Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մշակութային եւ գիտակրթական հսկա աշխարհ է օկուպացվել Շուշիում

Հոկտեմբեր 04,2021 15:00

Ընթացիկ ուսումնական տարում Արցախի մոտ 6000 աշակերտների կրթական իրավունքը մնում է ոտնահարված. 2020թ.-ին Արցախի դեմ ծավալված ադրբեջանաթուրքական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետեւանքով 1613 ուսուցիչներ մնացել են առանց բնակության վայրի՝ ուսումնական տարին չդիմավորելով սեփական կրթօջախում։

«Առավոտ»-ի հետ զրույցում Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն ասում է, որ մոտ 3000 ուսանողի, որոնք դասի էին գնում Շուշիում, կրթական իրավունքը եւս շարունակում է ոտնահարված մնալ։ «Հիմա կառավարությունը լուծում է այդ ուսանողների համար նոր ուսումնական շենքերում տեղ հատկացնելու հարցերը, բայց պատերազմից հետո մենք փորձել ենք կազմակերպել ուսումնական գործընթացները։ Իրականում պատերազմի հետեւանքով նաեւ գիտական մեծ կորուստներ ենք ունեցել՝ լաբորատորիաներ, նյութատեխնիկական բազաներ։ Այդ ամենը մնացել է Շուշիում։ Նկատի ունեմ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի նորակառույց շենքը՝ լաբորատոր սարքավորումներով, նյութատեխնիկկան հարուստ բազայով»,-փաստում է նախարարը։ Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ Շուշիում թշնամու վերահսկողության տակ են մնացել նաեւ տարածաշրջանում եզակի նախնական մասնագիտական-արհեստագործական հաստատությունը՝ Եզնիկ Մոզյան ուսումնարանն իր գույքով, նաեւ՝ Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտի եւ հումանիտար քոլեջի նյութատեխնիկական բազաները, երկու մեծ դպրոցներ, որտեղ սովորում էին վեց հարյուրից ավելի աշակերտներ։ «Մի մեծ մշակութային, կրթական, գիտական աշխարհ է օկուպացվել Շուշիում»,-ասում է նախարարը։

Լուսինե Ղարախանյանը նաեւ նշում է՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ն օժանդակում է Արցախի գործընկերներին՝ Ադրբեջանի կողմից օկուպացված շրջաններից տեղահանված աշակերտների կրթական կարիքները հոգալու հարցում. «Հայաստանի մասնավոր դպրոցները եւս տեղեր են հատկացրել Արցախի աշակերտներին՝ անվճար հիմունքներով»։ Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի շրջաններում մնացել է նաեւ հսկա գրադարանային ֆոնդ՝ 618 000 գրքով։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031