Ինչո՞ւ պատերազմը չկանգնեցվեց հոկտեմբերի 7-ին և 19-ին. այս հարցն այսօր կայացած մամուլի ասուլիսում հնչեցրեց ՀՀ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ սա միակ հարցն է, որի պատասխանը ՀՀ իշխանությունը տվել է. «Ասել են՝ չենք կանգնեցրել, որ մեզ դավաճան չհամարեն։ Ուրեմն, սրանից բխում է հետևյալը. հոկտեմբերի 7-ից հետո բոլոր զոհերի մեղքը և պատասխանատվությունը այն մարդու վրա է, որը կարող էր պատերազմը կանգնեցնել և չի արել, խուսափել է այդ ծանր, բայց պատասխանատու որոշումը կայացնելուց»:
Ռոբերտ Քոչարյանը մի շարք այլ հարցեր էլ է հնչեցնում, որոնք դեռ պատասխաններ չունեն. «Ինչպես հանձնվեց Հադրութը, Շուշին՝ պատասխան չկա։ Այդ ճանապարհին Ջաբրայիլից մինչև Շուշի մեկ խրամատ չի փորվել, նույնիսկ փորձ չկար բնագիծ կառուցելու այդ ճանապարհին։ Պարզաբանումներ չկան այդ հայտնի 5 միլիարդի առաջարկի մասին։ Փաստ է, որ մինչև 2018 թվականը Ադրբեջանը փորձել է Ղարաբաղի դիմաց գումարներով ինչ-որ հարցեր լուծել, փաստեր կան, որ այդ փորձն արվել է նաև 2018 թվականից հետո։ Իշխանությունները խուսափում են խոսել այդ հարցի շուրջ, և սա ավելի մեծ կասկածներ է առաջացնում։ Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարող է մտածել, ունի հիմնավոր կասկած համարելու, որ այդպիսի փաստ գոյություն ունի այնքան ժամանակ, մինչև դա չհերքվի»։
Այս ամենից հետո Ռոբերտ Քոչարյանն ասում է. «Մեր պարտությունը տգիտությա՞ն արդյունքն է, թե՞ դավաճանության։ Չափազանց շատ են այն փաստերը, որոնք խոսում են հնարավոր, պլանավորված պարտության մասին, և բոլորս իրավունք ունենք մտածելու, որ դա հենց այդպես է այնքան ժամանակ, մինչև դա չհերքվի՝ շատ լուրջ և խորքը քննության ճանապարհով։ Փաստերի համադրումը հիմք է տալիս մտածել, որ շատ հավանական է, որ պատերազմը սկսվել է տգիտության, անկարողության, ապիկարության պատճառով, բայց ավարտվել է ըստ պայմանավորվածության։ Այս ամենն առերևույթ հանցագործություններ են, և մենք ակնկալում ենք, որ պատշաճ մարմինները պետք է դրանով զբաղվեն և գալու է ժամանակ, որ բոլորը պատասխան են տալու այս ամենի համար, նաև նրանք, ովքեր իրենց պաշտոնական դիրքից ելնելով պետք զբաղվեին այս հարցերով ու չեն զբաղվել»։
Կարդացեք նաև
Կասկածները փարատելու համար, Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, այս հարցերը պետք է քննել ընդդիմության ակտիվ ներգրավմամբ: Իսկ յուրաքանչյուր այլ տարբերակ, նրա համոզմամբ, վստահությունը հանրության մոտ չի վերականգնի։
Պատասխանելով հարցին, որ մի քանի ամիս առաջ ինքը հայտարարել էր Շուշին եւ Հադրութը վերադարձնելու հնարավորության մասին, դա մնո՞ւմ է ուժի մեջ եւ ի՞նչ է հնարավոր փոխել նոյեմբերի 2020-ի 9-ին եւ 2021-ի հունվարի 11-ին ստորագրած փաստաթղթերում, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ եթե այսպես շարունակվի, ապա ոչինչի հնարավոր չի լինի հետ բերել: Ըստ նրա, մեկ տարի անցել է, մեկ տարի ոչինչ չի բանակցվում. «Ես մոտավորապես գիտեմ, թե ինչ է բանակցվում Մոսկվայում միջկառավարական հանդիպումներում, միայն տեխնիկական հարցեր են քննարկվում: Որևէ առարկայական հարց Ղարաբաղի ապագայի և կարգավիճակի հետ կապված չի բանակցվում: Այսօր ՀՀ իշխանությունը բանակցային սեղանի վրա է, շուրջը նստած չէ, ամեն օրը ես համարում եմ կորցրած օր: Դուք չե՞ք նկատել, որ Ղարաբաղից չեն էլ խոսում, ասելիք չկա, ինչ-որ կոմֆորտ զոնա է առաջացել: Մի քիչ ժամանակ անցնի, մեր ժողովրդի մոտ տպավորություն է առաջանալու, որ Ղարաբաղը ռուս-ադրբեջանական բանակցությունների տիրույթում է գտնվում և Հայաստանը սրա հետ ունի միջնորդված առնչություն»:
Այլ մանրամասները քիչ ուշ՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ