«Օրինակ` կա մեկ անձի ցուցմունք, ըստ որի՝ անձը, մի քանի քրեական գործերով ունենալով մեղադրյալի կարգավիճակ, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից հովանավորչություն է ստացել այդ քրեական գործերով, ինչի դիմաց «Երեւան» հեռուստաընկերության բաժնետոմսերը, որպես կաշառք, փոխանցվել են Աղվան Հովսեփյանին»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ «Անհեթեթությունն այս մեղադրանքի կայանում է նրանում, որ չեն հարցաքննվել համապատասխան քննիչներն ու դատախազները։ Այդ դեպքում պարզ կլիներ՝ կաշառք ստանալը համապատասխանո՞ւմ է իրականությանը։ Համապատասխան քննիչը եւ դատախազը պետք է հաստատեին, որ այո, այդ անձի հանդեպ տվյալ քրեական գործերով դրսեւորվել է դրական վերաբերմունք։ Բայց ստացվում է, որ անձը քնել-արթնացել է ու քննությանը հայտնել, որ 50% բաժնեմաս է փոխանցել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որպեսզի նա հովանավորի քրեական գործերով դրական ելքը»,-նշեց Ալեքսանյանը։ Նա դժվարությամբ է պատկերացնում, որ այդ գործերով որեւէ քննիչ կամ դատախազ կհայտնվի ու կասի, որ գլխավոր դատախազը հրահանգել է առանձնահատուկ վերաբերմունք դրսեւորել այդ քրեական գործերի հանդեպ։ Նշենք, որ խոսքը «Շանթի Յուրա» անվամբ հայտնի Վարշամ Ղարիբյանի ցուցմունքի մասին է։
Պաշտպանի խոսքով՝ անգամ եթե իրենք միջնորդեն որպես վկա հարցաքննել այդ քննիչներին ու դատախազներին, եւ եթե վերջիններս ասեն, որ երբեք ոչ մի հովանավորչություն չի եղել, այդ դեպքում նրանք չեն ունենա իրենց ասածի ապացուցողական բազան։
Էրիկ Ալեքսանյանի փոխանցմամբ՝ այժմ բազմաթիվ դատավարական-քննչական գործողություններ են ընթանում, Աղվան Հովսեփյանի մասնակցությամբ որեւէ առերեսում դեռ տեղի չի ունեցել։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի սկզբին կալանավորվել էր։ Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազի եւ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում մասնակցել է մի շարք ՍՊԸ-ների կառավարմանը, նաեւ՝ ստացել 190.000.000 ՀՀ դրամ կաշառք, խարդախության եղանակով կատարել 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն, օրինականացրել է (փողերի լվացում) հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը։ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել էր Հովսեփյանի պաշտպանների բողոքը․ նա կշարունակի մնալ կալանքի տակ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ