«Ոսկե ծիրան» Երևանի 18-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում հոկտեմբերի 8-ին կցուցադրվի միջազգային հումանիտար իրավունքի մասնագետ, փաստագրական ֆիլմերի ռեժիսոր Ստեֆան Զիգլերի «Broken. Պաղեստինյան ճանապարհորդություն՝ ըստ միջազգային իրավունքի» ֆիլմը: «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում Ստեֆան Զիգլերը նշեց, որ ինքն առաջին անգամ չէ Հայաստանում, իսկ այս անգամ ներկայացնելու է իր «Broken. Պաղեստինյան ճանապարհորդություն՝ ըստ միջազգային իրավունքի» ֆիլմը: Ռեժիսորի խոսքով, ֆիլմը նախատեսված չէ լայն լսարանի համար, բայց ինքը հույս ունի, որ այն հաջողություն կունենա Հայաստանում:
«Ինչպես նշված է ֆիլմի պաստառին, սա պաղեստինյան ուղեւորություն է` միջազգային իրավունքի ճանապարհով: Կարծում եմ՝ կան ընդհանրություններ հայկական եւ պաղեստինյան իրականություններում: Ֆիլմի հիմնական ուղերձն այն լեզուն է, որը մեզ տրամադրում է միջազգային իրավունքը: Այդ լեզուն կարող է հնարավորություն ընձեռել միջազգային իրավունքի միջոցով լուծել այն խնդիրները, որոնք քաղաքական գործիչները դժվարանում են լուծել»,-ասաց Ստեֆան Զիգլերը:
Նրա խոսքով, ֆիլմը փոփկոռնով դիտելու ֆիլմերից չէ: Հեղինակը հավելեց, որ ֆիլմի ցուցադրությունից հետո կկայանա քննարկում:
Զիգլերը աշխատել է ՄԱԿ-ում, Կարմիր Խաչի գրասենյակներից մեկում, 15 տարվա նման առաքելության փորձ ունի: Հարցին, թե հակամարտությունների համատեքստում առկա խնդիրներից հատկապես որոնք առաջնահերթ կառանձնացներ, ռեժիսորը պատասխանեց. «Պետք է դասեր քաղվեն հակամարտության գոտիներից… Հակամարտության գոտիների մարդիկ հիմնականում չեն հասկանում, որ միջազգային իրավունքը չէ հիմնական չարիքը: Ցավոք, թյուրըմբռնումը բերում է նրան, որ մարդիկ անվստահություն են ցուցաբերում միջազգային իրավունքի հանդեպ: Ես կարող եմ ասել, որ չարիքը ոչ թե միջազգային իրավունքն է, այլ դրա խախտումը:
Կարդացեք նաև
Ցավոք, մենք չունենք մշտադիտարկման գործիքակազմեր, որոնք վերահսկում են միջազգային իրավունքի ի կատար ածումը: Ինչ վերաբերվում է Ֆիլմի Broken վերնագրին, այն պատահական չի ընտրված, քանի որ ֆիլմը նվիրված է միջազգային իրավունքի դրժված խոստումներին: Մենք պատրաստվում ենք այցելել երկու համալսարան: Կարծում եմ, որ այս ֆիլմն ունի նաեւ կրթական արժեք»:
Ստեֆան Զիգլերը հավելեց, որ իր ֆիլմը վաճառվում է տարբեր համալսարանների` կրթական, հետազոտական նպատակների ծառայեցնելու համար, իսկ ֆիլմի վերաբերյալ մասնագիտական շրջանակներից` իրավաբաններ, գիտնականներ,հետազոտողներ եւ այլն, հնչող արձագանքները շատ դրական են:
«Այս ֆիլմում մեկ դատական գործի օրինակով եւ հիման վրա ստեղծել ենք վավերագրական ֆիլմ, որը ներկայացնում է միջազգային իրավունքի նորմերի իրագործումը կամ դրանք շրջանցելը: Ի դեպ, ինքս էլ դասավանդում եմ Ժնեւի համալսարանում, ունենք ուսանողներ, որոնք իրենց թեզերը գրելիս հղում են անում այս ֆիլմի վրա»,-ասաց ռեժիսորը:
Ստեֆան Զիգլերը նշեց նաեւ, որ մտադիր է այցելել նաեւ Կապան, որը նրա ձեւակերպմամբ, ամենաթիրախավորվածն է սահմանամերձ լինելու առումով: Կապանում ֆիլմի բացառիկ ցուցադրություն կկայանա: Նոյեմբերին էլ նախատեսվում է Broken-ը ներկայացնել Տավուշում եւ այլ սահմանամերձ վայրերում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ