Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆինանսական, ժողովրդագրական, ռազմական կարողությունների դիսբալանսից բացի, հայերը պատժվել են իրենց կործանարար ինքնավստահության համար». Jamnews

Հոկտեմբեր 04,2021 10:20

Jamnews. Արցախյան երկրորդ պատերազմից մեկ տարի անց հրապարակվել է «Փոթորիկ Կովկասում» գիրքը, որը ներկայացնում է քաղաքագետների և ռազմական փորձագետների վերլուծությունները այս կոնֆլիկտի մասին։ Գիտական ուսումնասիրությունը նախաձեռնել է Ռուսաստանում գործող «Ռազմավարության ու տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը»։

Այն անդրադառնում է 2020 թ. տեղի ունեցած լայնածավալ զինված հակամարտության նախապատմությանը, դրա միջազգային համատեքստին և բուն ռազմական գործողություններին: Գրքում ներկայացվում են որոշ սենսացիոն բացահայտումներ, մտորումներ հայկական կողմի թույլ տված սխալների մասին։

Այս հոդվածում՝ գրքի հեղինակները պարզաբանում են ուսումնասիրության մեջ արտահայտված ենթադրություններն ու բացատրում, թե ինչի հիման վրա են եկել այս կամ այն եզրահանգմանը։

Ինչո՞ւ Հայաստանը պարտվեց

«Փոթորիկ Կովկասում» աշխատության մեջ հեղինակները՝ հղում կատարելով իրենց աղբյուրների վրա, որոշ սենսացիոն դրվագներ են ներկայացնում։

Օրինակ, ասվում է, որ հակամարտության ժամանակ հայկական զինված ուժերը կրակ են բացել և խոցել սեփական 5 թռչող սարք․ 4 Սու–25 գրոհային և մեկ Մի-8 ուղղաթիռ։ Ու դրանցից երկուսը մարտական առաջադրանքը կատարելուց հետո վերադառնալիս են խոցվել՝ Հայաստանի Վարդենիսի շրջանում։

Աշխատության համահեղինակ, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը կարծում է, որ սեփական զինված ուժերի ինքնաթիռների խոցումը ոչ այդքան ՀՕՊ ձախողման մասին է խոսում, որքան ավիացիայի և ՀՕՊ ուժերի միջև կոմունիկացիայի բացակայության․ «Ես հեռու եմ այն մտքից, որ հայկական ՀՕՊ–ը ձախողել է իր առջև դրված առաջադրանքի կատարումը։ […] 44 օրվա ընթացքում 180 թռչող սարքերի խոցումը բավականին լավ ցուցանիշ է։ Ասեմ ավելին, ես չեմ կարող մտաբերել մեկ այլ զինված հակամարտություն, որի ընթացքում այսպիսի ցուցանիշ գրանցված լինի»։

Նա ուշադրություն է հրավիրում նաև հայկական կողմի հնարավորությունների սահմանափակ և ոչ արդիական լինելու հանգամանքի վրա։ Սակայն պարտության հիմնական պատճառ է համարում անպատրաստ լինելը։

«Ինչպես և 2016 թ․ ապրիլյան իրադարձությունները, զորքերը դիմավորեցին բացարձակ անպատրաստ վիճակում։ Չէր եղել ոչ մի նախնական պատրաստվածություն, զինատեսակների զգալի մասը՝ այդ թվում ՀՕՊ համակարգերը, գտնվում էին իրենց մշտական տեղակայման վայրերում։ Այդ պատճառով էլ դրանք ոչնչացվեցին հենց առաջին հարվածով, ինչը լրջագույն ազդեցություն ունեցավ պատերազմի վերջնական արդյունքի վրա։

Հաշվի առնելով օդում Ադրբեջանի ակնհայտ գերակայությունը, շատ բարդ էր մեծածավալ ցամաքային ուժերի ներգրավումը ռազմաճակատում ընթացող գործողություններում։ Նման փորձեր եղան պատերազմի առաջին օրերին և ավարտվեցին ծանրագույն կորուստներով», — նշում է փորձագետը։

Նրա կարծիքով՝ այս պատերազմի հանգուցալուծումը կանխորոշված էր մինչև դրա սկիզբը։ Ասում է՝ եթե ռազմաքաղաքական ղեկավարությունը պատշաճ կերպով պատրաստվեր՝ հետախուզություն տրամադրած տվյալների հիման վրա, ըստ էության, կարող էր անգամ կանխել Ադրբեջանի՝ պատերազմ սկսելու մտադրությունը։ Եթե, օրինակ, Հայաստանից 2 մեծածավալ զորախումբ նախապես տեղակայվեր Լեռնային Ղարաբաղում, և այնտեղ մշտապես տեղակայված 20-25 հազարանոց զորախումբը դառնար 40-45 հազար։ Ներսիսյանի համոզմամբ՝ դա զգալիորեն կփոխեր պատերազմի մեկնարկային պայմանները։

Ռուսլան Պուխովի կարծիքով ևս՝ պարտության մեջ որոշիչ դեր է ունեցել պատերազմին հայկական կողմի անպատրաստ լինելու հանգամանքը․

«Բայրաքթարների և անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ միֆականացված պատկերացումներն իրականությանը չեն համապատասխանում։ Իհարկե, դրանք լուրջ ազդեցություն ունեցան Ադրբեջանի ջախջախիչ հաղթանակի գործում, սակայն դրանք որոշիչ չէին։ Մի շարք հարցերի պատասխաններ դեռ պետք է տրվեն, երբ բացվեն որոշակի արխիվներ։ Բայց արդեն հիմա ակնհայտ է, որ ֆինանսական, ժողովրդագրական, ռազմական կարողությունների դիսբալանսից բացի, հայերը պատժվել են իրենց կործանարար ինքնավստահության համար։

Այն միֆը, որ հայերը ստեղծել էին իրենց համար [սեփական ռազմական առավելությունների մասին]՝ հիմնվելով առաջին պատերազմի արդյունքների վրա, կործանարար եղավ նրանց համար։ Ի դեպ, նույն միֆերին մասնակիորեն հավատացել էին նաև ադրբեջանցիները։ Բայց դա աշխատեց հօգուտ նրանց․ նրանք շատ լուրջ էին պատրաստվել, և, չնայած լրջագույն կորուստներին, կարողացան հաղթել հայերին»։

Ինչո՞ւ լռեցին գերտերությունները

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ թուրք–ադրբեջանական քաղաքական տանդեմը իր նպատակներին հասնելու համար վճռորոշ և ճիշտ ժամանակ էր ընտրել՝ հաշվի առնելով գերտերությունների քաղաքական խնդիրները․

«Կարծում եմ, հայկական կողմի անպատրաստության մեջ տեղ ուներ նաև հույսը, որ գերտերությունները, ամեն դեպքում, կմիջամտեն գործընթացներին։ Սակայն աշխարհաքաղաքական իրավիճակը բոլորովին այլ էր։ Ոչ մի խոշոր խաղացող այդ պահին մեզ անդրադառնալու ժամանակ չուներ։

ԱՄՆ–ում նախագահական որոշիչ ընտրություններ էին, Եվրոպայում՝ Բրեքսիթ, Եվրոպական միությունում՝ կառավարման ճգնաժամ, ՆԱՏՕ–ում լրջագույն խնդիրներ Բրյուսելի և Թուրքիայի միջև։ Առկա էին նաև բելառուսական ճգնաժամը, ռուս–ուկրաինական չմարող հակասությունը, Հյուսիսային հոսքի հետ կապված ճգնաժամը։ Այս ամենին գումարվեց նաև Քովիդ-19 համավարակը և դրա քաղաքական հետևանքները։ Ալիևն ու Էրդողանը պատերազմի համար կատարյալ պահ որսացին»։

Թուրքիայի և Ռուսաստանի դերակատարությունը

Աշխատության համահեղինակ, միջազգային և թուրքռուսական հարաբերությունների փորձագետ Քերիմ Խասը համարում է, որ պատերազմում որոշիչ էր Թուրքիայի անմիջական մասնակցությունը․

«Թուրքիան ավելի լավ էր պատրաստվել այս պատերազմին, քան Ադրբեջանը։ Սա Թուրքիայի արտաքին քաղաքական ներկայացվածության մեծացման հերթական դրսևորումն էր, ինչպիսին տեսնում ենք Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում, Ուկրաինայում։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում առաջին անգամ ականատես եղանք, թե ինչպես է Թուրքիան փորձարկում հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ունեցած «կարմիր գծերը»։

Առաջին անգամ էր, որ Թուրքիան այսքան ակնհայտ իր ռազմական գործողությունների թատերաբեմը տեղափոխեց հետխորհրդային տարածք։ Դրա համար հիմք հանդիսացան ոչ միայն թուրք–ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունները, այլև երկու երկրների ղեկավարների անձնական և տնտեսական հարաբերությունները»։

Խասի կարծիքով՝ թուրք–ադրբեջանական գործակցության հիմնական նպատակը Ռուսաստանի ամբիցիաների սահմանափակումն էր Ղարաբաղում, և դրան մասնակիորեն հաջողվեց հասնել․

«Պատերազմի ելքի վրա լուրջ ազդեցություն ունեցավ ոչ միայն Թուրքիայի մասնակցությունը, այլև՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին տրված որոշակի «կանաչ լույսը»։ Ռուսաստանն ուղղակի չցանկացավ ռիսկի տակ դնել Թուրքիայի հետ իր հարաբերությունները՝ այլ տեղերում։ Դրա ապացույցը Աղդամի տարածքում ռուս–թուրքական համատեղ մշտադիտարկման կետի տեղակայումն էր, որը, իրականում, զուտ սիմվոլիկ բնույթ է կրում»։

Սոնա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031