Ազգային ժողովի պատգամավորները Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ պարգևատրվել են պաշտոնային դրույքաչափի 75%-ի չափով, իսկ ԱԺ աշխատակազմի 503 աշխատակից պարգևատրվել է պաշտոնային դրույքաչափի 100%-ի չափով:
ԱԺ աշխատակազմից հրաժարվում են հայտնել, թե որքան է կազմել խորհրդարանի պարգևատրման ընդհանուր գումարը՝ պատճառաբանելով, թե աշխատակցի պարգևատրման չափի մասին տեղեկությունն անձնական տվյալ է եւ այն տրամադրելու համար անհրաժեշտ է նրա համաձայնությունը:
Մեր դիտարկումը, թե աշխատակազմի մեծ մասը եկամուտների հայտարարագիր է ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, և այդ տվյալները, այսպես թե այնպես, հաջորդ տարի հանրայնացվելու են, արդյունք չտվեց: Բացի այդ, մենք խնդրել էինք հայտնել պարգևատրման ընդհանուր գումարի չափը՝ առանց նույնականացնելու աշխատակիցներին, իսկ դա չի կարող գաղտնի պահվել:
Մենք ինքներս հաշվեցինք, թե մոտավորապես որքան է կազմել պարգեւատրումների ֆոնդը պատգամավորների եւ ԱԺ նախագահի աշխատակազմի համար:
Կարդացեք նաև
Պատգամավորների աշխատավարձը հաշվարկվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով: Գոյություն ունի բազային աշխատավարձ (66140 դրամ), որը բազմապատկվում է համապատասխան գործակցով: Զբաղեցրած կարգավիճակով պայմանավորված՝ պատգամավորների աշխատավարձերը տարբեր են: Պատգամավորի աշխատավարձի 75% դրույքաչափը 496 հազար դրամ է (հարկերը ներառյալ):
ԱԺ փոխնախագահների աշխատավարձի 75%-ը 694 հազար դրամ է, փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանի, Հակոբ Արշակյանի, Իշխան Սաղաթելյանի (ընդդիմությունը հայտարարել է այդ գումարները բարեգործությանն ուղղելու մասին) պարգևավճարների հանրագումարը՝ 2 մլն դրամ:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աշխատավարձը 1 մլն 190 հազար դրամ է` հանրապետությունում երկրորդ բարձր աշխատավարձը նախագահից հետո (նույնքան էլ վարչապետի աշխատավարձն է): Ալեն Սիմոնյանն անկախության 30-ամյակի առթիվ պարգեւատրվել է 890 հազար դրամով:
ԱԺ նախագահի գրասենյակում աշխատում է 8 անձ՝ 2 խորհրդական, 3 օգնական, 1 ռեֆերենտ, 1 մամուլի քարտուղար: Քանի որ աշխատակազմը պարգևատրվել է 100% դրույքաչափով, վերջիններիս պարգևատրման հաշվարկը կատարել ենք հենց աշխատավարձի չափով: 2 խորհրդականներին վճարվել է 1 մլն 250 հազար, 3 օգնականներին՝ 1 մլն 580 հազար դրամ, 529 հազար՝ մամուլի քարտուղարին, 396 հազար՝ ռեֆերենտին: Ալեն Սիմոնյանի գրասենյակի պարգևատրման գումարը կազմել է 3 մլն 755 հազար դրամ:
Ընդհանուր առմամբ` պատգամավորների և ԱԺ նախագահի գրասենյակի պարգևատրումները գերազանցել են 60 մլն դրամը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում