Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ ղեկավարը պետք է նստի ու բանակցի մի մարդու հետ, որն իրեն անվանել է հարբեցող, ծաղրածու». Ռոբերտ Քոչարյան.

Հոկտեմբեր 04,2021 15:20

«Հիմա խոսում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին եւ ՀՀ ղեկավարը պետք է նստի ու բանակցի մի մարդու հետ, որն իրեն անվանել է հարբեցող, ծաղրածու»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ տարակուսելով, թե ո՞րը պետք է լինի այդ հանդիպման բովանդակությունը:

Ռոբերտ Քոչարյանը նաեւ տարակուսեց, թե ի՞նչ է լինելու 3.5 տարի հետո, երբ Ադրբեջանն, ասենք, հրաժարվի խաղաղապահների մանդատը երկարացնել. «Ինձ հետաքրքիր է՝ այս իշխանությունն այս հարցն ինքն իրեն տալի՞ս է, թե՞ ոչ։ Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ ամեն օր այդ հարցը պետք ինքն իրեն տա»։

Անդրադառնալով առկա աշխարհաքաղաքական իրավիճակին էլ, նա ասաց, որ ակնհայտ է՝ Հարավային Կովկասում լուրջ գործընթացներ են ընթանում և ոչ մեր օգտին. «Փաստն այն է, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակից Հայաստանը պարտվել է պատերազմում, Թուրքիայի ռազմաքաղաքական դաշնակից Ադրբեջանը հաղթել է այս պատերազմում։ Սա առաջին դեպքն է հետխորհրդային այդ տարածքում, երբ այլ պետություն ուղղակի մասնակցում է ռազմական գործողություններին: Թուրքիայի մասին է խոսքը։ Առաջին դեպքն է, մինչ այդ բոլորը խուսափում էին նման գործողություններից Ռուսաստանին չնյարդայնացնելու համար, հասկանում էին, որ արձագանքը կլինի շատ կոշտ։ Հիմա ինչ հետևանքներ է սա ունենալու, դժվար է ասել։ Ակնհայտ է, որ Հայաստանը, որպես գործոն, կամ դադարել է գոյություն ունենալ այստեղ, կամ էապես նվազել է Հայաստանի ազդեցությունը։ Եվ ակնհայտ է, որ այս ամենը Ռուսաստանը հաշվի է առնելու իր քաղաքականության մեջ այս տարածաշրջանում։ Ադրբեջանի դերակատարությունն աճել է, Թուրքիայի դերակատարությունն աճել է, Ռուսաստանը չի կարող հաշվի չնստել այս հանգամանքի հետ, սա մեզ դուր է գալի՞ս, թե՞ոչ»։

Այս համատեքստում, անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգին էլ, բանախոսն ասաց. «Ուղղակի հարց է առաջանում՝ իսկ դու ո՞վ ես, ի՞նչ ես քեզնից ներկայացնում նման նպատակներ հնչեցնելուց և նման նպատակներ հետապնդելու ժամանակ։ Ամենից զավեշտալին գիտե՞ք ինչն է, որ այսօր դու բանակցային սեղանի շուրջ չես նստած, այսօր դու ինքդ այդ բանակցային սեղանի վրա ես, քեզ են քննարկում՝ առանց քո մասնակցության: Դու դադարել ես լինել բանակցային գործընթացի սուբյեկտ, դու արդեն վաղուց բանակցային գործընթացի օբյեկտ ես։ Այստեղ ևս մեկ հանգամանք՝ չես կարող խաղաղության դարաշրջան բացել տարածաշրջանում, եթե չես կարողանում այդ խաղաղության դարաշրջանը հաստատել քո սեփական երկրում և չես արել որևէ քայլ այդ նպատակին հասնելու համար, հակապես պատերազմից հետո և հատկապես պատերազմի հոգեբանական հետևանքները շտկելու համար»։

Իրավիճակի միակ փոփոխությունը Ռոբերտ Քոչարյանը տեսնում է գործող իշխանության հեռանալու մեջ. «Ընդհանրապես ծնկների վրա կանգնած բանակցելն ուղղակի հարմար չէ, չոքած ուղղակի հոգնում է մարդը, չի ստացվելու։ Եվ հատկապես դու չես կարող բանակցել մի մարդու հետ, որը ծաղրում է քեզ»։

Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն պատասխանում Ադրբեջանի նախագահի անգամ վիրավորական արտահայտություններին, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Որովհետեւ կոմպլեքսավորված են, որովհետեւ պարտվել են, որովհետեւ հնարավոր է, որ դրա հետեւում կան եւս այլ բաներ, որոնց մասին մենք այսօր չգիտենք: Միակ տարբերակը այս իրավիճակից դուրս գալու, սրանց հեռանալն է: Ես ուրիշ տարբերակ չեմ տեսնում: Ամեն հանդիպումը լինելու է լրացուցիչ նվաստացում Հայաստանի եւ մեր ժողովրդի համար»:

Այլ մանրամասները քիչ ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031