Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևների ընտանիքը 694 միլիոն դոլարի անշարժ գույք ունի Բրիտանիայում. «Պանդորայի փաստաթղթեր»

Հոկտեմբեր 04,2021 12:34

Հոկտեմբերի 3-ին OCCRP-ն հրապարակել է լրագրողների պատմության մեջ խոշորագույն հետաքննության արդյունքները, որին մասնակցել են ավելի քան 600 մարդ աշխարհի 117 երկրներից: Նախագիծը հիմնված է 14 ընկերություններից արտահոսած փաստաթղթերի վրա, որոնք կորպորատիվ ծառայություններ են մատուցում օֆշորային տիրույթում: Փաստաթղթերի արխիվը հայտնվել է Լրագրողների հետաքննության միջազգային կոնսորցիումի (ICIJ) տրամադրության տակ և ստացել «Պանդորայի փաստաթղթեր» անվանումը:

Միջազգային կոնսորցիումի լրագրողներն ուսումնասիրել են միլիոնավոր փաստաթղթեր, որոնցում շրջանառվում են պետությունների ներկա և նախկին ղեկավարների և ավելի քան 300 պաշտոնյաների անուններ, այդ թվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը:

Այսպես, լրագրողները հայտնաբերել են 84 նախկինում անհայտ օֆշորներ, որոնք տիրապետել են Ալիևները և նրանց երկու մերձավորներ՝ նախկինում հարկային ծառայության պաշտոնյաներ, այժմ՝ գործարարներ Աշրաֆ Կամիլովը և Ջաֆար Ղուրբանովը դեռ 2006թ-ից:

Կամիլովն առավել սերտ կապ է ունեցել Ալիևների ընտանիքի օֆշորային կայսրության հետ, քան որևէ մեկը երբևէ կարող էր ենթադրել: «Պանդորայի փաստաթղթերը» ցույց են տալիս, որ նրա անունը շրջանառվում է 84 օֆշորային ընկերություններից 35-ում, իսկ 10 -ում նրա ընտանիքի անդամները շրջանառվում են որպես բաժնետեր: Երեք դեպքում հենց Կամիլովն է ձեռք բերել ընկերություն Բրիտանական Վիրջինյան կղզիներում, դրանց միջոցով գնել է անշարժ գույք, հետո դրանք հանձնել Ալիևների ընտանիքին:

Ալիևների ընտանիքի հետ կապված բոլոր 84 ընկերությունները գրանցված են Բրիտանական Վիրջինյան կղզիների մեկ փոստային հասցեի վրա: «Պանդորայի փաստաթղթերը» ցույց են տալիս, որ տասնյակ այդ ընկերություններ հիմնադրվել են և տնօրեններին փոխել են միևնույն օրը: Որոշ դեպքերում ընկերությունները ձեռքից ձեռք են անցել մի քանի անգամ անշարժ գույքը գնելուց առաջ կամ հետո: Փաստաթղթերում տեղեկություն չկա այն մասին, թե երբ և ինչպես են վճարել անշարժ գույքի համար: Սակայն այն փաստը, որ օբյեկտների մեծ մասը գրավի տակ չի եղել, ցույց է տալիս, որ վճարումը կատարվել է կանխիկ:

Ալիևների կողմից Լոնդոնում գնված անշարժ գույքը հասնում է 694 մլն դոլարի: Հարստություն դիզելու ժամանակաշրջանն ընդհատվել է 2015թ.՝ Ադրբեջանում ֆինանսական ճգնաժամի ժամանակ, որը սկսվել էր նավթի գների անկման և տեղական արժույթի արժեզրկման պատճառով: Այդ ժամանակ Ալիևները վաճառել են բազմաթիվ առևտրային նշանակության անշարժ գույք, այդ թվում խոշոր շինություն Լոնդոնի Բլումսբերի պատմական թաղամասում: Բացի այդ, փակվել են նրանց պատկանող օֆշորային ընկերությունների մեծ մասը: Սակայն Ալիևներն ամեն ինչից չէ, որ զրկվել են. 191 մլն դոլարի անշարժ գույք նրանք հանձնել են թրասթինգային կառավարման Մեն կղզում գրանցված The Root Property Investment Trust ընկերությանը:

Ալիևի որդին՝ Հեյդար Ալիևը, տարրական դպրոցի աշակերտ է եղել, երբ դարձել է իր առաջին օֆշորային ընկերության սեփականատեր: Ալիևի դուստրը՝ Արզուն, 19 տարեկանում դարձել է բաժնետեր շվեյցարական բանկում հաշիվներ պահող Strahan Holding and Finance Corp օֆշորային ընկերությունում, որը 5 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ անշարժ գույք է գնել Լոնդոնում: Բացի այդ, «Պանդորայի փաստաթղթերը» ցույց են տվել, որ Արզու Ալիևան իր կողմից 19 տարեկանում բացված օֆշորային ընկերության միջոցով եղել է AAC շինանյութ արտադրող գործարանի բաժնետեր, որը մասամբ բացվել էր պետությունից մոտ 12.8 մլն դոլարի վարկային միջոցներով: Ընկերությունը շինանյութ էր արտադրում երկրի խոշորագույն պետական օբյեկտների համար: 2012թ. Արզու Ալիևային է պատկանել այդ գործարանի բաժնետոմսերի 39 տոկոսը:

Ալիևը հայտարարագրեր չի ներկայացնում, հետևաբար նրա հստակ եկամուտները հայտնի չեն: Նրա վերջին հրապարակված պաշտոնական աշխատավարձը կազմել է տարեկան մոտ 230 հազար դոլար:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031