Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են «երրորդ ուժի» մասին Իրանի հայտարարությանը

Հոկտեմբեր 04,2021 13:34

Ադրբեջանի արտգործնախարար Լեյլա Աբդուլլաևան արձագանքել է Իրանի արտգործնախարարին՝ հայտարարելով, որ անհիմն են Թեհրանի պնդումները իրանա-ադրբեջանական սահմանին որևէ երրորդ ուժի առկայության վերաբերյալ:

Հիշեցնենք, շաբաթ օրը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիյանը, մեկնաբանելով Ադրբեջանի հետ սահմանին իրենց զորավարժությունները՝ ասել էր, որ Թեհրանը երբեք չի հանդուրժի «կեղծ սիոնիստական ռեժիմի ներկայությունը և նրա սադրիչ գործողությունները» Իրանի սահմանին, ինչպես նաև տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունները:

«Մենք չենք ընդունում իրանա-ադրբեջանական սահմանին որևէ երրորդ ուժի առկայության մասին պնդումները, քանի որ այդ պնդումները որևէ հիմք չունեն: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի տարածքում որևէ ուժի, այդ թվում՝ ահաբեկչական տարրերի առկայությունը, որոնք կարող էին սպառնալիք լինել մեր պետությանը կամ հարևան երկրներին, չի կարող քննարկման առարկա լինել»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ:

Աբդուլլաևայի խոսքով՝ Ադրբեջանի հասցեին այդպիսի պնդումները անհիմն են և ադրբեջանական կողմին որևէ ապացույց չի ներկայացվել: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը միշտ առաջնորդվել է միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությամբ: «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ տառապել է իր տարածքի մի մասի օկուպացիայից և միջազգային սահմանների խախտումից: Մասնավորապես, Իրանին սահմանակից մեր ավելի 130 կմ տարածք գտնվել է Հայաստանի օկուպացիայի տակ: Ցավոք, տարիներ շարունակ, մենք բարեկամական իրանական պետությունից այդքան կտրուկ քննադատություն մեր սահմանների մի մասի օկուպացիայի մասին չենք լսել»,- ասել է Աբդուլլաևան:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը սատարում է սահմանված հարաբերությունները բոլոր երկրների հետ՝ հիմնված միջազգային սահմանների նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա: «Ինչ վերաբերում է Ադրբեջանում օտարերկրյա միջամտության մասին կարծիքին, մենք կցանկանայինք ընդգծել, որ Ադրբեջանի Հանրապետությունը միշտ վարել է անկախ արտաքին քաղաքականություն՝ հիմնված ազգային շահերի վրա, և վերջին 30 տարվա մեջ բազմիցս դա ապացուցել է կոնկրետ քայլերով: Բարեկամական և բարիդրացիական հարաբերությունների զարգացումը հարևան երկրների հետ մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է, և մենք մշտական քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ»,- ասել է նա:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031