Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օֆշորներում թափառող հայկական հանքերը. «Հետք»

Հոկտեմբեր 04,2021 10:56

«Հետք». 2012 թ. հոկտեմբերի 26-ին «Հայկական ժամանակ» օրաթերթը, որը պատկանում է ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին, անգլերեն գովազդ հրապարակեց բրիտանացի ներդրողների կողմից առաջիկայում Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտում կատարելիք ներդրումների մասին: Դրա նախորդ օրը «ՀԺ»-ն հրապարակվել էր գովազդի հայերեն տարբերակը, բայց ուշադրության արժանի էր ոչ միայն այն, որ օրաթերթը անգլերեն գովազդ, որպես կանոն, չի հրապարակում, այլեւ գովազդ-հայտարարության մեջ առկա ազգանուններից մեկը՝ սըր Թոնի Բոլդրի (Sir Tony Baldry, 2012-ից ունի ասպետի կոչում), որը բրիտանական խորհրդարանի պատգամավոր էր 1983-2015 թթ. եւ ներկայանում էր որպես ներդրողների ղեկավար անդամ: Հասկանալի է, որ բրիտանացի ներդրողները հայտարարությունը հրապարակել էին հայաստանցի գործընկերների միջոցով: Իսկ ո՞վ էր վերջիններիս «ղեկավարը»: Այն ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (2007-2017 թթ.) Վարդան Այվազյանը, որը մինչ այդ՝ 2001-2007 թթ., բնապահպանության նախարարն էր:

«Հետքի» ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը ցույց են տալիս, թե ինչպիսի բիզնես հարաբերություններ ու գործարար ցանց է ստեղծել նախկին բարձրաստիճան այս պաշտոնյան բրիտանացի գործընկերների հետ, որոնք Հայաստանում «բիզնես են դրել» օֆշորային ընկերությունների միջոցով:

Օֆշորային «դրախտի» հետ կապեր ունի նաեւ Վ. Այվազյանի մերձավոր շրջապատը, սակայն կոնկրետ այս հոդվածում կպատմենք Այվազյանի ու բրիտանացիների հանքարդյունաբերական մի քանի նախագծերի մասին, որոնց վերաբերյալ օֆշորային փաստաթղթեր են արտահոսել:

«Pandora Papers». նոր արտահոսք օֆշորային գոտիներից

Նշված փաստաթղթերը ստացել ենք մեր գործընկերներից՝ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումից (International Consortium of Investigative Journalists, ICIJ): Դրանք արտահոսած փաստաթղթեր են տարբեր օֆշորային գոտիներից: Ամբողջ թղթապանակը, որը լրագրողներն անվանել են «Pandora Papers», կոնսորցիումի կողմից երբեւէ հրապարակված ամենածավալուն փաթեթն է:

Ահա «Pandora Papers»-ի եւ նախկինում ICIJ-ի կողմից հրապարակված մյուս թղթապանակների համեմատությունը՝ ներառյալ ծավալը բայթերով եւ փաստաթղթերի թիվը:

Փաստաթղթերն ուսումնասիրել են ավելի քան 600 լրագրողներ աշխարհի 117 երկրներից ու տարածքային միավորներից: Հայաստանից նախագծին մասնակցում է «Հետքի» թիմը: «Pandora Papers»-ում առկա ընկերություններն (ավելի քան 27 հազ. հատ) ու դրանց սեփականատերերը (շուրջ 30 հազ. մարդ) կապ ունեն աշխարհի ավելի քան 200 երկրների եւ տարածքային միավորների հետ, ինչը խոսում է արտահոսած փաստաթղթերի աշխարհագրական շատ մեծ մասշտաբի մասին: 2,94 տերաբայթ ծավալով թղթապանակում կան նաեւ ընկերությունների վերջնական շահառու սեփականատեր (ultimate beneficial owner, UBO) հանդիսացող հայերի անուններ, այդ թվում՝ պաշտոնյաների ու գործարարների, նրանց փոխկապակցված անձանց:

Բրիտանական ներդրումները «գալիս են» Հայաստան

2012-ի հոկտեմբերին բրիտանացի ներդրողները «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակած հաղորդագրությամբ հայտարարեցին, որ 2013-ի սկզբին պատրաստվում են շահագործել երկու նախագիծ՝ Բազումի երկաթի հանքավայրը Լոռու մարզում եւ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրը Վայոց Ձորում: Ըստ հայտարարության՝ նախագծերի իրականացման համար պետք է ներդրվեր մինչեւ 400 մլն դոլար, ստեղծվելու էր 5000 աշխատատեղ: «Նախագիծը Հայաստանի տնտեսության համար կստեղծի նաեւ սպասարկող ենթակառուցվածք՝ էներգացանց, երկաթուղային գծեր, քիմիական գործարաններ եւ այլն: Զգալի ֆինանսական աջակցություն է ներգրավվելու Սաուդյան Արաբիայի «Al-Dhowayan Group» ներդրումային ընկերության կողմից, որը նույնպես նախագծի գործընկերներից է»,- ասվում էր հայտարարության մեջ:

Բրիտանական ներդրումները Հայաստան էին մտնելու «ՎայքԳոլդ» եւ «Սուրարտ» տեղական ընկերությունների միջոցով, որոնցից առաջինը, ըստ «ՀԺ»-ում հրապարակված հաղորդագրության, այդ պահին արդեն դիմել էր ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն՝ Ազատեկի հանքի շահագործման վերաբերյալ արդյունաբերական եւ բնապահպանական առաջարկներով, իսկ «Սուրարտը» Բազումի հանքի հետախուզման (ուսումնասիրության) լիցենզիա ուներ: Ըստ հայտարարության՝ հանքավայրերի կառավարիչ ընկերություններն էին լինելու «Coeur Gold Armenia Ltd»-ն եւ «Bazum Steel Ltd»-ն, որոնք «ՎայքԳոլդի» ու «Սուրարտի» մայր ձեռնարկություններն էին:

Իրականում, սակայն, 2012-ի հոկտեմբերին, համաձայն ՀՀ պետռեգիստրի, հայկական ընկերությունները դեռեւս ամբողջությամբ պատկանում էին Վարդան Այվազյանին ու նրա մերձավոր շրջապատին: Մյուս կողմից՝ նշված կառավարիչները օֆշորային ընկերություններ էին, չնայած այդ մասին նշում չկար. «Coeur Gold Armenia»-ն՝ Սեյշելներից, իսկ «Bazum Steel»-ը՝ Բելիզից:

Գովազդ-հայտարարության մեջ անդրադարձ կա նաեւ բրիտանացի ներդրողների տեղական գործընկերներին, սակայն անուններ չեն նշվում: Այս դեպքում կարող ենք ընկալել, որ խոսքը «ՎայքԳոլդի» եւ «Սուրարտի» տերերի, մասնավորապես՝ Վարդան Այվազյանի մասին է: Ահա, թե ինչ ենք կարդում. «Հայկական գործընկերները մեծ ներդրում կունենան նախագծի մեջ երկրաբանական եւ հանքարդյունաբերության փորձի շնորհիվ, համոզված է «Coeur Gold Armenia Ltd» եւ «Bazum Steel Ltd» ընկերությունների կառավարման խորհրդի անդամներից մեկը՝ սըր Թոնի Բոլդրին, ով Միացյալ Թագավորության խորհրդարանի անդամ է: «Մենք հետաքրքրված ենք Լոնդոնի ֆինանսական կառույցներում գումարներ հայթայթել՝ նախագծեր կյանքի կոչելու համար,- ասաց նա:- Հույս ունենք՝ կկարողանանք դա անել հաջորդ տարվա սկզբին. ժամանակի հարցը կապված է աշխատանքի համար անհրաժեշտ թույլտվություններ ստանալու հետ»»:

Ըստ հաղորդագրության՝ բրիտանացիները նախատեսում էին ներդրումներ անել ոչ միայն հանքարդյունաբերության մեջ, այլեւ ուրիշ նախագծերում, որոնք հեռանկարում պիտի միավորվեին արդյունաբերական կլաստերի մեջ: Եվս մի հատված «ՀԺ»-ում տպագրվածից. ««Դեռ վաղաժամ է խոսել, թե ինչ նախագծեր են դրանք լինելու, սակայն մենք չենք ցանկանում մաքսիմալ եկամուտներ քաղել մեկ-երկու նախագծից: Մենք այստեղ ենք գալիս երկար ժամանակով. այստեղից էլ բխում են մեր ընդլայնման նպատակները: Մենք մտադիր ենք իրագործել դրանք քայլ առ քայլ, եթե մեր սկզբնական ներդրումներով մեզ հարմարավետ զգանք Հայաստանում: Այս տեսակետից ընդլայնման միտումը շատ բնական է»,- ավելացրեց ընկերությունների խմբի ռազմավարության գծով տնօրեն Նաթան Լոուրին: Այս տեսլականի ներքո ներդրողներն արդեն հանդիպել են Վանաձորի քիմկոմբինատի ղեկավարության հետ, որտեղ քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները»:

Ինչո՞ւ չիրականացավ «Սուրարտի» նախագիծը

«Սուրարտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2005-ի նոյեմբերին: Միակ սեփականատերն ու տնօրենը եղել է այն ժամանակ բնապահպանության նախարար Վ. Այվազյանի ավագ որդին՝ Սուրեն Այվազյանը (ընկերության անվանումն էլ նրա անունից է առաջացել): 2007-ի հունվարին նա իր ամբողջ բաժնեմասը փոխանցել է երեւանցի Սուրեն Բադալյանին, որն իր հերթին 2008-ի հուլիսին ընկերությունը հետ է փոխանցել Ս. Այվազյանին, վերջինս էլ 2011-ի հունվարին ՍՊԸ-ն հանձնել է հորը, որն արդեն ԱԺ պատգամավոր էր իշխող ՀՀԿ-ից: Այվազյանները հաշվառված են Չարենցավան քաղաքում, բայց փաստացի բնակվում են Վահագնի թաղամասում: Մինչեւ 2007 թ. «Սուրարտը» գրանցված էր Երեւանում՝ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի օգնական Տիգրան Քրմոյանի բնակության հասցեում, իսկ հետո տեղափոխվեց Չարենցավան (բայց ոչ Այվազյանների հասցե):

2011-ի մայիսին Բելիզի մայրաքաղաք Բելմոպանի նույն հասցեում գրանցված երկու ընկերություններ փայատեր դարձան պատգամավոր Այվազյանի ընկերությունում: «Սուրարտի» 60 %-ը անցավ «Bazum Steel Ltd»-ին, 21 %-ը՝ «Bazum Mining Operations»-ին, իսկ 19 %-ը մնաց Վարդան Այվազյանին: Սակայն օֆշորային ընկերությունները երկար չմնացին այստեղ եւ արդեն 2011-ի հոկտեմբերին դուրս եկան «Սուրարտից»՝ դրա 100 %-ը նորից թողնելով Այվազյանին: Մեզ չի հաջողվել պարզել, թե կոնկրետ ովքեր էին բելիզյան ընկերությունների իրական սեփականատերերը այդ ժամանակ, սակայն 2011-ին արձանագրված նրանց կարճ մասնակցությունը «Սուրարտում» այդքանով չավարտվեց:

Նկատենք, որ այդ ժամանակ «Սուրարտը» Բազումի հանքի ուսումնասիրման լիցենզիա ուներ, որը ստացել էր 2008-ի փետրվարին եւ ուժի մեջ էր մինչեւ 2012-ի դեկտեմբեր: Այսինքն՝ 2012-ի հոկտեմբերի դրությամբ, երբ բրիտանացիները հայտարարում էին իրենց առաջիկա ներդրումների մասին, «Սուրարտը» Բազումի հանքի հանդեպ իրավունքներ ուներ:

2013-ի մարտին, ըստ ՀՀ պետռեգիստրի, «Bazum Steel Ltd»-ն Վարդան Այվազյանից ամբողջությամբ ձեռք է բերել «Սուրարտ» ՍՊԸ-ն եւ մինչ օրս դրա միակ սեփականատերն է, սակայն տնօրենը դեռ Այվազյանի ժամանակներից՝ 2008-ից, երեւանցի Աշոտ Հովհաննիսյանն է, ով նախկին պաշտոնյայի մերձավորներից է: Մեր հարցին, թե արդյոք նախկին պաշտոնյան ներկայում կապ ունի «Սուրարտի» հետ, Հովհաննիսյանը պատասխանեց. «Նախկինում երեւի կապ է ունեցել, բայց էս վերջում չկա»:

ICIJ-ը հարցեր է ուղղել բրիտանացի նախկին պատգամավոր Թոնի Բոլդրիին, որը, ինչպես նշվել է ներդրողների գովազդում, «Coeur Gold Armenia Ltd» եւ «Bazum Steel Ltd» ընկերությունների կառավարման խորհրդի անդամ էր:

Բրիտանացի գործիչը նշել է, որ, իր հիշելով, «Bazum Steel Ltd»-ի խորհրդի անդամ է եղել 2012-2014 թթ., ինչից հետո այլեւս կապ չի ունեցել ընկերության հետ: Միաժամանակ, ըստ նրա, դրա սեփականատեր չի եղել: Բոլդրիի ասելով՝ ինքը Հայաստանում եղել է մեկ անգամ՝ մոտավորապես 2012-ին, ու այցելել Բազումի հանքավայր: Նկատել է, թե երկրաբանական փաստաթղթերում նշվում էր հանքում առկա զգալի պաշարների մասին, եւ առավելություն էր այն, որ հարեւանությամբ կա գործող երկաթգիծ (Երեւան-Գյումրի-Վանաձոր-Թբիլիսի):

Այդուհանդերձ, ըստ Բոլդրիի, ծրագիրը դեռ նախնական փուլում էր, ու չնայած, իր իմանալով, առկա էին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ արդյունահանում կատարելու համար (իրականում ընկերությունը շահագործման լիցենզիա այդպես էլ չի ստացել), նախագիծն իրականություն չդարձավ, քանի որ երկաթի համաշխարհային գները փլուզվեցին, ինչը նշանակում էր, որ անհնար է Լոնդոնի ֆոնդային բորսայից անհրաժեշտ ներդրումներ ներգրավել զգալի ենթակառուցվածքներ պահանջող նախագծի համար (բորսայից գումար ստանալու ճանապարհը բաժնեմասերի ցուցակումն էր այնտեղ, բայց բանը դրան չհասավ):

«Սուրարտի» տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ Բազումի հանքում պաշարներ կային, բայց երկաթի գներն այնքան ցածր էին, որ եթե Հայաստանում հանքաքարից խտանյութ ստանային ու հետո Վրաստանի տարածքով ու Սեւ ծովով արտահանեին Եվրոպա, ինքնարժեքը բարձր էր լինելու, ու ծրագիրն իրեն չէր արդարացնելու:

«ՀԺ»-ում հրապարակված հայտարարության մասին էլ Թոնի Բոլդրին ICIJ-ին ասել էր, թե տեղյակ չէ դրանից, իսկ 400 մլն դոլար ներդրումների ու 5000 աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ նշել էր. «Դա վաղ փուլում գտնվող նախագիծ էր, եւ ես խիստ կասկածում եմ, որ այդ պահին ինչ-որ մեկը կարող էր խելամտորեն կանխատեսել աշխատողների մոտավոր թիվն ու դրա վերջնական արժեքը»: Փաստորեն, Հայաստանում կատարելիք ներդրումների մասին հնչեղ հայտարարություն անելուց տարիներ անց նախկին ներդրողներից մեկը պարզ ասում է, որ այդպիսի թվեր հնչեցնելը խելամիտ չէր: Երբ մենք նրան ուղարկեցինք «ՀԺ»-ում տպված գովազդի լուսանկարը, որտեղ նաեւ իր իսկ խոսքերն էին, բրիտանացին, մեծ հաշվով, կրկնեց նույն մտքերը, ինչ ասել էր մինչ այդ՝ շրջանցելով տրված մեծ խոստումները ներդրումների, աշխատատեղերի, արդյունաբերական կլաստեր ստեղծելու մասին:

Չնայած հայտարարության մեջ նույն Բոլդրին խոսում էր հայկական գործընկերների դերի մասին, Վարդան Այվազյանի վերաբերյալ հարցին պատասխանել է այսպես. «Որքան հիշում եմ, երբեւէ չեմ հանդիպել Վարդան Այվազյանին, չեմ ճանաչում այդ անունը»: Սա առնվազն տարօրինակ է ոչ միայն այն պատճառով, որ «Սուրարտն» այն ժամանակ հենց Այվազյանին էր պատկանում, այլեւ այն պատճառով, որ այդ ընթացքում բրիտանացի պատգամավոր Բոլդրին Հայաստան է եկել ու Բազումի հանքավայր այցելել առանց մեր երկրում Միացյալ Թագավորության դեսպանության իմացության, ինչը, թերեւս, նշանակում է, որ այցը կայացել է հայ գործընկերների աջակցությամբ, իսկ վերջիններիս գլխավոր դեմքը հենց Այվազյանն էր:

ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանությունից «Հետքին» հայտնել են, որ իրենք տեղյակ չեն Ազատեկում եւ Բազումում բրիտանացի ներդրողների հանքարդյունաբերական ծրագրերի եւ այն ժամանակ պատգամավոր Բոլդրիի հնարավոր այցի մանրամասներից: Իր հերթին «Սուրարտի» տնօրենը մեզ հետ զրույցում այդպես էլ չմտաբերեց Թոնի Բոլդրի անունով անձի՝ ասելով, որ նման մարդու չի ճանաչում:

Պետեկամուտների կոմիտեի հարկ վճարողների համակարգի համաձայն՝ ներկայում «Սուրարտ» ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավոր դադարեցված է: Ինչ վերաբերում է Բազումի երկաթի հանքին, ապա այս պահին որեւէ ընկերություն դրա հանդեպ ուսումնասիրության կամ շահագործման իրավունք չունի:

Բայց բանից պարզվում է՝ Այվազյանների հետաքրքրությունն այս հանքի հանդեպ չի մարել: 2016-ի սեպտեմբերին Երեւանում հիմնադրված «Այրն Մայնինգ» ՍՊԸ-ն նույն տարվա դեկտեմբերին դիմել էր էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն՝ Բազումի հանքում ուսումնասիրություն կատարելու համար: 2017-ի մարտին ՍՊԸ-ն նման իրավունք էր ստացել 3 տարի ժամկետով: «Այրն Մայնինգը» հիմնադրել են Այվազյանների մերձավորները, իսկ 2018-ի մարտից միակ փայատերը Սուրեն Այվազյանն է, ով փոխարինել է երեւանցի Արտաշես Կակոյանին:

«ՎայքԳոլդ». մութ պատմություն  

«ՎայքԳոլդ» ՍՊԸ-ն 2012-ի հունիսին հիմնադրել են Վարդան Այվազյանը (20 %), որն այն ժամանակ ԱԺ պատգամավոր էր, ու երեւանցի Աշոտ Հովհաննիսյանը (80 %), որը նաեւ ընկերության տնօրենն է: Հովհաննիսյանը, որը մինչ օրս նաեւ «Սուրարտի» տնօրենն է, ժամանակին եղել է Այվազյանին փոխկապակցված «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ի տնօրենը, այլ կերպ ասած՝ նախկին պաշտոնյայի «մարդն» է: Հենց Հովհաննիսյանի հաշվառման հասցեում է գրանցվել «ՎայքԳոլդը»:

2012-ի նոյեմբերին տնօրեն Հովհաննիսյանը պայմանագիր է կնքել այն ժամանակվա էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ Վայոց Ձորի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործելու մասին: «ՎայքԳոլդին» այդ իրավունքը տրվել է 25 տարով՝ մինչեւ 2037 թ.:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Ազատեկի հանքավայրի մարվող հանքաքարի ընդհանուր ծավալը 6.818.000 տոննա է, տարեկան արդյունահանման ծավալը՝ 300.000 տոննա: 6,8 մլն տոննա հանքաքարի մեջ մետաղների պարունակությունը գնահատվել է այսպես. ոսկի՝ 17.481 կգ (17 տ), արծաթ՝ 397 տ, ծարիր՝ 5.000 տ, պղինձ՝ 13.200 տ, ցինկ՝ 18.800 տ, կապար՝ 37.200 տ:

Պայմանագրի ստորագրումից 6 տարի անց՝ 2018-ի նոյեմբերին, երբ քաղաքական փոփոխություններից հետո Հայաստանում նոր կառավարություն էր գործում, գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով:

Ըստ դատախազության հաղորդագրության՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով եւ անտեսելով օրենքի պահանջները, 2009-ի ապրիլին հանքարդյունաբերման լիցենզիայի պայմանագիր են կնքել ՓԲԸ-ի հետ: Չնայած դատախազությունը անուններ չի նշում, խոսքը հայկական «Ազատեկգոլդ» ՓԲԸ-ին Ազատեկի հանքի շահագործման լիցենզիա տալու մասին է, իսկ նախարարն այն ժամանակ (2008-2014 թթ.) Արմեն Մովսիսյանն էր (մահացել է 2015-ին): Դատախազությունը հայտնել է, որ 2011-ի մարտին ՓԲԸ-ի շահագործման իրավունքը դադարեցվել է պայմանագրային պարտավորություններն ու օրենսդրության պահանջները խախտելու պատճառաբանությամբ, ինչից հետո նախարարության պաշտոնյաները, չարաշահելով իրենց դիրքն ու հիմք ընդունելով փաստացի ուժը կորցրած շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը եւ վերջինիս վերաբերյալ ԲՆ-ի տված անհիմն պաշտոնական պարզաբանումը, առանց տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացության, 2012 թ. նոյեմբերին հանքի շահագործման իրավունքը տվել են մեկ այլ ՍՊԸ-ի: Դատախազությունն այստեղ նկատի է ունեցել հենց «ՎայքԳոլդին»:

Փաստորեն, ըստ դատախազության, «Ազատեկգոլդը» 2009-ին լիցենզիա էր ստացել օրենսդրության խախտմամբ, սակայն նույնը 2012-ին եղել է «ՎայքԳոլդի» պարագայում: Նկատենք, որ 2011-ին լիցենզիայից զրկվելուց հետո «Ազատեկգոլդը» դատի էր տվել Արմեն Մովսիսյանի ղեկավարած նախարարությանը՝ պահանջելով անվավեր ճանաչել նախարարի համապատասխան հրամանը: Վարչական դատարանը բավարարել էր հայցը, սակայն նախարարությունը դիմել էր վերաքննիչ ատյան, եւ վերջինս բեկանել էր ստորին ատյանի վճիռը, իսկ վճռաբեկը հանքարդյունաբերողի բողոքը երկու անգամ վերադարձրել էր՝ ուժի մեջ թողնելով նախարարության օգտին կայացված վերաքննիչի որոշումը: Դատական գործընթացն ավարտվել է 2012-ի հոկտեմբերին, իսկ արդեն նոյեմբերին Ազատեկի շահագործման իրավունքը հանձնվել է Վարդան Այվազյանի ընկերությանը:

Ըստ գլխավոր դատախազության՝ ապօրինի ճանապարհով «ՎայքԳոլդին» լիցենզիա տալը վերջինիս առնչվող միակ դրվագը չէ. եւս մեկը՝ կապված օգտակար հանածոների արդյունահանման հետ, տեղի է ունեցել 2017-ին, սակայն դրան կանդրադառնանք քիչ ավելի ուշ:

Մինչ այդ՝ 2013-ի հունվարին, Վ. Այվազյանն իր 20 %-ը հանձնել է եղբոր հարսին՝ երեւանցի Ժաննա Մուրադյանին, իսկ փետրվարին Հովհաննիսյանի ու Մուրադյանի բաժնեմասերը հավասարվել են՝ դառնալով 50-ական %:

Ինչպես հայտարարվել էր բրիտանացի ներդրողների կողմից 2012-ի հոկտեմբերին, «ՎայքԳոլդի» մայր ընկերությունը «Coeur Gold Armenia Ltd»-ն էր, սակայն, ըստ ՀՀ պետռեգիստրի, վերջինս միայն 2014-ի հուլիսի 22-ին է դարձել սեփականատեր՝ ձեռք բերելով հայկական ՍՊԸ-ի 80 %-ը, իսկ 20 %-ը մնացել է Ժ. Մուրադյանի անունով:

Վահե ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Էդիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031