Այսօր տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը վերաբերում է համայնքներին հատկացվող դոտացիաներին:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց, որ խոշորացումից հետո հավաքական առումով ավելի շատ գումար է ծախսվել, քան խոշորացումից առաջ:
2017 թվականին եւ հաջորդ տարիներին համայնքներին հատկացվող համահարթեցման դոտացիաները հաշվարկվում եւ հատկացվում են ոչ պակաս, քան 2016 թվականին փաստացի հատկացված դոտացիաները:
«Բյուջետային համակարգի մասին» օրենքը սահմանում է, որ պետական բյուջեից համայնքներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տվյալ տարում տրամադրվող դոտացիաների ընդհանուր գումարը սահմանվում է ոչ պակաս, քան տվյալ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարում ՀՀ համախմբված բյուջեի փաստացի եկամուտների հանրագումարի 4 տոկոսը:
Կարդացեք նաև
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ 2020 թվականի համախմբված բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 1608728,1 մլն. դրամ, որոնք 2019 թվականի համախմբված բյուջեի փաստացի եկամուտների՝ 1614924,6 մլն. դրամ, նկատմամբ նվազել են 6196,5 մլն. դրամով, ինչպես նաեւ ս/թ մայիսի 5-ի դրությամբ կատարված կանխատեսումները, համաձայն որի ՀՀ 2021 թվականի համախմբված բյուջեի եկամուտները կկազմեն 1617161,6 մլն դրամ, հետեւաբար ներկայիս օրենքի ամբողջ ծավալով ուժի մեջ մտնելու պարագայում ֆինանսական համահարթեցման դոտացիաների բաշխման հաշվարկները ցույց են տալիս, որ կլինեն համայնքներ (մոտ 118 համայնք), որոնց կհատկացվի ընդհանուր գումարով շուրջ 2411,3 մլն. դրամով պակաս, քան 2016 թվականին փաստացի հատկացված դոտացիաները:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ասաց, որ նախկինում, երբ դոտացիաները բաշխվում էին ըստ համայնքների, ամեն մի համայնք ուներ 1-2 գլխավոր ուղղություն, որով ծախսվում էին այդ դոտացիաները. «Երբ հիմա թվաբանական գումարով մեծ համայնքի համար ստանում ենք դոտացիոն գումար, փոքր բնակավայրերի մեկ-երկու գլխավոր ուղղությունները միջինացված մեխանիզմով կարող են կորել: Ինչ-որ հնարավորություններ նախատեսվո՞ւմ են, որ բնակավայրի գլխավոր ուղղությունները, որով ծախսվում էր դոտացիան, ինչ-որ տեղ պահպանվի»: Տերտերյանը պատասխանեց, որ փոքր համայնքներում ծախսային ուղղություններով հատկացումների դեպքում միշտ չի, որ կարելի է ասել խնդիրներ էր լուծվում. «Ցավոք սրտի, այդ գումարն այնքան փոքր էր, որ ոչ մի խնդիր էլ չէին լուծում, աշխատավարձ էին բաժանում ու դրանով լուծվում էր հարցը: Հիմա խնդրին այլ կերպ նայենք: Մի քանի գործոններ կան դոտացիաների: Օրինակ, եթե խոշոր բնակավայր էր ու իր բնակչությունը իր համար էր մեծ դոտացիա ապահովում, հիմա ինքը ապահովելու է նաեւ այն բոլոր փոքր համայնքների համար, որոնք բարձր դիրքերում են»:
Վաչե Տերտերյանն ասաց, որ այս ամբողջ օրենսդրական փոփոխությունը անում են, ճիգ են գործադրում, որովհետեւ միլիոնների տարբերություն է տալիս, իսկ համայնքների համար 1,5 մլն-նն էլ շատ կարեւոր է, 500 մլն-ի մեջ 15 մլն-ի շեղումը շատ մեծ նշանակություն ունի. «Օրինակ, Երեւանի բյուջեն 3 մլրդ նվազում էր, եթե 2016-ի բյուջեն հանում էինք, իսկ դա շատ մեծ ծախս է, որը պետք է լրացվի»:
Երեւանի նախկին քաղաքապետ. «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանն ասաց, որ երկու տարի պետբյուջեն չկատարելու արդյունքում է, որ հիմա քննարկում են նման խնդիրը. «Ներկայացնում եք, որ խոշորացման գնացած համայնքների հետ է կապված, բայց դրա հետ այնքան էլ առնչություն չունի, պետք է ազնիվ լինել: Մենք այս օրենքում ֆիքսո՞ւմ ենք, որ 2 տարի հետո դոտացիաները համայնքներում չեն նվազելու, նույնիսկ եթե պետբյուջեի եկամուտները չապահովեն»:
Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ եթե նման խնդիր առաջանա, լուծումներ կան. «Երեւանի մասով առաջիկա տարիներին ավելի լարված չի լինի, քան թե կար: Թե ինչ կլինի 2024 թվականի նոր բանաձեւի պարագայում, մենք մի անգամ էլ վարժություն կանենք ու կտեսնենք՝ ինչ է ստացվում բաշխումից: Եթե ռիսկային խնդիրներ կլինեն, ապա դոտացիոն ֆոնդը կմեծացնենք այնքան, որ ինքը բոլորին կհարթեցնի: Կամ առանձին մի գումար կնախատեսենք բյուջեում, որ հատկապես այն համայնքներում, որտեղ պրոբլեմ կառաջանա՝ առաջիկա տարիներին տանք: Լուծումները շատ տարբեր են»:
Տարոն Մարգարյանն արձանագրեց. «Ես հասկացա, որ մինչեւ 2024 թվականը Երեւանի դոտացիան չի նվազի: Մենք հստակ պետք է օրենքում նշենք, որ 2024-ից հետո, ինչ բանաձեւով էլ կհաշվվի, դոտացիան չնվազի, եթե չավելանա: Ռիսկը ո՞րն է, որ դա չենք ուզում օրենքում ֆիքսենք»:
Տերտերյանը պատասխանեց, որ որեւէ անգամ չեն ֆիքսել, չի հիշում նման դեպք: Ֆիքսել են միայն մի բան՝ 2016 թիվը պետք է վերցնեն՝ որպես բազա:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ: Տարոն Մարգարյանը «ձեռնպահ» քվեարկեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ