Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չինական իմաստնության հզոր լիցքերը

Հոկտեմբեր 04,2021 12:30

Երեւանի թիվ 135 Գագիկ Ստեփանյանի անվան չինական լեզվի ուսուցմամբ դպրոցում Հայաստանում ՉժՀ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունի մասնակցությամբ տեղի ունեցավ «Չինական իմաստնություն. ասացվածքներ, առածներ, ասույթներ» գրքի շնորհահանդեսը։

Այն ներկաներին ներկացրեց գիրքը կազմողը՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը՝ ընդգծելով, որ դրանցում խտացված է չինական ժողովրդական իմաստնությունը 14 թեմատիկ ուղղություններով. «Մարդն ամենարժեքավորն է, որ կա երկնքի եւ երկրի միջեւ», «Նախնիները ծառեր են տնկում, սերունդները վայելում են զովը», «Ծանր վերքը կարելի է բուժել, վատ համբավը չես բուժի», «Եթե խոսում ես՝ պարզ խոսիր, եթե կանչում ես՝ ի գործ կանչիր», «Բրնձի յուրաքանչյուր հատիկում մի կաթիլ քրտինք կա», «Գինին խմիր փոքրիկ գավաթով, գիտելիքները՝ մեծով», «Խելացի բժիշկը ինքն իրեն չի բուժում», «Փոքր նավակի մեջ մեծ բեռ չեն դնի»։ Նա նշեց, որ նման բնութագրական օրինակները բազմաթիվ են, որոնք էլ հայերեն եւ չինարեն լեզուներով ներկաներին մատուցեցին դպրոցի սաները՝ օգտագործելով չինական երաժշտության մեղեդիները։

Ելույթով հանդես եկավ նաեւ Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունը՝ բարձր գնահատելով գրքի եւ նման հրատարակությունների դերը բարեկամ երկրները միմյանց ավելի ճանաչելի դարձնելու գործում։ Բոլոր ներկաները՝ ի դեմս դեսպանի, շնորհավորեցին չին ժողովրդին անկախության տոնի առթիվ։ Շնորհանդեսի ավարտից հետո մեր թղթակիցը Սերգո Երիցյանին խնդրեց ավելի մանրամասն ներկայացնել գրքի ստեղծման պատմությունը եւ բովանդակությունը։

– Ես ուզում եմ ասել, որ այս գիրքը ձեր սեղանին չէր լինի, եթե աշխարհին չսպառնար կորոնավիրուսը, եւ վարակը չտարածվեր հողագնդով մեկ։ Ասում են, որ նման դեպքերում փրկության ձեւերից մեկը ինքնամեկուսացումն է, եւ փրկօղակներից մեկը կարող է լինել ընթերցանությունը՝ մասնավորապես գեղարվեստական գրականության։ Շարունակվում է տեղեկատվական հոսքը հողագնդի տարբեր վայրերից եւ շատ դեպքերում նաեւ մարդկային անզորության մասին։ Այս դեպքերում ձեռքդ ակամա տանում ես դեպի սեղանին դրված գրքերից մեկը, ուր ամփոփված են չինական ասացվածքներ, առածներ, ասույթներ։ Ընթերցում ես, ու չինական իմաստնությունը կտրում է քեզ այսօրվա իրականությունից, եւ մտովի տեղափոխվում ես Չինաստան։ Շարունակում ես ընթերցել գիրքը ու չգիտես ինչու բարձրաձայն, նաեւ ցանկանալով, որ այն հնչի հայերենով։ Այստեղ էլ թուղթ ու գրիչն ու համակարգիչն են օգնության գալիս։ Եվ շարունակում ես կարդալ ու թարգմանել՝ ձգտելով մոտիկ ու հարազատ դարձնել չինական իմաստնության նմուշները։ Այս ամենը քեզ հնարավորություն է տալիս մտովի հազարավոր կիլոմետրեր կտրել, գնալ, հասնել Չինաստան, որի հետ բարեկամությունը եւ համագործակցությունը հազարամյակների պատմություն ունի։

Ժողովածուում ներկայացվում է բազմաթիվ՝ համարյա թե կյանքի եւ իրականության բոլոր ոլորտներն ընդգրկող բանահյուսություն՝ չինական իմաստնության տիպական դրսեւորումներով։ Դրանք առնչվում են մարդու լինելությանը, նրա կյանքին, առողջությանը ու դրա պահպանությանը։ Այդ ամենից ոչ պակաս կարեւոր են մարդու փոխհարաբերությունները՝ ընտանիքը, հասարակությունը, ազգակցական կապերը։ Հաջորդ ուղղություններն առնչվում են մարդու լեզվին, խոսքին, գիտելիքին, փորձին ու հմտությանը, նրա կյանքին ու կեցությանը՝ հարստություն, աղքատություն, խնայողություն, ժլատություն, ծերություն, հիվանդություն, մահ եւ հավերժություն։ Ինչ խոսք, որ բանահյուսության համառոտ դրսեւորումներն անգամ դիպուկ ու հասցեական ներառում են ժողովրդի հավաքական իմաստությունը, շրջահայեցությունը՝ դրան հավելելով մարդկային արժեհամակարգի բազմաթիվ դրսեւորումներ՝ զգուշությունը, համբերությունը, բարությունը, երջանկությունը, ուրախությունը եւ, իհարկե, այն ամենը, ինչը ուղեկից է լինում մարդուն ողջ կյանքի ընթացքում։

Աշխարհի ցանկացած ժողովուրդ ունի իր լինելության խոհափիլիսոփայությունը ասացվածքների, առածների, ասույթների, թեւավոր խոսքերի եւ արտահայտությունների տեսքով։ Ինչ խոսք, չինականը հարուստ է եւ առանձին դեպքերում տարբերվում է ընդհանուրից։ Ներկայացվող շատ ասույթներ հույսի եւ հավատի, արարչագործության ու հավերժության ուղերձների հզոր լիցքեր են պարունակում։ Իսկ նման փիլիսոփայությամբ գրականությունն անհրաժեշտ է ցանկացած մարդու, ով հայտնվում է դժվարին վիճակներում։ Այս դեպքերում էլ չինական բանահյուսության եւ իմաստնության նմուշները կարող են հուսո աստղեր եւ նեցուկ դառնալ ցանկացած մարդու համար՝ անկախ ազգային պատկանելությունից ու երկրից, ինչպես դրանք եղան ինձ համար, երբ սկսեցի ընթերցել, ապա հայերենի փոխադրել չինական բանահյուսության այս նմուշները։

Այս ընթացքում ձգտում էի ոչ միայն զուգահեռներ փնտրել հայ եւ չինական, այլ ժողովուրդների բանահյուսության միջեւ, այլեւ հասկանալ պատմական փոխհարաբերությունների զարգացումները եւ միտումները, նորօրյա համաշխարհային իրողությունները, երբ հազարամյակների ձեռք բերածը կարելի է կորցնել շատ կարճ ժամանակահատվածում։ Բայց այս ամենի կողքին կա բարեկամ չին ժողովրդի փորձը, որ ցանկացած նման չարիք կարելի է հաղթահարել մի բռունցք դառնալով, պատվով ու արժանապատվությամբ։ Դեռ ավելին, պետք է կանգնել դժվարության մեջ գտնվողի կողքին՝ ինչպես արեց Չինաստանը. դեռ սեփական ցավերից չապաքինված՝ օգնության շտապեց Իտալիայի ժողովրդին: Հիմա մնում է, որ աշխարհը հաղթի, վերացնի ցանկացած նման չարիքի ծնունդը։ Կգա եւ դասեր քաղելու ժամանակը՝ նաեւ մեր չինացի բարեկամներից։ Մի փոքր ժամանակ կանցնի, եւ չին ժողովրդի բանահյուսական միտքը նոր ասելիքի հիմք կդառնա՝ դասեր թողնելով գալիք սերունդներին այն մարտահրավերների եւ վտանգների մասին, որով անցան չին ժողովուրդը եւ աշխարհի բոլոր երկրները, ավելի հակիրճ՝ համայն մարդկությունը։ Իսկ այս գիրքը համարենք հիշատակի տուրք այն բազմահազար զոհերի հիշատակին, որոնք իրենց մահկանացուն կնքեցին աշխարհի տարբեր երկրներում: Դասեր պետք է քաղել 21-րդ դարի այս փորձությունից՝ հավերժության ճանապարհը անցնելու եւ շարունակելու համար։

Ներկայացվող գրքի համար հիմք է ծառայել 1962 թվականին Մոսկվայում հրատարակված «Չինական ժողովրդական ասացվածքներ եւ առածներ» գիրքը, որն ավելի ամբողջական է ներկայացնում չինական իմաստնության դրսեւորումները:

Կազմողը հետեւել է նաեւ նմանօրինակ այլ հրատարակությունների, որոնցում ներկայացված են չինական բանահյուսության այս եւ նման դրսեւորումները, բայց ավելի ամբողջական է համարվել ներկայացվող տարբերակը: Թարգմանությունը իրականացվել է ռուսերենից՝ սկզբունքորեն հնարավորություն չունենալով բարձրակարգ թարգմանություն ապահովել ուղիղ չինարենից: Ավելորդ չենք համարում կրկնել եւ հիշեցնել, որ Հայաստանում չինարենի նկատմամբ հետաքրքրության աճի պայմաններում պետք է նպատակային քայլեր կատարել ժամանակի ընթացքում հայ-չինական եւ չին-հայկական թարգմանչական դպրոց ստեղծելու եւ զարգացնելու համար, որպեսզի ստիպված չլինենք դիմել միջնորդ լեզուներին՝ չինական գրականությունը հայերենի վերածելու եւ հայկականը՝ չինարենի: Ինչ խոսք, որ այս գործով ավելի նախանձախնդիր պիտի լինեն բարեկամ լեզուների ուսուցմամբ զբաղվողները եւ պատասխանատուները, նաեւ նրանք, ում համար թանկ են հայ-չինական պատմական հարուստ անցյալ ունեցող բարեկամության շարունակությունը եւ ապագան:

«Առավոտ» օրաթերթ
02.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031