Լրահոս
Օրվա լրահոսը

«Պայքարելու ենք, նաև ծավալելու ենք փողոցային պայքար». Ռոբերտ Քոչարյան

Հոկտեմբեր 04,2021 16:15

Այսօր կայացած մամուլի ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հավաստիացրեց, որ «Հայաստան» դաշինքը չի թուլացրել պայքարը եւ որ պատեհ պահի պատրաստ են նորից փողոց դուրս գալ՝ իշխանության հրաժարականի պահանջով:

«Պայքարելու ենք, նաև ծավալելու ենք փողոցային պայքար։ Բայց ամեն ինչ պետք է հասունացնել, աշխատել նաև ժողովրդի հետ, աշխատել Հայաստանով մեկ։ Այո, պետք է փորձենք համոզել, դու չես կարող փողոցային պայքար ծավալել առանց ժողովրդի ակտիվ ներգրավվման։ Այդ ակտիվ ներգրավվածությունը պետք է ապահովել նաև քարոզչական աշխատանքով՝ այդ նույն ժողովրդի հետ։ Ես երբ ասում եմ՝ փողոցային պայքար, դա չի նշանակում, որ հեսա Ռոբերտ Քոչարյանը հենց հիմա մամուլի ասուլիսից հետո դուրս է գալու փողոց, դրոշը վերցնի և հայտարարի, որ հենց հիմա, մեկ ժամից հավաքվում ենք փողոցային պայքարի համար։ Սա մի պրոցես է, որը պետք է գեներացնենք և եթե չկարողանանք այդ պրոցեսը գեներացնել, ուրեմն նշանակում է կամ ճիշտ բառապաշարը չենք գտել ժողովրդի հետ շփվելու, կամ այնուամենայնիվ ժողովրդի մեծ մասն այս ամենը մարսել է, այո, կարող է նաև այդպես լինել։ Մեր նպատակն իշխանափոխությունն է, մեր նպատակն այս մարդկանց տուն կամ մի ուրիշ տեղ ուղարկելն է, և դրա համար մենք պայքարելու ենք մեր բոլոր հնարավորություններով։ Եվ շատ բնական է, որ ընտրություններից հետո որոշակի անկում է լինում թեժ իրավիճակից, հետո նոր պրոցես է սկսվում այդ բողոքի գեներացման, մենք հիմա այդ փուլի մեջ ենք»,- ասաց նա։

Հարց հնչեց նաեւ Հայաստան-Ռուսաստան միութենական պետության հնարավորության մասին, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ այդ հարցին միանշանակ պատասխան չունի. «Ես նախագահ էի 10 տարի: Այդ ժամանակ ձեւավորվեց Ռուսաստանի Դաշնություն-Բելառուս միութենական պետությունը: Նման հարց երբեք չի քննարկվել: Այն, ինչ տեսնում եմ հիմա, հարցեր է առաջացնում: Այս տեմպերով արդյո՞ք մենք ունենք բավարար ռեսուրսներ պետականաշինության համար: Հիմա ես պատրաստ չեմ միանշանակ պատասխան տալ: Մեր պետականությանը սպառնացող վտանգների վերլուծություն է անհրաժեշտ: Անվտանգության տեսանկյունից` ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ գուցե ավելի լայն ձեւաչափի կարիք կա»:

Նա ընդգծեց, որ պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ը մեզ չպաշտպանեց, Ադրբեջանն այդ կառույցի անդամների հետ ավելի լավ հարաբերություններ ունի, քան մենք: Ուստի, Ռոբերտ Քոչարյանը գտնում է, որ Հայաստանը պետք է հարաբերություններն այլ հարթություն տեղափոխեր: Հիշեց, որ իր նախագահության տարիներին ուղակի անհնար էր, որ Բելառուսը որեւէ հարթակում Հայաստանին դեմ քվեարկեր:

Այլ մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031