Լրահոս
Օրվա լրահոսը

Անճար վիճակում՝ Խաչատուրովը հայհոյում էր, ասում՝ սրանք հիմար են, մեզ պարտության կտանեն. Իշխան Սաղաթելյանի վավերագրության 2-րդ մասը

Հոկտեմբեր 04,2021 10:00

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է 44-օրյա պատերազմի վավերագրության երկրորդ մասը: Առաջին մասը կարդացեք այստեղ

Որոշեցինք կապի մեջ լինել, վերադարձա հյուրանոց, հյուրանոցում հանդիպեցի Չեչենին և Հայկ Վահանին, դիրքերից էին իջել նոր, ծանր գիշեր էին ունեցել, Չեչենը պատմեց իրավիճակը, որոշ փոխանցումներ արեց:

Այդ պահին Ստեփանակերտը ռմբակոծում էին, նաև ասեմ՝ հյուրանոցում էր տեղակայված «Արմնյուզի» ողջ կոլեկտիվը, որն այդ օրերին կարևոր գործ էր անում՝ Արա Սաղաթելյանը, Արմանը, Կարեն Բեքարյանը, Աբրահամը, Լիկա Թումանյանը, ակտիվ աշխատանքի մեջ էին Տիգրանը Աբրահամյան, Հրանտ Մելիք-Շահնազարյանը, Նարեկ Մալյանը և այլք։

Հյուրանոցը մի տեսակ դարձել էր նաև շտաբ։

Շտաբ եկավ ընկեր Հարմիկը՝ կամավորական վաշտի ընդհանուր հրամանատարը, Մխիթար Մխիթարյանի հետ. աչքերն էին վնասվել. մինչ բժիշկի գնալը կարճ զրույց ունեցանք, նկարագրեց իրավիճակը, շտապում էր հասներ տղերքին։

Այդ օրը երեկոյան իմացա, որ նույն հյուրանոցում է գիշերում փոխվարչապետ Տ. Ավինյանը։ Փոխանցեցի, որ գա՝ ինձ հետ կապնվի։ Երեկոյան հանդիպեցինք, իմ առաջին խնդիրն էր՝ հասկանալ արդյոք տիրապետո՞ւմ են վիճակին , գիտակցո՞ւմ են պահի լրջությունը և փոխանցել այն բոլոր խնդիրները, որոնք արձանագրել էինք։

Զրույցը տևեց մոտ 40 րոպե։ Նախ ներկայացրի մեր կողմից արձանագրված խնդիրները, որոնք գնալով խորանում են։ Մասնավորապես՝ թիկունքի «բարդակ» վիճակի, երկրորդ՝ զոհերի իրական թվերի մասին, ՌԴ-ի և Իրանի հետ պատշաճ աշխատանք տանելու անհրաժեշտության մասին։ Նաև պնդեցի՝ քայլեր ձեռնարկեն, որ նախկին զինվորականներին ներգրավվեն պաշտպանության գործին։

Իմ տպավորությամբ՝ հասկանում էր իրավիճակի բարդությունը, վստահեցրեց, որ բոլոր ուղղություններով ինչ կարող են՝ կանեն, նաև որոշ դիտարկումներ կփոխանցի Փաշինյանին։ Խոսակցության վերջում ասացի. «Հուսով եմ՝ դուք և ձեր թիմը հասկանում եք ձեր պատասխանատվության չափը և ձեր սխալ քայլերի կամ անգործության դեպքում ինչ կարող է լինել»։

Հոկտեմբերի 4-ի առավոտյան Ազատամարտիկների միությունում հանդիպեցի Սերժ Սարգսյանին։ Նոր էինք սկսել զրույցը, սկսեցին ակտիվ ռմբակոծել, մի «սնարյադ» էլ ընկավ շենքից քիչ հեռու, անվտանգության աշխատակիցները մտան սենյակ, խնդրեցին իջնել նկուղ, Սերժ Սարգսյանն ասաց` բան չկա, նորմալ է և շարունակեցինք զրույցը։ Իմիջիայլոց, հարվածի (պայթյունի) ժամանակ նույնիսկ աչքերը չթարթեց…

Երկրորդ, երրորդ հարվածներ, կրկին անվտանգություն… մի խոսքով՝ իջանք նկուղ, կիսաքանդ մի սենյակ էր, լույս չկար, մոմի տակ շարունակեցինք զրույցը՝ ի՞նչ անել, նույն գնահատականն էր, զրույցին միացավ Դավիթ Իշխանյանը, հետո Վ. Բալասանյանը, Յ. Խաչատուրովը, Լևոն Մնացականյանը, Սամվել Կարապետյանը, Վովա Գասպարյանը, Արթուր Վանեցյանը, Ժաննա Գալստյանը, Սամվել Կարապետյանը և այլք։

Այդ պահի խորհուրդը մեծ էր. տեսեք՝ ովքեր էին, բոլորը նախորդ երկու պատերազմներում հաղթած մարդիկ կամ մարտական գեներալներ։ Անճար վիճակում՝ Խաչատուրովը հայհոյում էր, ասում՝ սրանք հիմար են, մեզ պարտության կտանեն։ Բոլորին մեկուսացրել էին՝ անձամբ Նիկոլի հրամանով, ամեն մեկը մի բան էր առաջարկում, մի ելք, բայց… այդ պահին զինված ուժերի բունկերում ձեզ քաջ հայտնի և բոլորովին ուրիշ մարդիկ էին, նրանք էին որոշում մեր ազգի ճակատագիրը։

Այդ պահին աչքիս ընկավ Լևոն Մնացականյանը. լուռ, նայելով առաստաղին՝ ծխում էր, աչքերի մեջ զայրույթ, սիրտը պայթում էր, ես այդ տղերքին ախր տեսել էի ապրիլյան պատերազմի ժամանակ, աչքներից կրակ էր թափում, իսկ հիմա… սպանող տեսարան էր…

Ինչևէ։

Տիկին Ժաննան այդ պահին մի լավ առաջարկ արեց, բայց հավանության չարժանացավ, շատ ծայրահեղ էր, բայց գուցե ճիշտն էլ դա էր։

Ես չէի կարողանում հասկանալ երկիր ազատագրած մարտական գեներալների, նախկին զինվորականների պահվածքը։ Բայց Նիկոլը այս պատերազմին երկար էր պատրաստվել, հիշում եք՝ 2019 թ. մայիսին հայտարարեց՝ Արցախում կան դավադիր ուժեր, ովքեր փորձելու են պատերազմ հրահրել, տարածքներ տան թշնամուն և մեղքը գցեն ՀՀ իշխանությունների վրա։ Իսկ պատերազմի 4-րդ օրն ասաց` կան նախկին զինվորականներ, որ ասում են՝ Նիկոլը տարածքները տվել է, ծախել է, իզուր եք կռվում, ասաց՝ անհերքելի ապացույցներ ունի։ Այս ամենը մի նպատակ ուներ. մեկուսացնել նախկին զինվորականներին, ովքեր կարող էին վիճակ փոխել և համախմբել ժողովրդին։

Մարդիկ շատ զգուշավոր էին. «Մի բան չանենք, մեր վրա մեղքը չգցեն»։

Անկեղծ լինելու համար ասեմ, որ քաղաքական ուժերը ևս այդ պրոբլեմը ունեին, հրապարակային չէինք խոսում իրական վիճակի մասին, քանի որ լայնածավալ հարձակում էր սկսվում, թե «թիկունքը թուլացնում եք, հարվածում մեջքից, դա դավաճանություն է և այն»։

Մի խոսքով իշխանությունը այդ հարցերում լավ նախապատրաստական աշխատանք արել էր:

Ստեփանակերտից վերադարձա խորը մտահոգություններով, բայց հավատով որ դեռ ամեն ինչ կորած չէ, հնարավոր է վիճակը փոխել…

Վերադարձին որոշեցի անպայման հանդիպել նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Ուզում էի անձամբ ներկայացնել բոլոր հարցերը, այն ամենը, ինչ տեսել եմ և քայլեր ձեռնարկելու կոչ անել…

Պատերազմի օրերին մշտապես մեր քաղաքական ղեկավարությունից Արցախում մարդ կար. Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատուրյան, Արմեն Ռուստամյան և մյուս ընկերները։

Հ.Գ. Պատերազմի օրերի մասին գրելիս անընդհատ մտածում եմ՝ հրապարակե՞լ այդ ամենը, թե՞ ոչ, բայց երբեմն որոշում եմ հրապարակել, քանի որ որոշ սրիկաներ փորձում են խեղաթյուրել իրականությունը և այլ կերպ ներկայացնել Դաշնակցության, նախկին նախագահների և, առհասարակ, ընդդիմության գործունեությունն այդ օրերին։

Ընդդիմությունը պատերազմի օրերին դրսևորել է բացառիկ պետականամետ կեցվածք և դա փաստ է, իսկ մնացած փաստերի մասին առաջիկայում…

 

(շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031