Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սրբազան խաչելություն

Հոկտեմբեր 04,2021 14:00

1983 թվական, հուլիս 27, ժամը 10:30: Պորտուգալիա, Լիսաբոն, Դաս Դեսկոբերդաս պողոտա, 22, թուրքական դեսպանատուն։ Ժամը՝ 14:45-ին, պորտուգալական ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, թե. «Հայ ահաբեկիչների 5 հոգանոց խումբը, որ մինչեւ ատամները զինված էին, այլեւս ինքնասպան եղան իրենց իսկ ռումբերի պայթունով, իրենց հետ փլատակների տակ թողնելով եւս մեկ ոստիկանի եւ հիվանդանոցի ճանապարհին այրվածքներից արյունաքամ եղած փոխդեսպանի կնոջ ու որդու դիակները»։ Ովքե՞ր էին նրանք՝ Արա Քըրճըլեան, Սիմոն Եահնիեան, Սեդրակ Աճեմեան, Վաչէ Տաղլեան, Սարգիս Աբրահամեան, որտեղի՞ց էին եկել, այս պարզ ու հասարակ հարցադրման մեջ պատասխանը հասկանալու համար պարտադիր է եւ հարկ է, որ թերթենք Հայոց պատմության էջերն ու այնտեղ գտնելով, կարդանք: Ձեզ ենք ներկայացնում գյումրեցի հրապարակագիր, ազատամարտիկ ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻ փաստավավերագրական գրքից մի հատված:

Այդ օրերին, Լիբանանում քաղաքացիական, եղբայրասպան պատերազմ էր ընթանում եւ փողոցները լիքն էին արաբ զինվորականներով։ Թաղից-թաղ անցնելու համար, որոշված սահմանագծերին կանգնած, հսկում էին պահակները։ Բուրջ-Համուդ թաղամասի հայ պահակ-զինվորներին հարկավոր զինապարեն հասցնելու անհրաժեշտություն կար երբեմն։ Արաբ զինվորները շրջափակել էին թաղամասն ու միայն անցակետում զննելուց հետո էին թույլատրում բնակիչներին տեղաշարժվելու։ Այդ անցակետերով երեխաներն անցնում էին առանց ստուգման։ Այս առիթը հարմար օգտագործելով, գեղեցիկ մանկադեմքով Արան, որ կողքի թաղամասում այցելում էր «Կունգ Ֆու» մարզաձեւի դպրոց, ամեն անգամ, վերադարձին, սպորտային համազգեստի տակ թաքցնելով մեկ-երկու նռնակ, ատրճանակ կամ մեկ բռաչափ փամփուշտ, ձեռքի գնդակը խաղացնելով մեկ օդում, մեկ հարվածելով գետնին, անցնում էր սահմանապահների միջով եւ հասցնում խրամատներ։

Այդ օրերին, նաեւ Սաքոն, Վաչեն ու Սեթոն էլ պահակության հանձնարարականներով հսկում էին թաղամասի հայկական մշակութային, կրթական ու կրոնական հիմնարկներն ու հաստատությունները։ Սիմոնն ամեն օր աշխատանքից հետո գնում էր Հ.Մ.Ը.Մ.-ի բասկետբոլի պարապմունքներին ու երեկոները պահակության հանձնառությամբ՝ ընկերների հետ, հսկում էր «Համազգային» կենտրոնի շենքը, որտեղ տեղակայված էր նաեւ «Ազդակ» օրաթերթի խմբագրատունը։ Երբ արդեն Լիբանանում բնակվելը օրհասական էր դարձել, Սիմոնի հայրը որոշել էր ընտանիքը տեղափոխել որեւէ ապահով երկիր։ Այս մասին, երբ Սիմոնն իմացավ, մի օր, երեկոյան, ընտանեկան ընթրիքի ժամանակ, նայելով ծնողների աչքերին, ասաց.

– Ես կնստեմ այն ինքնաթիռը, որը վայրէջք կկատարե միայն ու միայն «Զվարթնոց» օդանավակայան։ Վե՜րջ, այս է իմ որոշումը։ Հայրը հոնքերը կիտելով, խորհրդավոր նայել էր որդու դեմքին ու գլուխը տարուբերելով, լո՛ւռ ծամել ձեռքի հացը, քթի տակ արտասանելով. «Դու անուղղելի հայրենասեր ես… Քո հետ զուր է վիճելը»…

… Լիալուսնի թխպոտ դեմքը պատռեց ամպե վերմակը։ Օդը խաղաղ էր, եւ խոստանում էր տաք լուսաբաց։

…Արեւի թրթռացող ճառագայթների ներքո, հեռվում, գծագրվում էր Աշրաֆիե թաղամասի Սուրբ Հակոբ եկեղեցու գմբեթը եւ գնալով ավելի ու ավելի էր փայլփլում խաչը։

-Օրհնեցե՜ք, Տեր Հայր, -գրեթե միաբերան ասացին ընկերներն ու ծունկ իջան խորանի առաջ։

-Աստված օրհնի։ Ի՞նչն է ձեզ այսքան կանուխ բերել ինձ մոտ։

-Տե՜ր Հայր, հինգ ընկերով որոշել ենք գնալ սրբազան խաչելության։ Պիտի խնդրենք, որ օրհնեք մեր ճամփան, որ խաչը հեշտությամբ տանենք։ Խոստովանության ծեսը ուզում ենք ավարտել, որ մաքուր հոգով քայլենք դեպի լույսը։ Տեր հայր, դու մեզ թողություն շնորհե՝ Աստծով։ Եվ պիտի խնդրենք, որ ավելի հարցեր չտաք։ Եվ ընկերները խոնարհեցին գլուխները։ Քահանան մոտ եկավ ու մեկ առ մեկ օրհնեց եւ հաղթական վերադարձի բարեմաղթանքով, խունկի տարածվող բույրի եւ մոմի թրթռացող լույսի ներքո, «Տե՛ր, պահյա եւ պահպանյա զավակներիդ, կեցո զհայս…» արտասանելով, խաղաղությամբ արձակեց տղաներին։

Երեկոյացավ…

Ամենքը շտապեցին տուն։ Գալիք օրերին, ամեն մեկն իր հորինած պատճառաբանությամբ, հեռացան տնից ու հարազատներից։ Հանդիպելու էին Պորտուգալիայի մայրաքաղաքի՝ իրենց համար վարձված բնակարանում: Հեռանալուց օրեր անց, Սարգսի եղբայրը գրասեղանի գզրոցից գտնում է մի նկար, որի հետեւում Սաքոյի կողմից գրված երկտողը. «Սիրելի մայրս, ես հոս շատ լաւ եմ. մի մտահոգուիր իմ մասիս, բարեւ ըրէ բոլոր հարազատներուս, մասնաւոր բարեւներ եղբօրս եւ քրոջս, եւ այն, որ իմ մասիս հարցնէ դրացիներէն, դուն տուր իրենց պատասխանը առանց ամչնալու։ Ես նոր տարիէն շատ առաջ տունը կ,ըլլամ (Սագօ)», պիտի մտահոգության առիթ պատճառեին բարեկամներին։ Նույնատիպ գրություն հարազատներին թողեց նաեւ Սիմոնը. «Սիրելի պապա եւ մամա, ես մէկ երկու շաբաթ տունէն պիտի բացակայիմ, բայց շաբաթը անգամ մը կրնայ ըլլալ հանդիպիմ երբեք չի մտահոգուիք ես հոս եմ, բայց տունէն քիչ մը պիտի բացակայիմ, իսկ գործին համար ես վարպետին հետ խօսած եմ երբեք մտահոգուելու պէտք չկայ եւ ասդին անդին հարցնելու, ասոնք կըսեմ կոր որովհետեւ բնաւորութիւնիդ գիտեմ: Միտքերէդ երբեք բան մը չանցնէք եւ Այնճար մնացէք. մամա, չըլլայ, որ Պէյրութ իջնես, կարծեցէք, որ բանակումի գացած եմ. նորէն կը կրկնեմ երբեք չմտահոգուիք… (Սիմօն)»։ Վաչեի ձայնագրությունը, որ եղբայրն էր գտել գրադարակից, ստիպել էր, որ ավելի հետեւողական լինի եղբոր հանդեպ։ Սակայն այս մասին որոշել էր ոչինչ չասել ծնողներին, մինչեւ որ կարողանար համոզել Վաչեին, որ այդ խելագար գործը գլխից հեռացնի։ Փորձել է ամեն գնով հետ պահել, բայց դե Հայրենիքի սերն առավել է, եւ մահն անգամ անզոր էր։ Սեդրակը նույնպես տանից հեռացավ հանգստի մեկնելու պատրվակով ու մինչեւ անգամ չփորձեց ծնողներին նեղացնել եւ խոստացավ վերադառնալ։

– Բարեւ, մա՜յր, ես վաղը առավորտյան մեկնում եմ Հունաստան՝ հանգստի։ Պահպանե՜ք ձեզ, մինչեւ վերադարձս։

– Օ՛, ո՜չ Արա։ Ես երբեք, երբեք չեմ ընդդիմացել քո որոշումներին, բայց հիմա մի տեսակ անհանգիտ եմ, սիրտս վատ բան է գուշակում։ Խնդրում եմ որդի՜ս, այս անգամ լսի՜ր ինձ ու մնա՜ տանը։ Չե՜մ թողնի, որ գնաս, Արա՜…

Երկուսն էլ լուռ էին… Բայց Արայի մեջ ինչ որ բան կրծում էր հոգին։ Լա՛վ, ի՞նչ ասել, ինչպե՞ս համոզել մորը, որ կարողանա հանգիստ թողնել։ Մի քանի օր հետո, Արան կարծես թե գտնում է ելքը։ Մոտակա գյուղերից մեկը, բանակումի մեկնելու պատրվակով, հեռանում է տանից ու այլեւս նրանից ու ինչպես եւ ընկերներից լուր չեն ունենում հարազատները, մինչեւ գործողության ավարտի հաջորդ օրը…
…1983 թվականի հուլիսի սկզբներն էր, երբ ընկերները տեսաձայնագրման միջոցով ուզեցին իրենց մտքերը փոխանցել սիրելի եւ պաշտելի ազգի զավակներին։

Ուզեցին խոսել, ու ասել, որ երբեք արցունք չթափեն, երբ լսեն, թե նրանք այլեւս չկան, որովհետեւ նրանք, իրենց արարքով պիտի ցույց տային աշխարհին, որ հայն անկոտրում է… Հուլիսի 27-ը հեռու չէր: Այդ օրը, Պորտուգալիայի մայրաքաղաք էին ժամանելու Եվրոպայում գործող թուրքական դեսպանատների պատասխանատու մարմիններն ու կցորդներ, ինչ-որ ընդհանուր խորհրդակցության: Ընկերները որոշել էին առիթը բաց չթողնել ու միանգամից բոլորին միասին գերեվարել, սակայն չսպանել, այլ՝ իրենց արդարացի բողոքի ձայնը ավելի ուժգին հնչեցնել:

1983 թվական, հուլիս 27, չորեքշաբթի, ժամը՝ 10:30: Պորտուգալիա, Լիսաբոն, Դաս Դեսկոբերդաս պողոտա, 22, Թուրքական դեսպանատուն։ Ռումբերով եւ սննդի հագեցած պաշարով լցված երկու մեքենա կանգ առան դեսպանատան դիմաց։ Մեքենաներից դուրս ցատկելով, անկանոն կրակահերթ արձակելով, տղաները փորձեցին մտնել դեսպանատուն։ Մինչ ոստիկանները կփակեին դարպասները, զինված վրիժառուները, հետնապահ եւ գործողության պատասխանատու՝ Սիմոնի օգնությամբ ներխուժում են տարածք։ Սակայն ոստիկանների համառ դիմադրության շնորհիվ, որի ընթացքում վիրավորվում է պորտուգալացի ոստիկաններից մեկը, տղաներին չի հաջողվում գրավել դեսպանատունը, եւ նրանք որոշում են մտնել դեսպանատանը պատկից, փոխդեսպանի բնակարանը։ Որոշումն ընդունված էր։ Անկանոն փոխհրաձգությունը շարունակվում էր։ Սիմոնը քաշեց իր ձեռքի նռնակի օղակն ու նետեց դեպի դարպասը, որպեսզի նրա պայթյունը կանգնեցնի դարպասի մեքենաբար փակումը։ Նռնակը՝ չպայթեց։ Ընկերներն արդեն դեսպանատան տարածքում էին, իսկ Սիմոնը դեռ շեղում էր ոստիկանների ուշադրությունը, փորձում էր միանալ ընկերներին, սակայն, դարպասն ամբողջությամբ փակվեց ու նա մնաց ճաղերի եւ ավտոմեքենաների արանքում։

Հանկարծ.
-Վաչե՛, Սիմոնը զարկվեց, ի՞նչ անել,- շփոթված գոռաց Սարգիսը։

-Հիմա կարեւորը, որ խուճապի չմատնվենք, -ասաց Վաչեն ու ավելացրեց, -հենց Սիմոնի վրեժն առնելու համար պիտի զարկենք… Զա՜րկ, զա՜րկ, Արա, հիշի՜ր, որ պապիդ խոշտանգեցին Գոբի անապատում, հիշի՜ր, որ բռնաբարված տատիկդ իր վերջին շնչում անիծելով թուրքին՝ խոստացավ անպատիժ չթողնել ու զավակներին պատգամելով, վրեժի կոչ ուղղեց. «Հայոց եղեռնը ով մտքից հանի, նա է թշնամին իմ Հայաստանի»։ Հիշե՜ք, տղերք, հիշե՜ք, որ մենք ահաբեկիչներ չե՜նք։ Մենք նահատակված հայի մի փրկված բեկորն ենք, ում բախտ է վիճակվել ազատության խորանին ընծայվել»… -ասաց Սեթոն, ու ինքնաձիգից մի վերջին փամփուշտն արձակելով, առանց ավելորդ դիմադրության, մտավ փոխդեսպանի բնակարան, որտեղ՝ սարսափն աչքերի մեջ սառած ու այլայլ, հայացքի դողացող թրթիռը վախ դարձած, սենյակներից մեկում կուչ էին եկել դեսպանի կինն ու զավակը։ Կանխատեսելի պայթյունը փլատակի վերածեց ողջ շենքը։ Հրդեհն ամենուր էր։ Պահակները հավելյալ ուժ էին խնդրել Պորտուգալիայի իշխանություններից, «ահաբեկիչներից» արագ ազատվելու եւ վերջ դնելու անսպասելի հարձակման արդյունքում թատերաբեմ դարձած դեսպանատանը կատարվող գործողությանը։ Վարչապետ Մարիո Սուարեսի գլխավորությամբ գումարվում է արտակարգ նիստ, որտեղ որոշվում է դեսպանատուն ուղարկել հատուկ ջոկատայիններին։

Շուրջ 170 հոգուց բաղկացած ոստիկանական ուժերը շրջափակում են շենքը։ Որոշվում է առաջին անգամ օգտագործել նոր կազմավորված ոստիկանական էլիտար ջոկատը։ Շենքի երկրորդ հարկի սենյակներից մեկի պատուհնը բաց տեսնելով Սաքոն բղավեց թե՝ շունը (խոսքը՝ Պորտուգալիայում Թուրքական դեսպանության ժամանակավոր հավատարմատար՝ Յուրցեվ Միհչիօղլուի մասին է) իրենց հատուկ ոճով, թողնելով կնոջն ու զավակին, ցած նետվելով փախուստի է դիմել։ Արան, որ ամենափոքրն էր ընկերներից, հանկարծ նկատեց, որ իրենցից որոշակի հեռավորության վրա գտնվող սենյակից, շենքում առաջացած հրդեհից, խոր այրվածքներով, շնչահեղձ ու ուժասպառ, այրվող մարմինը գետնով քարշ տալով, դուրս է գալիս դեսպանի կինը՝ Սահիդան։ Սեդրակի հետ, մոտենում են վառվող կնոջն ու փորձում հանգցնել կրակը, եւ ապա՝ Սեթոն, կնոջն առնելով շալակին, դուրս է բերում շենքից եւ ուժասպառ մարմինը դնում անմիջապես դռների արանքում, որպեսզի առաջին օգնություն ցուցաբերեն։ Կնոջը առաջինն է մոտենում կոմիսար Աիրեսն ու դնելով շալակին արագ հասցնում է շտապօգնության մեքենան: Արան սենյակից դուրս է բերում նաեւ տղային, ապա՝ արագ վերադառնում։ Վիրավորներին շտապօգնության մեքենաներով տեղափոխում են հիվանդանոց։ Սահիդան, որ ծանր վիրավորում էր ստացել, այդպես էլ ուշքի չգալով, մահանում է ճանապարհին։ Քիչ ավելի ուշ, վիրահատական սեղանի վրա, հոգին ավանդում է որդին եւ միանում՝ մորը։ Վաչեն հանկարծ նկատում է, որ շենքում ոստիկան կա։ Ինչպես հետո պիտի հայտնի լիներ՝ պորտուգալացի ոստիկան Մանուե, ով քաջ գիտեր շենքի կառուցվածքը: Տղե՜րք, հավանբար հատուկ ջոկատայինները գաղտնի մուտքով սկսեցին իրենց գրոհը։ Ասաց նա, ու դիրքավորվեց։ Մեկ-երկու կրակոց, եւ ոստիկանը սպանված է։ Ձեռքից թեթեւ վիրավորում է ստանում նաեւ Սարգիսը։ Հատուկ ջոկատայինները վստահ լինելով, որ շենքում ուրիշ գերիներ չկան, մի քանի ուղղություններով ռումբեր են նետում շենքի վրա։ Փորձում են վերահսկելի դարձնել իրավիճակը։

Բայց շենքը հայ մարտիկների տիրապետության տակ էր։ Տղաները հաղորդակցվելով ոստիկանների հետ, փորձեցին ետ պահել նրանց, ավելորդ զոհեր չլինելու համար։ «Մենք անձնասպններ ենք, բայց ո՜չ խելագարներ, -պատուհանից գոռաց Վաչեն։ -Որոշել ենք օդ հանել այս շենքն ու մնալ փլատակների տակ»։ «Եթե նկատեցիք, մենք ավելորդ զոհերից խուսափելու համար ազատ արձակեցինք գերիներին, ցավում ենք, որ նրանց չկարողացանք անվնաս դուրս բերել, սակայն նպատակ չունեինք, մանավանդ կնոջ ու երեխայի վրա ձեռք բարձրացնելու։ Հայ ֆիդային այդպես երբեք չի վարվել», -վրա բերեց Սարգիսը։ «Մեր կռիվը թուրք պետության դեմ է, եւ բնավ ոչ մի աղերս չունի Պորտուգալիայի հետ, խնդրում ենք, հետ քաշել զորքը, այլապես օդ կհանենք շենքն ու մոխրի կվերածենք ամեն ինչ», -վճռական ու խիստ ձայնով խոսեց Սեդրակը։ «Իմացե՜ք` մենք ինչ ենք անում։ Ազատասեր հայ երիտասարդները որոշել են անգործ չսպասել։ Մենք ամեն ինչ կորցրել ենք, եւ այդ պատճառով որոշել ենք՝ օդ բարձրացնել այս շենքն ու մնալ փլատակների տակ։ Սա ինքնասպանություն կամ խելագարություն չէ՜, այլ՝ բարձրագույն նվիրատվություն ազատագրական պայքարին։ Թող միջազգային հանրությունը մեզ արկածախնդիր կոչի, կամ ահաբեկիչ ու դահիճ՝ ոչինչ։ Մենք որոշել ենք ուժի դիմել, որովհետեւ թուրքական իշխանությունն ու այն երկրները, որոնք պաշտպանում են այդ իշխանությանը, ոտնահարում են հայ ժողովրդի իրավունքները։ Հայ ժողովուրդը երկար է սպասել, որ միջազգային դատարանը գտնի Հայկական Հարցի լուծումը։ Հայ ժողովրդի ինքնակողմնորոշման միակ ելքը զինված պայքարն է։ Նախնիների ազատ եւ անկախ հայրենիքում ապրելն ու զարգանալը հայ ժողովրդի իրավունքն է», -ասաց Արան։

Ընկերները ընկճվում են, ճնշվում, որ գործը ոստիկանական միջամտության պատճառով պիտի չկարողանան ավարտին հասցնել, որովհետեւ որոշել էին 48 ժամ գրավված պահել դեսպանատունը, եւ ապա՝ օդ հանել։ Երբ վերջնականապես համոզվում են, որ շենքում, բացի իրենցից, ոչ ոք չկա, իրենց մոտ եղած ողջ զինանոցը գործի դնելով, մտնում են ննջասենյակ ու ամուր գրկելով իրար, վերջին անգամ եղբայրաբար մի տաք համբույրով հրաժեշտի կնիքը դրոշմվելով միմյանց ճակատին, «Վերքերով լի, ջան ֆեդա եմ» երգը մի վերջին անգամ երգելով, նռնակներից հանում են օղակներն ու…Որոշիչ պայթունը, նախատեսվածից շուտ կատարվեց… Ցնցում է ողջ շենքն ու մոխրի եւ փլատակի վերածում շուրջը, ամեն ինչ, շենքում թողնելով նահատակ ընկերների ու ոստիկանի մոխրացած դիակները:

Օրվա համաշխարհային մամուլը գրեց։ Այդ օրը՝ աշխարհի առաջատար լրատվականների առաջին էջերը ողողված էին անձնազոհ մարտիկների մասին պատմող լուրերով, խոսում էին գործողության մասին։ Ոմանք՝ դատապարտում էին, ոմանք՝ արդարացնում: Հուլիսի 28-ի առավոտը բացվեց սովորականի նման արեւոտ, բայց եւ օդի մեջ ցավ կար, ու լռությունն ավելի էր ծանրացել: «Նրանք ընկանը» ամեն հայի շուրթից կախվել էր ու սպառնում էր շրմփալ հողին: 1983 թվականի սեպտեմբերի 19-ին, սրբալույս նահատակների եռագույնով պատանքված մարմինները հասան Բեյրութ, ուր անհամբեր սպասում էր աշխարհասփյուռ հայությունը, որ հավաքվել էին սգալու, ողբալու, բայց արցունքի միջից թաքուն ուրախանալու համար իրենց զավակների անմնացորդ սխրանքով: Մի տեսակ լռությունը խեղդում էր Բուրճ Համուդի հայահոծ բազմությանը: Սփյուռքի բոլոր եկեղեցիների զանգերը անվերջ ղողանջում են, միաժամանակ, կոչելով՝ թողություն շնորհյա Տեր եւ լույսերի մեջ պահյա մեր մաքրամաքուր նահատակների հոգիները։

Արա ՆԱԽՇՔԱՐՅԱՆ
«Լիզբոնի իմ ընկերները» գրքի հեղինակ

«Առավոտ» օրաթերթ
02.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031