Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աղջիկներն օգտագործված թղթին նոր կյանք են տալիս

Հոկտեմբեր 04,2021 13:00

Վարդենիկցի Արծվիկն ու Մարիան` Մալիշկայից, հետաքրքիր նախաձեռնություն են սկսել

«ԷկոՀաբ» հիմնադրամը 2020 թվականին կազմակերպել էր դասընթացներ, որոնց մասնակցող երիտասարդները պետք է առաջարկեին իրենց բիզնես գաղափարները։ Արծվիկը եւ Մարիան այդ դասընթացի մասնակիցներից են։ Արծվիկը Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղից է, իսկ Մարիան՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղից։ Դասընթացի ժամանակ ունեցել են միեւնույն գաղափարը՝ գրված եւ օգտագործված թղթերին նոր կյանք տալ։ Որոշել են միասին աշխատել ծրագրի վրա։

«Թղթի վերամշակման գաղափարը Մարիայինն էր, ես էլ հավանեցի միտքը. ինչպես նա ուներ շատ օգտագործված թղթեր, այնպես էլ ես, որոնք մինչ այս գաղափարի ի հայտ գալը, չգիտեինք ինչ անել։ Որոշեցինք միասին թղթի վերամշակման ծրագիրը մեր համայնքներում էլ իրականացնել եւ տեղի երեխաներին սովորեցնել՝ ինչպես են թուղթ վերամշակում»,- պատմում է Արծվիկը։

Վարդենիկ եւ Մալիշկա գյուղերում դասընթացներ անցկացնելուց հետո, համայնքների երեխաների հետաքրքրվածությունը ոգեւորել է նրանց եւ որոշել են շարունակել ծրագիրը ու սիրողական զբաղմունքը դարձրել են բիզնես, անգամ անուն են որոշել ՝ «Վերամշակելով խտրականությունը»։

«Դասընթացի ընթացքում տրված էր թեմաներ, պետք է ընտրեինք դրանցից մեկը, մենք ընտրել էինք էկոլոգիան եւ խտրականությունը, քանի որ երկուսիս համայնքներում էլ այս երկու թեմաների հետ կապված խնդիրները շատ արդի են»,֊ պարզաբանում է Արծվիկը։

Թղթի վերամշակումն անում է Արծվիկը, իսկ թղթերի դիզայնը տալիս է Մարիան։ Արծվիկի խոսքով՝ օգտագործված թղթեր գտնելը ամենահեշտ գործընթացն է. «Երբ թղթերը վերջանում են, դիմում են իրենց ընկերներին եւ հավաքվում է նախատեսված քանակությամբ թուղթը»։ Արծվիկը չնայած պատվերներ ստանալուց շատ է ուրախանում եւ մեծ հաճույքով է պատրաստում թղթերը, բայց խոստովանում է՝ մեծ պատվերների դեպքում դժվարություններ են առաջանում։

«Թղթերը վերամշակելուց հետո պետք է սպասենք, որ չորանան, հետո աշխատենք դիզայնի վրա, բայց շատ դժվար են չորանում։ Չորացնելու համար մեծ տարածք է հարկավոր, բայց ես չունեմ, ու մեծ պատվերներ ստանալուց շատ դժվար է լինում»,- ասում է նա:

Ծրագրի ընթացքում եղել են նաեւ զվարճալի պատմություններ, որոնք Արծվիկը հիմա ժպիտով է հիշում. «Վարդենիկ գյուղում իրականացվող դասընթացի ժամանակ երեխաներին ուզում էի ցույց տալ, թե ինչպես ենք թուղթը մանրացնում, վերցրել էի մայրիկիս հարիչը եւ շատ թուղթ էի լցրել ու քիչ ջուր, միացնելուց հետո հարիչը վառվեց ու մայրիկս մնաց առանց հարիչի»։

Արծվիկն ասում է, որ սիրում է, երբ թղթերը վերամշակելուց հետո սպիտակ գույն են ստանում։ Գույներ տալու համար տանը չորացնում է ծաղիկներ, որոնք իր համար ավելի գեղեցիկ են եւ բնական։ Արծվիկի խոսքով՝ ապագայում ավելի շատ են ուսումնասիրելու թղթի վերամշակման գաղտնիքները, պատվերներից ստացված եկամուտը ներդնելու են ավելի նորարարական սարքեր գնելու համար։

Տաթև ՆԱՋԱՐՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3֊րդ կուրսի ուսանողուհի

«Առավոտ» օրաթերթ
02.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031