Վերին Խնձորիկ հայկական գյուղը Արեւմտյան Հայաստանի, Էրզրումի (Կարինի) նահանգի Էրզրումի գավառի, Թորթումի գավառակում էր, Էրզրումից 60 կմ հեռու, 1600 մ բարձրության վրա: Նրա մոտ էր նաեւ Ներքին Խնձորիկ հայաբնակ գյուղը:
Վերին Խնձորիկ գյուղը կործանվել է 1889թ. հուլիսի 21-ին աղետալի երկրաշարժից, որը ուղեկցվել է նաեւ Զիարեթ լեռան հրաբխով, երբ 215 բնակչից 130-ը զոհվել են: Այդ երկրաշարժն այնպիսի ուժգին ու կործանարար է եղել, որ այն լրագրերում վերնագրել են՝ «Խնձորիկ գիւղի աղետը»:
Պաշտոնական զեկուցման մեջ գրված է. «Դիպուածից մի քանի օր առաջ Խնձորիկի բնակիչներն ահ ու սարսափի մէջ են ընկնում ստորերկրեայ աղմուկներից եւ նկատում են, որ բոլոր աղբիւրները ցամաքել են. նրանք այդ բանն անմիջապէս յայտնում են տեղական վարչութիւններին, որոնք հրամայում են բնակիչներին դուրս գալ գիւղից. բայց մինչեւ որ բնակիչները կը կատարէին այդ կարգադրութիւնը, յուլիսի 21-ին, կէս օրուայ մօտերքը, զարհուրելի աղմուկ է լսելի լինում – լեռան մի մասը փուլ է գալիս եւ գիւղը տակովն անում: Բնակիչներից 130 հոգի ոչնչանում է: Էրզրումի գեներալ-նահանգապետ Սամիհ փաշան շտապում է օգնութիւն ուղարկել Խնձորիկ եւ նորանոր դժբաղդութիւնների չհանդիպելու եւ ուրիշ գիւղերին էլ սպառնացող վտանգի առաջն առնելու համար, այդ գիւղերը տեղափոխում են ուրիշ տեղ»:
Այս տեղեկությունը հաղորդելով, թղթակիցը նշում է, որ իրեն հանձնարարվում է ուսումնասիրել տեղանքը՝ երկրաբանական տեսակետից: Եվ ահա թե նա ինչ է գրում. «Յուլիսի 28-ին գնացի աղետքի տեղը: Կէս ժամից հասայ հովտի արեւմտեան մուտքին: Այդտեղ եւս կարող էի մի գաղափար կազմել մի շաբաթ առաջ կատարուած դժբաղդութեան մասին: Այդտեղից սկսած մինչեւ արեւելեան մեծ լեռը, որ հովտի միւս կողմումն է գտնւում՝ արեւելքից արեւմուտք ձգուած, 7-8 կիլօմետր տարածութեամբ եւ 100-300 մետր լայնութեամբ լայն անշարժ գետի նման տարածւում էր մոխրա-կապտագոյն փափուկ ցեխ: Այդ ցեխը, որի քանակութիւնը կարելի է որոշել մօտաւորապէս 50 միլլիօն խորանարդ մետրով, ալիքաձեւ մակերեւոյթ ունէր, որոնց գագաթները 10 մետր բարձրութիւն ունէին. լեռան մէջից հեղուկ դրութեամբ դուրս վիժելով, նա հաւանականօրէն սառն օդից պաղելով եւ մէջի գազի արագ ցնդուելուց, ցամաքում է իւր մակերեւոյթի վրայ՝ պահպանելով իւր ալիքաձեւ շարժման հետքերը:
Կարդացեք նաև
Ես այդ հովտով բարձրացայ մինչեւ Խնձորիկի տեղը, որը կարելի էր ճանաչել ցամաքած նիւթի բարձր դիրքից: Հեղեղը բազմաթիւ տների եւ ցանկեր տարել ածել էր հովտի մուտքի մօտ, ուր մինչեւ օրս էլ մնում են դրանք: Ճանապարհս առաջ տանելով, ես հասայ բլրի ստորոտին, որ կից է մեծ լեռան հիւսիսային զառիվայրին, բայց այնտեղ, բազմաթիւ խոր անդունդների եւ փոսերի պատճառով, շատ մեծ դժուարութեամբ կարողացայ լեռան գագաթին հասնել: Բայց դրա փոխարէն վարձատրուեցայ լեռան տեսարանն դիտելով, որ կատարեալ կործանման պատկերն էր ներկայացնում: Արեւելեան կողմից մեծ լեռը, որ ամեն կողմից ահագին պատռուածքներ է ներկայացնում, իւր կողմից ունէր մի ահագին, մինչեւ ստորոտն իջնող ճեղք 400 մետր լայնութեամբ, որն, ըստ ամենայն հաւանականութեան, ճանապարհ է եղել դուրս թափուելու նոյն այն ցեխախառն լաւայի վիժման, որը ողողել էր հովիտը մահ եւ աւեր տարածելով իւր ճանապարհի վրայ եւ գերեզման դարձնելով գեղեցիկ եւ ծաղկած երկիրը: Այդ նիւթի ուժգին ժայթքելուց, պոկ են եկել լեռներից ահագին կտոր ժայռերը, որոնք հաւասարակշռութիւնը կորցնելով, թափուել են ներքեւ:
Կարճատեւ ընդհարումներով լսւում են ստորերկրեայ աղմուկներ, որոնք յիշեցնում են երկաթէ կամրջի վրայով անցնող երկաթուղու ձայնը. ժամանակ առ ժամանակ փուլ են գալիս լեռան մասերը, որից փոշի է բարձրանում եւ ամպի նման կանգնում երկնքի երեսին: Սակայն անհնար է լինում որոշել, թէ արդեօք այդ աղմուկը փուլ գալու ձայնն է, թէ՞ ստորերկրեայ աշխատանքի արդիւնք է, որից են իսկապէս փուլ գալիս լեռան մասերը: Ես նոյնպէս զգալի ճեղքուածքներ նկատեցի նաեւ պորփիւրէ լեռան վրայ, որի ստորոտում շինուած է Պիխախ գիւղը, որ Խնձորիկից 10 կիլօմետր հեռու է գտնւում: Ինձ ասացին, որ նոյնպիսի պատռուածքներ կան նաեւ 2-3 կիլօմետր հեռու: Ամեն տեղ նկատելի է ներքին կրակի զօրութիւնը, բայց ես միայն հետեւանքները կարողացայ նկարագրել: Արդեօք հրաբղխային գործողութիւններն այսքանով կը վերջանան, թէ դեռ պիտի շարունակուին դրանք – այդ դժուար է գուշակել»:
Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
Գիտաշխատող
Հին լուսանկար. գյուղ Թորթում լճի ափին
«Առավոտ» օրաթերթ
02.10.2021