Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի «Թզուկ Մզուկը» գրքի հիման վրա Երևանի խամաճիկների պետական թատրոնում բեմադրվել է համանուն ներկայացումը։
Սա Խամաճիկների թատրոնում մանկագիր Նունե Սարգսյանի գրքի հիման վրա բեմադրված արդեն երկրորդ ներկայացումն է. 2017 թվականից ի վեր թատրոնի փոքրիկ հանդիսատեսները հնարավորություն ունեն դիտելու հեղինակի «Քաչալ ոզնին» հեքիաթի բեմականացումը։
Հոկտեմբերի 3-ին Խամաճիկների թատրոնում ցուցադրված «Թզուկ Մզուկը» ներկայացմանը ներկա է գտնվել նաև Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը։
Կարդացեք նաև
Ներկայացումը յուրօրինակ պատում է չարի փոխարեն բարին ընտրելու, ազնվության, ընկերության, ընտանեկան սիրո և հոգատարության մասին։
Բեմադրության հեղինակ, թատրոնի գլխավոր ռեժիսոր Աննա Էլբակյանի մտահղացմամբ ներկայացման ընթացքում հնչում է նաև դասական երաժշտություն. այս մոտեցումը կիրառվել էր նաև «Քաչալ ոզնին» ներկայացման ժամանակ: Սա, նրա խոսքով, նպատակ ունի դեռ փոքր տարիքից երեխաների մեջ սերմանել սերը դասական երաժշտության հանդեպ, դաստիարակել նրանց ճիշտը, գեղեցիկն ու ճաշակովն ընկալելու ու սիրելու ունակությամբ։
Աննա Էլբակյանը նշել է, որ «Թզուկ Մզուկը» ներկայացման բեմադրության վրա երկար ժամանակ մանրակրկիտ ու լուրջ աշխատանք է տարվել։
«Շատ սիրում ենք Նունե Սարգսյանի հեքիաթները, քանի որ դրանք յուրահատուկ նրբություն ունեն։ Տեքստերը յուրօրինակ փիլիսոփայություն ունեն, ինչը բնորոշ է ամենալավ հեքիաթասացներին։ Անգամ մեծահասակները ներկայացումից հետո ինչ-որ բան են տանում իրենց հետ»,- նշել է Աննա Էլբակյանը։
«Թզուկ Մզուկը» ներկայացման ավարտին փոքրիկ հանդիսատեսները, ինչպես նաև բեմադրության հեղինակներն ու մասնակիցները լուսանկարվել են տիկին Նունե Սարգսյանի հետ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ