավարին և բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել պանթեոնի կառուցման գործում։

«Զոհված զինծառայողների հարգարժան ծնողներ և հարազատներ, գլուխ եմ խոնարհում այն քաջորդիների հիշատակին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի փրկության սուրբ գործի համար։ Դուք պետք է հպարտանաք, քանզի այսօր այն խաղաղությունը, որ մեզ տրվել է, ձեր զավակների շնորհիվ է: Դուք, մենք, բոլորս հանուն մեր հերոսների պարտավոր ենք շենացնել ու հզորացնել մեր երկիրը, կառուցել հզոր բանակ, ստեղծել հզոր տնտեսություն, որտեղ մեր գալիք սերունդները հնարավորություն կունենան ապրելու արժանավայել ու ապահով կյանքով: Փառք ու պատիվ մեր հերոսներն»,- նշեց Գեղարքունիքի մարզպետը:

Վաղաշեն համայնքի ղեկավար Արթուր Սուվարյանը ևս շնորհակալություն հայտնեց զոհված զինծառայողների ծնողներին՝ նման նախաձեռնություն ցուցաբերելու համար:

«Այս նորակառույց պանթեոնը կարող է ծառայել որպես «ուսումնադաստիարակչական կենտրոն» Վաղաշենցի սերունդների համար, քանզի այստեղ այցելելով նրանք կիմանան, թե ինչ սխրանք են գործել այս հերոս տղաները և հանուն ինչի է, որ իրենք ապրում են խաղաղ ու բարեկեցիկ երկրում»,- նշեց համայնքի ղեկավարը:

Այնուհետև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ ներկաները ծաղիկներ խոնարհեցին հերոսների շիրիմներին և խնկարկեցին նրանց հոգիների հանգստության համար, ինչից հետո գրական երաժշտական կատարումներով հանդես եկան վաղաշենցի դպրոցականները:

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031