Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը «ազդակ էր ուղարկում Ադրբեջանին, որ Հայաստանը այլևս ռեսուրսներ չունի և կարող է ավելացնել ռազմական ճնշումը». Ռոբերտ Քոչարյան

Հոկտեմբեր 04,2021 13:55

Այսօր կայացած մամուլի ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 44-օրյա պատերազմին վերաբերվող մի շարք հարցեր հնչեցրեց, որոնք դեռ պատասխաններ չեն ստացել: Առաջին և ամենից կարևոր հարցը, ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ արդյոք պատերազմը անխուսափելի՞ է եղել, թե՞ պատերազմը հրահրվել է միտումնավոր կամ, մեղմ ասած, քաղաքական միամտությամբ. «Ընդհանրապես, յուրաքանչյուր պետություն յուրաքանչյուր կառավարություն, մինչ պատերազմ սկսելու որոշում կայացնելը պետք է անի և անում է բավական խորը վերլուծություն․ առաջին հերթին համադրում են իրենց զինված ուժերի հնարավորությունը հակառակորդի ԶՈւ-ի հետ, համադրում են, փորձում են գնահատել այդ երկրի ներքաղաքական իրավիճակը, արդյոք ունա՞կ է այդ երկիրը կոնսոլիդացնել իր հասարակությունը։ Փորձում են հասկանալ հակառակորդ երկրի կառավարության ունակությունները, արդյոք սա ա՞յն կառավարությունն է, որը կարող է կառավարել պատերազմը: Հաջորդ քայլը փորձում են հասկանալ, թե ինչպես կպահեն իրենց հակառակորդի դաշնակիցները և այն ռազմաքաղաքական միավորումները, որոնց կազմում է գտնվում իրենց հակառակորդը։ Սա ուղղակի դասական վերլուծություն է, առանց դրա որևէ նման կարգի որոշումներ չեն կայացվում և, երբ որ այդ փաստերը իրենց համար բարենպաստ ձևով համընկնում են՝ որոշում է կայացվում պատերազմ սկսելու համար: Սա այբուբեն է, պետական կառավարման այբուբեն»:

2018 թվականից սկսած,ըստ ՀՀ երկրորդ նախագահի, ՀՀ կառավարությունն արել է ամեն ինչ, որ բոլոր այդ հանգամանքները համընկնեն և Ադրբեջանը իրավիճակը գնահատի որպես պատերազմի ձևով Ղարաբաղի հարցը լուծելու հնարավորություն. «Փակուղի են մտցրել բանակցային գործընթացը։ Իրարամերժ հայտարարություններով երեք տարում երեք տարբեր մոտեցում որդեգրելով առաջացրել են Մինսկի խմբի անվստահությունը Հայաստանի նկատմամբ։ Ձևավորվել է կարծիք, որ շուստրիության տարբերակով փորձում ենք խուսափել առարկայական բանակցային գործընթացից։ Վարկաբեկել են բանակը տարբեր քրգործերով, բաժանել են հասարակությունը սևերի- սպիտակների, և ցույց ենք տվել, որ կառավարման տեսանկյունից քաոտիկ, ոչ սիստեմի բերող կառավարություն է գործում Հայաստանում, իսկ պատերազմի ժամանակ նման կառավարման ոճն ուղղակի մահացու է երկրի համար։ Փչացրել են հարաբերությունները ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի հետ։ Հայտնի է նաև այս փաստը և հասկանալի է, որ ՀԱՊԿ-ը որպես միավոր որևէ ակտիվ մասնակցություն այս ամենի մեջ չի ունենալու»։

Այս ամենն, ըստ Ռոբերտ Քոչարյանի, Հայաստանը մեկուսացման մեջ դրեց եւ ոչ մի երկիր չդատապարտեց Ադրբեջանին պատերազմ սկսելու համար․ «Տպավորությունն այնպիսինն էր, որ մենք ԱԳՆ չունենք, թեպետ մենք ունեինք և շարունակում էինք ունենալ փորձառու դիվանագետներ, բայց որպես կառույց ուղղակի այն գոյություն չուներ»։

Ըստ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ կառավարություն կողմից արվել է ամեն ինչ այս պատերազմում Թուրքիային ներգրավվելու համար, եւ պաշտպանության նախարարի կողմից՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտարարությունն Ադրբեջանի համար այլընտրանք չէր թողնում իրենց ռիսկերը նվազեցնելու համար ուղղակի Թուրքիայի գիրկն ընկնելու:

Ռոբերտ Քոչարյանը կրկնեց ՝ եթե ՀՀ իշխանությունները լինեին թուրքական գործակալներ, ապա կանեին նույնը իրենց նպատակին հասնելու համար։

Անդրադառնալով պատերազմի մասին ՀՀ իշխանության տեղյակ լինել չլինելու հարցին էլ երկրորդ նախագահը հիշեցրեց, որ Հայաստանում գրեթե բոլոր վերլուծաբանները ահազանգում էին, որ պատերազմի վտանգը չափազանց մեծ է, նույնիսկ դեսպանատներին էին սկսել իրենց երկրների քաղաքացիներին զգուշացնել, որ Ղարաբաղ գնալը վտանգավոր է։ Այս իրավիճակում, ըստ նրա, դժվար է ենթադրել, թե մեր կառավարությունը այդ մասին չգիտեր. «Եթե գիտեր, ապա հարց է առաջանում՝ ինչո՞վ բացատրել, որ պատերազմի հենց առաջին օրը, առաջին երկու-երեք օրվա ընթացքում մենք կրել ենք ահռելի կորուստներ՝ և ռազմական տեխնիկայի, հակաօդային համակարգերի, և հրետանու մեր հնարավորությունների առումով։ Ուղղակի բացատրություն այստեղ չկա»։

Ռոբերտ Քոչարյանը կրկնեց՝ պատերազմում են պետությունները, ոչ թե բանակները եւ մանրամասնեց. «Պետությունն է մոբիլիզացնում ամբողջ հնարավորությունները պատերազմում հաղթանակ տանելու համար։ Հենց դա է հիմնական պատճառը, որ երկրի առաջին դեմքը պատերազմի ժամանակ դառնում է գերագույն գլխավոր հրամանատար, որ հնարավորություն ունենա մոբիլիզացնել ամբողջ ռեսուրսները և մարդկային, և նյութական։ Ըստ էության՝ Հայաստանում դա չարվեց, սա առաջին մեր ձախողման պատճառն է։ Մոբիլիզացիան ձախողվեց, բանակը համալրելու տեղը սկսեցինք զբաղվել ջոկատների ձևավորմամբ։ Անպատասխան մնացին Մովսես Հակոբյանի մեղադրանքները, հնչեցված փաստերը։ Անպատասխան մնացին մի շարք այլ հանգամանքներ և իշխանությունն այսօր ամեն կերպ խուսափում է իրենց համար ոչ հաճելի հարցերի պարզաբանումից։ Դուք բոլորդ լսել եք այն հրապարակային ելույթը, որով կոչ էր արվում վարչապետի կողմից ձևավորել ջոկատներ, գտնել զրահաբաճկոններ, ով ինչ ունի՝ տներից։ Սա ուղղակի ազդակ էր Ադրբեջանին, որ Հայաստանը այլևս ռեսուրսներ չունի և կարող է ավելացնել ռազմական ճնշումը ՀՀ-ի վրա։ Սա ուղղակի հանցագործություն է»,- ասաց նա:

Այլ մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031